Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՐՍ ՏՆԻՑ ՉԵՄ ԲԵՐԵԼ…

Հուլիս 16,2009 00:00

Երեկ Արարատի մարզպետարանում կայացած մարզի դպրոցների տնօրենների հավաքի ժամանակ փոխմարզպետ Սամվել Մինասյանը տեղեկացրեց, որ մարզի գյուղերից մեկի դպրոցի տնօրենը հրաժարականի դիմում է գրել, երբ բացահայտվել է, որ այդ դպրոցում աղանդավորները ազատորեն քարոզում են: «Ուսուցիչներ կան, որ երեխաներին հավաքում, քարոզներ են անում: Ավելին, ուսուցիչներից մեկը առաքելական եկեղեցու սպասավորին ասել է՝ նրանք մեր մանկապարտեզները, դպրոցներն են վերանորոգում, դուք մեզ ի՞նչ եք տվել, որ… Հոգեւորականը պատասխանել է՝ այդ լեզուն, որ այդպես խոսում ես, այս հողը, որի վրա կանգնած ես, այս հայրենիքն է տվել ձեզ մեր եկեղեցին, որի համար ձեր պապերը արյուն են թափել…»,- պատմեց Ս. Մինասյանը, ապա խոսքը տվեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վարդան աբեղա Նավասարդյանին, որն ասաց. «Եկեղեցի ասելով՝ մի հասկացեք հոգեւորականին: Ես այս եկեղեցին հորս տնից չեմ բերել, եկեղեցին մեր պապերի, ապուպապերի հավատքն է… Աղանդը ոչ միայն եկեղեցուն է վտանգում, այլեւ մարդկային նորմերը… Աղանդները մերժում են ընտանիքը. եթե մայրը թույլ չի տալիս, որ իր հիվանդ երեխային արյուն ներարկեն, ինչի՞ մասին է խոսքը… Եթե թխսկան հավի տակից ճուտը վերցնես, հավը քեզ կբզկտի: Հապա իրենից գողացված զավակների համար եկեղեցին, որ մայրն է այս ժողովրդի՝ չնեղվի՞:Մի թույլ տվեք դպրոցները աղանդի բույն դարձնեն: Երեխաները թող ավարտեն դպրոցը՝ ինչ ուզում են, թող անեն՝ թեկուզ բուդդայական դառնան… Մենք քարոզչություն չենք անում, մենք լուսավորում ենք ժողովրդին իր իսկ հավատքը, թող ճանաչեն, իմանան, հետո իրենք կընտրեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել