Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Հուլիս 16,2009 00:00

\"\"2008 թ. օգոստոսն արմատապես փոխեց տարածաշրջանի իրադրությունը եւ նոր սյուժեներ ներմուծեց քաղաքական գործընթացների մեջ։

Պետք էր հասկանալ եւ վերլուծել այդ նորը, ուստի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) եւ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) համատեղ նախագծի շրջանակում անցկացվեց ու հրապարակվեց մասնագետների հետ հարցազրույցների շարք։

Երկու կողմի բոլոր փորձագետները համաձայն են, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2008 թվականի պատերազմը նշանակալի ազդեցություն թողեց Ադրբեջանում եւ Հայաստանում առկա իրադրության վրա եւ ընդհանրապես տարածաշրջանային գործընթացների վրա։ Նրանք միակարծիք են եւ այն հարցում, որ 2008 թվականի օգոստոսից հետո աբխազական եւ օսական հակամարտությունների կարգավորումը հետաձգվել է երկար ժամանակով եւ բոլոր առաջատար երկրների ողջ ուշադրությունը կսեւեռվի միայն ղարաբաղյան հակամարտության վրա։ Ճիշտ է, ադրբեջանցի փորձագետները ենթադրում են, որ տարածաշրջանի նոր իրադրությունը կտրուկ մեծացրել է Արեւմուտքի ուշադրությունը այլընտրական էներգետիկ նախագծերի իրականացման նկատմամբ եւ այդ առնչությամբ ավելացրել Ադրբեջանի դերն ու նշանակությունը (քաղաքագետ Զաֆար Գուլիեւ)։ Միեւնույն ժամանակ, Վրաստանի հետ պատերազմը եւ Ռուսաստանի մյուս գործողությունները հանգեցրին միայն վերջինիս թուլացմանը եւ հնարավորությունների նվազմանը՝ ազդելու ոչ միայն Ադրբեջանի, այլեւ նույնիսկ Հայաստանի հետ կապված իրադրության զարգացման վրա, որն այժմ խիստ խոցելի է եւ այդ պատճառով ստիպված էր դիմել Թուրքիայի հետ երկխոսության (քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկով)։

Հայ փորձագետները համաձայն են, որ օգոստոսյան պատերազմն ի հայտ բերեց Հայաստանի խոցելիությունը, եւ այնքան էլ դրական չեն գնահատում նախագահներ Ս. Սարգսյանի եւ Ի. Ալիեւի 2008 թվականի մոսկովյան հանդիպման արդյունքները («փաստաթուղթը Հայաստանին ոչինչ չտվեց» եւ այնտեղ չկա Լեռնային Ղարաբաղի ղեկավարների ստորագրությունը), բայց կատարում են այլ եզրակացություններ. ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ճանաչեցին Կոսովոն առանց Սերբիայի համաձայնության, իսկ Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիան եւ Աբխազիան՝ առանց Վրաստանի համաձայնության։ Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները ճանաչել են առանձին սուբյեկտների ինքնորոշման իրավունքը՝ անկախությունը, առանց այն երկրների համաձայնության, որոնք այդ սուբյեկտները համարում են իրենց մասը։ Ըստ այդմ՝ «Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Ադրբեջանի համաձայնությունն անհրաժեշտ չէ» («Դաշնակցություն» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Կիրո Մանոյան)։

Ադրբեջանցի փորձագետները կարծում են, որ այժմ հենց Հարավային Կովկասում է ծավալվել «Ռուսաստանի հետ Արեւմուտքի (ԱՄՆ) գլոբալ աշխարհաքաղաքական եւ էներգետիկ ճակատամարտը», ուստի երկու կողմի համար էլ Ադրբեջանը տարածաշրջանում խաղում է առանցքային դեր։ Հենց այդ պատճառով էլ տարածաշրջանում հակամարտող աշխարհաքաղաքական ուժերը 2008 թվականի օգոստոսից հետո սկսեցին ընդգծված ձեւով «սիրաշահել» հենց այդ երկիրը՝ փորձելով իրենց կողմը գրավել։ Աշխարհաքաղաքական եւ էներգետիկ կարեւորության մեծացման գործոնը Ադրբեջանին խոստանում է լավ քաղաքական եւ տնտեսական դիվիդենդներ, բայց այս «աշխարհաքաղաքական մենամարտում» նա պարտավոր է լինել շատ զգույշ (Զ. Գուլիեւ)։ Այդուհանդերձ, մեկ այլ փորձագետ (Ռ. Մուսաբեկով) վստահ է, որ Ադրբեջանը աշխարհաքաղաքական առճակատման մեջ կգտնի «ոսկե միջինը», կպահպանի արեւմտամետ կողմնորոշումը եւ չի հայտնվի «Ռուսաստանի ուղեծրում»։ Միեւնույն ժամանակ Ադրբեջանը չի դիմի «ռազմական գործողություններն սկսելու արկածախնդրության» եւ «հետեւողականորեն կմեծացնի սեփական տնտեսական, ռազմական գերազանցությունը եւ ճնշումը Հայաստանի վրա»։

Հայ փորձագետները մի քիչ այլ կերպ են գնահատում իրադրությունը. նրանք կարծում են, որ տարածաշրջանում իրադրությունը շատ փխրուն է, եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը կարող է սկսվել ամեն րոպե։ Մյուս կողմից, իհարկե, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն ունեն հետաքրքրություն տարածաշրջանի նկատմամբ, բայց հիմքեր չկան խոսելու «Հարավային Կովկասի երկրներով հատուկ հետաքրքրվածության» մասին (ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյան)։

Կողմերի տեսակետները տարբերվում են նաեւ օգոստոսյան պատերազմից հետո մեր տարածաշրջանում արտաքին խաղացողների դերի եւ քաղաքականության վերաբերյալ։ Բացառությամբ քաղաքագետ Թողրուլ Ջուվարլիի, մնացած ադրբեջանցի փորձագետները կարծում են, որ այդ պատերազմից հետո Ռուսաստանն ավելի շատ տանուլ է տվել եւ թուլացել, քան ձեռք բերել եւ ուժեղացել։ Ինչպես պատկերավոր նշել է Ալի Աբբասովը՝ «Ռուսաստանն արդեն «մի ոտքը» դուրս է հանել Հարավային Կովկասից, իսկ ԱՄՆ-ը «մի ոտքը» մտցրել է տարածաշրջան»։ Ադրբեջանցի փորձագետները նույնքան հոռետես են Ռուսաստանի գլխավորությամբ ստեղծված ՀԱՊԿ անդամ երկրների օպերատիվ արձագանքման ուժերի դերի եւ նշանակության հարցում։ Եվ շտապեցին հանգստացնել ադրբեջանցի հասարակայնությանը Ռուսաստանի եւ Թուրքիայի՝ 2008 թվականի օգոստոսից հետո ծայր առած մերձեցման առնչությամբ՝ այդտեղ չտեսնելով հատուկ սպառնալիք կամ «Անկարայի կողմից սեփական արեւմտամետ ռազմավարության վերանայում» (Զ. Գուլիեւ)։

Հայ փորձագետների դիրքորոշումը փոքր-ինչ այլ է. ընդհանուր առմամբ նրանք համաձայն չեն այն կարծիքին, թե օգոստոսյան իրադարձությունից հետո Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում նկատելիորեն թուլացել է։ Եվ ուրվագծվող Ռուսաստանի մերձեցումը Թուրքիային՝ եւս հայ փորձագետներին շատ չի անհանգստացնում, ոմանք էլ դրա մեջ Հայաստանի համար որոշակի օգուտ են տեսնում։ Նրանք նաեւ ավելի լավատես են ՀԱՊԿ երկրների Արագ արձագանքման ուժերի առնչությամբ, որոնք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության դեպքում, կկարողանան արդյունավետ օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ որպես ՀԱՊԿ-ի անդամի (քաղաքագետ Սերգեյ Սարգսյան)։

Միայն պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանն է կարծում, որ Սեւ ծովում ամերիկյան նավատորմի հայտնվելը խոսում է Ռուսաստանի որոշակի թուլության մասին, թեեւ նա այդ բանը բացատրում է օբյեկտիվ պատճառներով. «Ռուսաստանը չունի այն վիթխարի հնարավորություններն ու պաշարները, որ ուներ Խորհրդային Միությունը»։

Տարածաշրջանում Թուրքիայի դերի մեծացումը, նրա ակտիվությունը եւ գլխավորը՝ սկսված հայ-թուրքական բանակցությունները, անկասկած, շատ հրատապ եւ կարեւոր են հայ եւ ադրբեջանցի հասարակությունների համար։ Այս դեպքում եւս երկու հասարակություններում շատ բան ընկալվում է ոչ միանշանակ, եւ դա երեւում է նաեւ փորձագետների պատասխաններում։ Օրինակ՝ 2008 թվականի օգոստոսից անմիջապես հետո Թուրքիայի առաջարկած «Կովկասյան անվտանգության պլատֆորմը» ադրբեջանցի եւ հայ փորձագետների մի մասի կողմից (Ա. Աբբասով եւ Դ. Հովհաննիսյան) ընկալվում է որպես անիրատեսական եւ անկենսունակ։ Ընդ որում՝ Ա. Աբբասովն այդ գաղափարն ընկալում է որպես «Թուրքիայի եւ Ռուսաստանի՝ ԱՄՆ-ի եւ ընդհանրապես Արեւմուտքի վրա ազդելու գործիք, որի միջոցով երկու կողմերը ավելի շուտ կձգտեն լուծել սեփական խնդիրները»։ Իսկ ահա Թ. Ջուվարլին եւ Ս. Սարգսյանն այս հարցում ավելի լավատես են։ Ընդ որում՝ Թ. Ջուվարլին կարծում է, թե «Կովկասյան անվտանգության պլատֆորմը» ստացել է ԱՄՆ-ի հավանությունը, որը հույս ունի Թուրքիայի օգնությամբ ուժեղացնել սեփական ներկայությունը տարածաշրջանում։ Ավելի հեռու է գնում Սարգսյանը՝ մատնանշելով, որ «այդ նախաձեռնությամբ Թուրքիան մեծ հաշվով Ռուսաստանին առաջարկում է ազդեցության ոլորտների բաժանում Հարավային Կովկասի տարածաշրջանում» եւ «այդ առաջարկը հրապուրիչ է Ռուսաստանի համար»։ Ինչպես նաեւ Հայաստանի համար, քանի որ Վրաստանում Թուրքիայի (եւ Ադրբեջանի) ազդեցության ուժեղացումը հեռանկարում կարող է հանգեցնել «կենտրոնախույս տրամադրությունների ուժեղացման, իսկ հետագայում, հնարավոր է, երկրի վերածմանը դաշնության, չի բացառվում նաեւ՝ քայքայման»։

Փորձագետների մեծ մասը հավատում է, թե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը իրատեսական է եւ հեռու չէ։ Միայն Ս. Սարգսյանը չի հավատում այդ հեռանկարին՝ Թուրքիայի գործողություններն ընկալելով որպես պրոպագանդիստական արշավի մաս։ Առավել եւս նա չի հավատում, որ Թուրքիան կվատացնի հարաբերություններն Ադրբեջանի հետ, քանի որ դա հակասում է «Անկարայի կողմից իրականացվող նեոպանթյուրքիզմի երկարաժամկետ քաղաքականությանը»։ Նույնքան հոռետես է քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը, որը վստահ է, թե «Թուրքիան երբեք չի ցանկանա կորցնել այնպիսի մերձավոր, ռազմավարական դաշնակից, ինչպիսին Ադրբեջանն է», իսկ այդ գործընթացների արդյունքում ի հայտ եկած թուրք-ադրբեջանական հակասությունները «կրում են ժամանակավոր բնույթ եւ կառավարելի են այդ պետությունների ղեկավարների ու ժողովուրդների կողմից»։ Այսպիսի պատասխանները արտացոլում են Թուրքիայի քաղաքականության մասին հայ հասարակության մեջ լայնորեն տարածված հին առասպելներն ու կարծրատիպերը, այդ երկրում ընթացող լուրջ գործընթացների չըմբռնումը։

Բայց ադրբեջանական հասարակության մեջ էլ տարածաշրջանում Թուրքիայի նոր քաղաքականությանը շատ չափով վերաբերվում են հին առասպելների ու կարծրատիպերի հիման վրա։ Ընդ որում՝ ադրբեջանցի փորձագետների մեծ մասը կարծում է, թե հայ-թուրքական սահմանի բացումը եւ այդ երկրների միջեւ հարաբերությունների նորմալացումն առաջին հերթին ձեռնտու է Հայաստանին, որը դրանով իսկ կկարողանա բարելավել սեփական ծանր տնտեսական վիճակը։ Եվ ոչ միայն տնտեսական. «Մուսավաթ» կուսակցության ղեկավարներից մեկը՝ Սուլհադին Աքպերը, վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունների լավացումը ձեռնտու է բացառապես Հայաստանին, որ Թուրքիան չի կարողանա հասնել ինչ-որ բանի, առավել եւս չի կարողանա չեզոքացնել տխրահռչակ «հայկական լոբբին», բայց կկորցնի Ադրբեջանը։ Այնուհետեւ նա ներկայացնում է այն նախապայմանները, որ սկզբում պետք է ընդունի Հայաստանը, եւ որից հետո միայն կարելի կլինի սկսել հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը։ Թեեւ, ինչպես երեւում է մյուս փորձագետների պատասխաններից, Ադրբեջանում կարծում են, թե, չնայած Հայաստանի հետ սահմանի բացման հարցում պաշտոնական Բաքվի հետ տարակարծությանը, Թուրքիան հետագայում էլ կլինի Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը։

Ընդ որում՝ ադրբեջանցի փորձագետների մեծ մասը կասկածում է, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն կթողնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, քանզի Հայաստանը Ռուսաստանի «ֆորպոստն» է (քաղաքագետ Էլհան Շահինօղլու), իսկ Մոսկվան շահագրգռված չէ այդ հակամարտության կարգավորմամբ, քանի որ այդ ժամանակ «վերանում է Հայաստանում ռուսական ռազմակայանների անհրաժեշտությունը» եւ առհասարակ Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում («Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրով)։

Իր հերթին, հայ փորձագետների մեծ մասն այդ ամենին վերաբերվում է զգուշությամբ, ենթադրելով, որ կշահի հենց Թուրքիան, իսկ Հայաստանի համար դա հերթական մարտահրավերն է, եւ առայժմ շատ բան անորոշ է։ Նրանցից ոմանք էլ առաջ են քաշում սեփական նախապայմանները Թուրքիայի նկատմամբ, բայց ավելի շատ՝ Հայաստանի հարցում Ադրբեջանի քաղաքականության փոփոխման վերաբերյալ։ Թեեւ Ս. Մինասյանը կարծում է, թե հայ-թուրքական հարաբերությունների լավացումը «թույլ կտա, որ Հայաստանն ավելի հանգիստ նայի ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող հետագա բանակցություններին» եւ միաժամանակ «մասամբ կհանգստացնի Ադրբեջանին, քանզի այդ դեպքում Թուրքիան ավելի ակտիվորեն կներգրավվի Հարավային Կովկասում իրականացվող տարածաշրջանային նախագծերի մեջ»:

Ընդհանուր առմամբ՝ ադրբեջանցի եւ հայ փորձագետների հետ հարցազրույցները ցույց են տալիս, որ, չնչին բացառությամբ, նրանք միանման են գնահատում օգոստոսյան պատերազմից եւ հատկապես Թուրքիայի նախաձեռնությունից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը։ Կա ընդհանուր ըմբռնում այն մասին, որ նոր իրողությունները հերթական մարտահրավեր են տարածաշրջանի երկրների համար, բայց չկա վստահություն, թե այդ ամենը դրական ազդեցություն ունի կամ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի համար։

ԱՐԻՖ ՅՈՒՆՈՒՍՈՎ

Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտ

Նյութը տրամադրել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել