Արարատի մարզի դպրոցների տնօրենները «վախեցան» «Հանրակրթության մասին օրենքից»
«Դե լավ, հերիք ա, շոգ ա, դուք ուրիշ բանուգործ չունե՞ք»,- այսպես էին իրենց հետաքրքրասեր գործընկերներին սաստում Արարատի մարզի դպրոցների մի քանի տնօրեններ, որոնք, ի շարս մարզի թվով 112 դպրոցների տնօրենների, երեկ հավաքվել էին մարզպետարանում, որտեղ կայանում էր նրանց հանդիպումը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի հետ: Տիկին Բախշյանը սեփական նախաձեռնությամբ որոշել է ՀՀ մարզերի դպրոցների տնօրեններին, մանկավարժներին ներկայացնել հուլիսի 10-ին ԱԺ-ում երրորդ ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին ՀՀ օրենքը»: Առաջինը տիկին Բախշյանի նախաձեռնությանը արձագանքել էր Արարատի մարզը: Հուլիսի 17-ին կկայանա պատգամավորի հանդիպումը Արագածոտնի մարզի դպրոցների տնօրենների հետ, իսկ հուլիսի 21-ին նախատեսված է նմանատիպ հանդիպում Շիրակի մարզում:
«Հանրակրթության մասին օրենքում» բավականին սկզբունքային դրույթներ կան, որոնք համահունչ են այն կրթական բարեփոխումներին, որ ձեռնարկել է մեր երկիրը, սակայն ակնհայտորեն այս օրենքը մի գլուխ (եթե ոչ ավելի) բարձր է հանրակրթության առկա վիճակից եւ ընդհանրապես՝ հասարակական ընկալումից: Նրանք, ում անմիջականորեն առնչվում է այս օրենքը, ինչպես երեկ ցցուն կերպով զգացվեց Արարատի մարզում, դեռեւս պատրաստ չեն ընդունելու այն գաղափարները, որ ներառված են օրենքում:
Երբ Անահիտ Բախշյանը տեղեկացրեց հավաքվածներին, որ ըստ այս օրենքի մեծանում է նրանց անկախության եւ ինքնուրույնության աստիճանը, քանի որ դպրոցների կառավարման խորհուրդը այսուհետ ոչ միայն ընտրելու է տնօրենին, այլեւ նրա հետ կնքելու է աշխատանքային պայմանագիր, ինչը մինչ այժմ անում էր մարզպետը, տեղից տնօրեններից մեկը թե՝ «ապուշություն»: Տիկին Բախշյանը փորձեց բացատրել ներկաներին, որ դա արվում է իրենց շահի համար, որ այլեւս նրանք ստիպված չեն լինի անցնել մարզպետների թրի տակով, սակայն դա այնքան էլ չոգեւորեց տնօրեններին: Նկատենք, Արարատի մարզում տնօրենների գերակշիռ մեծամասնությունը խորհուրդներով չի ընտրված, այլ՝ նրանց հետ անժամկետ պայմանագրեր է ստորագրել մարզպետը: Տնօրենները պնդում էին, որ խորհուրդները կայացած ինստիտուտներ չեն, եւ մանավանդ գյուղերում խորհուրդները ձեւական բնույթ են կրում՝ «գյուղապետն ասում է՝ օրենքը ես եմ ու վսյո»:
Ոչ պակաս դժգոհություններ առաջացրեց օրենքի այն կետը, համաձայն որի՝ տնօրեններն այսուհետեւ պետք է քննություն հանձնեն (ամենայն հավանականությամբ՝ ոլորտին առնչվող մի շարք օրենքների վերաբերյալ)՝ ուսումնական հաստատության ղեկավար դառնալու հավաստագիր ստանալու համար, եթե, իհարկե, ունեն վերջին 10 տարվա մեջ 7 տարվա մանկավարժական ստաժ: Եվ միայն այդ դեպքում նրանք կարող են դիմել որեւէ դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար, այն էլ, եթե՝ կազմել են դպրոցի զարգացման լուրջ, մրցունակ ծրագիր: Ի դեպ, հավաստագիրն ուժի մեջ է 5 տարի, որից հետո պետք է նորը ստանալու համար նոր քննություն հանձնել, նույնիսկ եթե ընդամենը մեկ տարվա տնօրեն է: Այս դրույթն էլ հերթական «ծպ»-ոցների ու «ուֆ»-երի առիթ տվեց՝ «պահո՜, հիմա էլ արի՝ օրենք սովորի՝ որ քննություն տաս, նախագահի ընտրությունը սրանից ավելի հեշտ ա, էլի, սենց բան չի լինի…»: «Այդպես մի ասեք, մի ասեք՝ ոչ մի բան չի լինի: Այս օրենքը ձեր վահանն է, այն ձեզ պիտի պաշտպանի կամայականություններից, որ դուք կարողանաք ձեր դպրոցներում ստեղծագործել, ազատ աշխատել, երեխաների կրթության իրավունքն իրացնել: Այո, դպրոցների խորհուրդները դեռ չեն կայացել, բայց դրանք են ամենալավ տարբերակը, պետք է ձգտենք կայացնել դրանք: Ճիշտ այնպես, ինչպես մեր երկրում չի կայացել ժողովրդավարությունը, բայց դրանից լավ բան դեռ ոչ ոք չի հորինել, եւ ամեն ինչ պիտի անենք, որ մեր երկիրը կայանա որպես ժողովրդավարական պետություն»,- Ա. Բախշյանի այս խոսքերին դահլիճը հիմնականում անհաղորդ էր:
Սակայն պետք է նկատել, որ նրանց դուր եկավ օրենքի այն կետը, համաձայն որի՝ ուսուցիչները նույնպես մրցույթով են ընդունվելու: Այս դեպքում մի շատ լուրջ հարց բարձրացվեց, որին ԱԺ պատգամավորը խոստացավ հետամուտ լինել: Բանն այն է, որ հաճախ տնօրենները ստիպված են լինում աշխատանքի ընդունել միջին մասնագիտական հաստատության (ասենք՝ Արարատի կամ Արտաշատի պետական քոլեջի) կիսագրագետ շրջանավարտին, որի դիպլոմի մեջ գրված է «հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ» կամ «օտար լեզվի ուսուցիչ», թեեւ նա օտար լեզվով նույնիսկ կես պարբերություն չի կարող կարդալ, եւ փոխարենը իրավունք չունեն աշխատանքի վերցնել, ասենք, ԵՊՀ կամ ԵՊԼՀ շրջանավարտներին, որոնց ուսուցչի որակավորում չի տրվել:
Երբ տնօրենները հետաքրքրվեցին աշխատանքային շաբաթը 5 թե 6-օրյա է լինելու, տիկին Բախշյանը, օրենքի կետը ցույց տալով, ասաց՝ դպրոցն է որոշողը: Նրա կողքը նստած Արարատի փոխմարզպետ Սամվել Մինասյանը տնօրեններին թե՝ էդ արդեն մենք կորոշենք, ձեզ կասենք… Տիկին Բախշյանն էլ՝ ո՞նց թե կորոշեք, դուք իրավունք չունեք խառնվելու, ապա դիմեց դահլիճին՝ այ, եթե դուք օրենքին չծանոթանաք, ձեր իրավունքները չիմանաք, այ էսպես ձեր ձեռքից կխլեն ձեր ինքնուրույնությունը… ցավոք, տպավորությունն այնպիսին էր, որ նրանց ոչ մի ինքնուրույնություն էլ պետք չէ:
Է՛լ ավելի հետաքրքիր պատկեր էր, երբ տիկին Բախշյանը սկսեց ոգեւորությամբ պատմել ներառական կրթության մասին: «Տեղից մեր դպրոցների 70%-ը դեբիլներ են, մնում էր դրանց էլ բերենք…»,- այս եւ նմանատիպ ռեպլիկները դահլիճի տարբեր հատվածներից ապացուցում էին, թե դեռ որքան երկար է այս առաջադեմ օրենքը տառապելու քարացած կարծրատիպերով աշխատող մեր մանկավարժների ձեռքին՝ մինչեւ միս եւ արյուն ստանա…