Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հուլիս 16,2009 00:00

\"\"Արդեն 3-րդ օրն է, ինչ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության 100-ից ավելի աշխատակիցներ շարունակում են գործադուլը: Մեքենավարների, ամրակապավորների, էլեկտրաքարշավարների ու պայթեցնողների համար տնօրինության մշակած բոնուսային ծրագրից դժգոհ մնացած այս մասնագիտությամբ աշխատողները երեկ էլ հրաժարվեցին մտնել հանք: Ինչպես նախորդ օրը, երեկ էլ ընկերության տնօրենը չէր թույլատրել գործադուլավորներին դարպասներից ներս մտնել, ուստի ստորգետնյա աշխատակիցները վաղ առավոտից իրենց գործադուլը սկսեցին կոմբինատի վարչական մասնաշենքի մուտքի մատույցներում: Ըստ գործադուլավորների՝ ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալետան սպառնացել է փակել հանքը ու ազատել աշխատակիցներին: Ըստ ձեռնարկության լրատվամիջոցների եւ հանրության հետ կապերի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի՝ այսօր 40 աշխատակից ազատվել է աշխատանքից, որոնք հուլիսի 6-ին դիմում են ներկայացրել, նշելով, որ իրենց չեն բավարարում ներկայիս աշխատանքային պայմանները, եւ մատչելի պայմաններ չառաջարկելու դեպքում գործադուլ կանեն եւ չեն ներկայացել աշխատանքի: «Գուցե աշխատանքից ազատված 40 հոգու մեջ ներկայիս գործադուլավորներից էլ կան, հստակ չեմ կարող ասել, ցուցակներում պետք է համեմատություններ արվեն»,- ասում է Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը:

Օրվա երկրորդ կեսին գործադուլավորները հավաքվել էին Կապանի քաղաքապետարանի դիմաց եւ որոշել նստացույց անել: Քաղաքապետ Արթուր Աթայանը նրանց ընդունելուց եւ զրուցելուց հետո խորհուրդ տվեց հրաժարվել այդ մտքից, քանի որ պայմանավորվածություն կա հանդիպելու ձեռնարկության տնօրեն Ռոբերտ Ֆալետային: Հանդիպումը այսօր է նշանակված: Իսկ երեկ մարզպետարանի դիմաց հավաքված գործադուլավորներին ընդունեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մարզպետը մեկուկես ժամ փակ խորհրդակցություն անցկացրեց «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» գլխավոր տնօրենի, Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանի, ձեռնարկության հանքի պետի ու արհեստակցական միության ղեկավարի հետ: Որից հետո նա գործադուլավորներին տեղյակ պահեց ձեռք բերված պայմանավորվածության մասին, որի համաձայն՝ հանքում նախկինի նման պիտի լինի 6-ժամյա աշխատանքային ռեժիմ, հանվում է բոնուսային տարբերակի 3-րդ կետը, որը այդքան դժգոհություն էր առաջացրել աշխատակիցների շրջանում: Ըստ այդ կետի՝ բանվորները պատասխանատու էին հանքաքարի խտանյութի բարձր պարունակության համար: Մարզպետը միաժամանակ խորհուրդ տվեց այսուհետեւ գնալ աշխատանքի՝ հաշվի առնելով նաեւ ձեռնարկության ներկայիս դրությունը: Գործադուլավորները այժմ սպասում են այսօրվա հանդիպմանը, որից եւ պարզ կդառնան նրանց հետագա անելիքները: Կշարունակե՞ն գործադուլը կամ պլանավորած նստացույցը, թե՞, ի վերջո, կգան համաձայնության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել