Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից՝ միջին միավորներ

Հուլիս 16,2009 00:00

Լեզուների բանավոր քննություններն էլ չեն փայլի «20»-ներով

Երեկ ՀՊՃՀ-ում, ԵՃՇՊՀ-ում, ՀՊԱՀ-ում մեկնարկեցին հայոց լեզու, անգլերեն, իտալերեն, ռուսաց լեզու առարկաներից բանավոր քննությունները: «Առավոտը» ներկա եղավ որոշ քննությունների եւ պարզեց, որ այս քննությունների արդյունքում էլ հավանաբար կգրանցվեն միջին միավորներ: Նախ այցելեցինք ԵՃՇՊՀ, որտեղ անգլերենի բանավոր քննությունն էր: Մինչ անգլերեն բանավոր քննության առարկայական հանձնաժողովի նախագահ Ելենա Երզնկյանի հետ զրուցելը, ականատես եղանք, որ մի դիմորդ լացակումած դուրս եկավ քննասենյակից, քանի որ «12» էր ստացել: Նախագահից հետաքրքրվեցինք՝ խի՞ստ են վերաբերվում, որ որոշ դիմորդներ հուզվում են: Նա պատասխանեց. «Այդ պատասխանը չեմ լսել, քանի որ նախագահը մասնակցում է միայն բարձր եւ անբավարար գնահատականների հավակնող դիմորդների պատասխանին: Բայց այդ դիմորդը «12»-ի է պատասխանել, դրա համար էլ այդ գնահատականն է ստացել»: Հետաքրքրվեցինք՝ իրենք խնդիր ունե՞ն միջին գնահատականներ ապահովելու, ինչպես միասնական քննությունների ժամանակ. «Մենք այդպիսի խնդիր չունենք, պարզապես քննական նյութերն ենք ընտրել դպրոցական ծրագրի համաձայն»: Բանավոր քննության հարցատոմսում ընդգրկված է 2 հարց՝ անծանոթ տեքստ, որը երեխան պիտի ընթերցի, որից մի հատված տրվում է գրավոր թարգմանության համար, հետո հարցուպատասխանի միջոցով ստուգվում է՝ ինչպես է ընկալել այն դիմորդը: Մյուս հարցում ընդգրկված է մի թեմա, որի շուրջ պիտի դիմորդը խոսի:

Հետաքրքրվեցինք՝ դիմորդները հիմնականում ինչի՞ց են կաղում: Ել. Երզնկյանը պատասխանեց. «Խոսակցականն էլ է դժվարություն, քանի որ երեխաները «բարիեր» պիտի հաղթահարեն, թարգմանությունը եւս դժվարություն է առաջացնում»: Դիմորդ Մելանյա Նիկողոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Մինչ այժմ գրանցված գնահատականներով դատելով՝ կլինի միջին մակարդակ: Բանավոր քննության այս ձեւը լավ է, քանի որ լեզվաբանական բաժին ենք տալիս, որտեղ բանավորն իր տեղն ունի: Միայն թե երբեմն հանձնաժողովի անդամների տված հարցերից շփոթվում ենք»: Տաթեւիկ Խաչատրյանն էլ պատմեց. «Օրինակ՝ մեզ կարող են խնդրել նկարագրել այն երկրի փողոցները, որի մասին ենք պատմում, կամ թվարկել, թե փողոցներում ինչ է վաճառվում»: Զրուցեցինք նաեւ ծնող Գոհար Աբրահամյանի հետ, որը մյուս ծնողների հետ դիմորդների բարեկամների համար նախատեսվող սենյակում մոնիտորով հետեւում էր քննությանը. «Մի փոքր խշշոց է, բայց ընդհանուր առմամբ հնարավոր է այսպես հետեւել քննությանը: Երեխաս պատրաստված է, ուղղակի այսօր գլխապտույտով է եկել քննության»:

Այցելեցինք նաեւ ՀՊՃՀ-ում տեղակայված հայոց լեզվի եւ գրականության բանավոր քննության քննակենտրոն: Դիմորդ Անի Գալստյանը, որը «12» էր ստացել, մեզ ասաց. «Հիմնականում սյուժետային շատ հարցեր տվեցին, որպեսզի պարզեն՝ գործը կարդացել ենք, թե՝ ոչ: Գրականության դեպքում սյուժեի վրա են կենտրոնանում, հայոց լեզվի պարագայում՝ նախադասության գծակարգին եւ ձեւաբանության հարցերին»: Դիմորդ Արփինե Չոբանյանը, որը սպասում էր քննասենյակ մտնելու իր հերթին, ասաց. «Հանձնաժողովի ոչ մի նախագահ չի ցանկանա, որ տվյալ քննասենյակից որեւէ դիմորդ տխուր դուրս գա: Վստահ եմ, որ նրանք չեն ուզում որեւէ մեկին կտրել: Բայց հատկապես ապագա լրագրողի համար պետք է բանավոր քննությունը, քանի որ, եթե ուզում ես լրագրող դառնալ, պիտի շփվել կարողանաս»: Սոնա Սահակյանն էլ ասաց. «Այս օրը մեր կյանքում շատ բան է նշանակում, ուստի հնարավոր է այնքան հուզվենք, որ ողջ պարապածը ջուրն ընկնի: Դրա համար էլ թեստային համակարգն ավելի եմ գնահատում, այդ դեպքում դու ես, թեստն ու գրիչը»: Իսկ Աստղիկ Միքայելյանը նկատեց. «Քննությունն ինքնին սթրես է, թեստային համակարգն այնքան էլ վատը չէր, եթե չբարդացնեին: Իսկ բանավոր քննությունը կապված է նաեւ համակրանքի հետ, ուստի դիմորդը պիտի կարողանա իրեն դրսեւորել»:

Զրուցեցինք հայոց լեզու բանավոր առարկայական հանձնաժողովի նախագահ Ռիտա Սաղաթելյանի հետ: Նա նշեց, որ այս տարի առաջին անգամ մշակվել են հատուկ չափորոշիչներ, որոնք կապահովեն միասեռ գնահատականներ եւ օբյեկտիվություն. «Տեսական հարցերից բացառել ենք բայահիմքերը, քանի որ դա բարդ հարց է, ուստի միջին գնահատականի հավակնող դիմորդը բայահիմքը կարող է նաեւ չիմանալ, բայց եթե բարձր միավորի է հավակնում, պարտավոր է դա իմանալ, ինչպես նաեւ երկրորդական նախադասության բնույթը»: Լրագրողներին հետաքրքրեց՝ տղաներին առավելություն կտրվի՞: Ռ. Սաղաթելյանը պատասխանեց. «Առայժմ մեկ տղա կա, մեր բանակին տղաներ կնվիրեմ, եթե նրանք ընդհանրապես անպատրաստ գան: Թող չօգտվեն առիթից, որ տղա են եւ անպատրաստ գան, թող պատրաստվեն, կլինեն զիջումներ, բայց ոչ մի տղա լավ աղջկա տեղը չի զբաղեցնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել