Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Հուլիս 16,2009 00:00

Հայրենիքում է Ժնեւի Grand Theatre-ի մեներգչուհի Վարդուհի Խաչատրյանը

Շվեյցարական օպերային արվեստի վրա մեծ ազդեցություն են թողել ֆրանսիացիները, գերմանացիները:

Հայ երգչուհին ինչպե՞ս է իրեն զգում մշակույթների տարբեր հիմքեր եւ ազդեցություններ ունեցող միջավայրում: Այս հարցով էլ «Առավոտը» սկսեց զրույցը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի օպերային թատրոնի նախկին, այսօր արդեն Ժնեւի Grand Theatre-ի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Վարդուհի Խաչատրյանի հետ:

«Շուրջ տասը տարի պրոֆեսիոնալ բեմում եմ եւ հասցրել եմ շփվել, բեմ բարձրանալ արեւմուտքի տարբեր ավանդույթներ ունեցող մի քանի օպերային թատրոններում: Ինչ վերաբերում է Ժնեւի թատրոնին, ասեմ, որ շվեյցարական օպերային արվեստի հիմքը կազմում են ֆրանսիականն ու գերմանականը: Շուրջ երկու տարի է, ինչ Grand Theatre-ի մեներգչուհի եմ, որտեղ հանդես եմ եկել Օրլովսկու դերերգով՝ Յոհան Շտրաուսի «Չղջիկը» օպերայում: Ունեցել եմ նաեւ մենահամերգներ եւ հանդես եկել եվրոպական այլ թատրոններում: Հատկապես ուզում եմ նշել հունիսին Ժնեւի թատրոնում մենահամերգիս եւ «Երաժշտության տոն» ավանդական հայտնի փառատոնին մասնակցությանս մասին: Բոլոր մենահամերգներիս ծրագրերում ընդգրկում եմ նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Օրինակ, վերջերս զուտ իտալացի կոմպոզիտորների երկերից կազմված համերգում ներկայացրի Լուչիանո Բերիոյի մշակմամբ հայկական «Լուսինն ելավ»-ը, որը կոմպոզիտորը նվիրել է իր կնոջը՝ աշխարհահռչակ երգչուհի Քեթի Բերբերյանին»,- հայտնեց Վ. Խաչատրյանը: Ասաց նաեւ, որ թեեւ այս այցին ելույթ չի ծրագրել, սակայն շուրջ 15 տարի իր անփոփոխ կոնցերտմայստեր, Երեւանի պետկոնսերվատորիայի դոցենտ Աննա Մանդալյանի հետ պատրաստում են միանգամից մի քանի ծրագիր, այդ թվում՝ նախապատրաստվում են Ստրասբուրգում կայանալիք մենահամերգին, սեպտեմբերին Աթենքի «Մեգարոն» սրահում սիմֆոնիկ նվագախմբի հետ երեկոյին՝ նվիրված մեծանուն երգչուհի Մարիա Կալասի մահվան տարեդարձին. «Դաշնակահարուհի-կոնցերտմայստերիս հետ պատրաստում եմ նաեւ Ներոնի դերերգը Մոնտեվերդիի «Պոպպեայի թագադրումը» օպերայում, որի կատարումով հանդես կգամ Ժնեւի թատրոնում եւ Ֆրանսիայի «Ամբրոնե» ամենամյա բարոկկո օպերային արվեստի փառատոնում»:

Երգչուհին կեսկատակ հավելեց նաեւ, որ Շվեյցարիայում ապրելու ու ստեղծագործելու իր նշանակալի ձեռքբերումը որդու՝ Ավետիքի լույսաշխարհ գալն է. «Մեկամյա տղայիս այս օրերին ծանոթացնում եմ հարազատներիս, մտերիմներիս, ինչպես նաեւ Հայաստանի հետ: Սա էլ աշխատանք է (ծիծաղում է-Ս. Դ.)»: Չհարցրինք, թե Շվեյցարիայում գտնվելու ժամանակահատվածում հրավեր եղե՞լ է Երեւանի օպերային թատրոնից, եւ ե՞րբ է հանդես գալու մեր թատրոնում, փոխարենը հետաքրքրվեցինք՝ երգչուհու երկացանկում կա՞ մի դերերգ, որը կուզենար ներկայացնել հայաստանյան ունկնդրին: Վ. Խաչատրյանը պատասխանեց, թե ինքը լսել է, որ Երեւանի օպերային թատրոնում բեմադրվել է Ալ. Սպենդիարյանի «Ալմաստը» եւ սիրով հանդես կգար գլխավոր հերոսուհու դերերգով. «Գիտեմ նաեւ, որ պատրաստվում է բեմադրության Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան, որում դարձյալ սիրով կկատարեի Աննայի դերերգը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել