Ասում է անվանի ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը
«Երբեք ոչինչ չպետք է անել, ամեն ինչ ինքնըստինքյան է լինում: Եթե ֆիլմի նկարահանման առաջին յոթ օրվանից հետո այն քեզ տանջալից է թվում, ուրեմն ֆիլմդ արդեն չստացված է»,- ասում է հայտնի ռուս կինոռեժիսոր Սերգեյ Սոլովյովը:
Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում, «Ոսկե ծիրանի» շրջանակներում, կայացավ ռեժիսորի «Աննա Կարենինա» ֆիլմի երեւանյան պրեմիերան: Երեկ էլ Տիկնիկային թատրոնում կինոգործիչը վարպետության դաս անցկացրեց ապագա կինոգործիչների եւ կինոսիրողների հետ:
«Չեմ ուզում սա դաս համարել, քանի որ վարպետության դասերի ժամանակ միշտ ինչ-որ մեկը կանգնում եւ ասում է՝ այսպես է պետք անել, այնպես, սա ճիշտ է, սա՝ ոչ: Ոչ ոք չի կարող ասել՝ ինչն է ճիշտ լավ կինո նկարելու համար, ինչպես անել, որ այն հանդիսատես հավաքի: Չեմ ուզում եւ չեմ սիրում երիտասարդությանը խորհուրդներ տալ, քանի որ համարում եմ՝ նրանք դրա կարիքը չունեն»:
Նրա խոսքով. «Չեմ հասկանում այն ռեժիսորներին կամ կինոգործիչներին, ովքեր դժգոհում են՝ ինչ բարդ է, տանջալի է, մեծ ջանքեր եմ թափում ֆիլմի վրա… ֆիլմ նկարելիս պետք է «կայֆ» ստանալ: Իսկ եթե կինո ստեղծելը այդքան բարդ է, տանջվում ես, ուրեմն Աստված քեզ հետ, մեկ այլ գործով զբաղվիր»: Կինոռեժիսորը պատմեց, որ մինչեւ 13 տարեկանը կինոյի հետ ապագա կապելու ծրագրեր եւ ցանկություն չի ունեցել. «Ես երազում էի սուզանավի վրա աշխատել, շատ էի սիրում այդ մասին ֆիլմեր դիտել, երազում էի ծովային հագուստ կրել: Մի օր Լենինգրադի «Սալյուտ» կինոթատրոնում պատահական դարձա «Թռչում են կռունկները» ֆիլմի հանդիսատես: Ֆիլմի ավարտին միայն զգացի, որ ասես արբեցած լինեմ, քանի որ գլուխս պտտվում էր, ուղեղս ծանրաբեռնվել էր: Ֆիլմն ինձ դուր չէր եկել, բայց ինչ-որ մի անհասկանալի բան ինձ անընդհատ ստիպում էր մտածել, թե ինչպես եմ նստել եւ դիտել ֆիլմը: Դրանից մի քանի օր անց, կրկին չգիտեմ որտեղից, ձեռքս ընկավ կինոարվեստի մասին մի ամսագիր, որը երկար ժամանակ «քրքրեցի»: Այդ ժամանակից ի վեր ես վերջնականապես որոշում կայացրի՝ դառնալու եմ կինոյի մարդ, ուրիշ ոչինչ»:
13 տարեկանում Պետերբուրգում գտնվելը Սոլովյովի համար ճակատագրական է եղել. «Ծանոթացա հայտնի մի լուսանկարչի հետ: Նրա օգնությամբ Լենինգրադի մի գրադարանից գնեցի Ռենե Կլերի՝ «Մտորումներ կինոարվեստի շուրջ» գիրքը, որի մի տողը ինձ ուղեկցեց ողջ կյանքում եւ այդ տողի բացատրությունը ես գտա միայն «Աննա Կարենինա» ֆիլմի էկրանավորումից հետո: Ռենե Կլերը գրում է՝ եթե ֆիլմում գտնում ես գոնե երկու րոպե իրական, մաքուր կինո, ուրեմն դա գլուխգործոց է եւ արժե հանուն դրա ֆիլմդ մի քանի անգամ վերանայել: Կլերը տալիս է այդ «գոնե երկու րոպե»-ի բացատրությունը նույնպես. ձեռքդ մտցրու ջրի մեջ եւ շարժիր մատներդ, եթե ջրի վրա պղպջակներ առաջացան եւ դու կարողացար այն նկարել խցիկով, ուրեմն ստեղծել ես իրական կինո: Ես այդ տողերը կարդացի եւ ոչինչ չհասկացա: Մինչեւ «Աննա Կարենինան» էկրանավորելու մտահղացման համարձակություն ձեռք բերելը, ես մտատանջվում էի այդ տողերի շուրջ, որոնք կարդացել էի 13 տարեկանում: Ֆիլմի նկարահանման ժամանակ ես Տատյանային՝ Աննայի հերոսուհուն խնդրեցի իրականացնել Ռենեի տողերը, ես այդ ամենը դրեցի ֆիլմում ու հասկացա, որ այդ մի քանի րոպեն, երբ Աննան ձեռքով խաղում է ջրի հետ, ինձ համար դարձավ իրական կինո»:
Հարցին՝ ի՞նչ է կինոն իր համար, Ս. Սոլովյովն ասաց. «Հաճույքի արվեստը: Ես հաճույք եմ ստանում կինո նկարելիս: Երբեք ֆիլմ նկարելիս իմ առաջ որեւէ նպատակ չեմ դնում, չհաշված գումար աշխատելն ու հաճույք ստանալը»: Անդրադառնալով դերասաններին, Ս. Սոլովյովը նշեց. «Չեմ սիրում այն հարցը, երբ ասում են՝ ինչպե՞ս եք աշխատում դերասանների հետ: Ես դերասանների հետ չեմ աշխատում, ես նրանց վարձատրում են: Դերասանների հետ միայն հոգեբուժարանի աշխատակիցները կարող են աշխատել կամ ինքդ պետք է հոգեկան լինես, որպեսզի նրանց հետ աշխատես: Երբեմն զարմանում եմ ֆիլմի ստեղծագործական անձնակազմի աշխատաոճի վրա: Ինձ նյարդայնացնում են քասթինգները, որոնք կազմակերպվում են դերասանների ընտրության համար. չեմ հասկանում, տրամաբանությանս մեջ չի տեղավորվում, երբ ռեժիսորը լուրջ դեմքով սցենարիստի հետ նստում եւ հետեւում է, թե ինչպես սեւ, սպիտակ եւ շեկ մարդիկ մարմնավորում են դերը: Էլ ի՞նչ կինոգործիչ ես, եթե սցենարը գրելիս, կարդալիս նախօրոք չես պատկերացրել քո հերոսին, նրա տիպաժը…»: