Լրահոս
Օրվա լրահոսը

Օգնենք փոքրիկին՝ գտնելու աչքի լույսը

Հուլիս 16,2009 00:00

Հոկտեմբեր գյուղի ութամսյա բնակչուհին կարող է գույների աշխարհ մտնել, դեռ ուշ չէ օգնելու համար

Փոքրիկ Ալլան ութ ամսական է: Աղջնակն աչքի լույսից զրկված է ի ծնե: Երեխայի ծնողներն այդ մասին իմացել են ավելի ուշ, երբ կտրուկ բարձրացած ջերմությամբ փոքրիկին տեղափոխել են Արմավիրի մարզի Մեծամորի հիվանդանոց:

Տատիկը՝ Ալվարդ Սահակյանը պատմում է, որ աղջնակի անլիարժեքությունն առաջին անգամ նկատել են Մեծամորի բժիշկները: Մի թաքուն հույսով, որ իրենց դեպքում հնարավոր է բժիշկները սխալված լինեն, երեխայի ծնողները թակել են հանրապետության լավագույն ակնաբույժների դռները: «Թեւաթափ եղանք, երբ Շաքարյանն էլ դա հաստատեց»,- ասաց Ալլայի տատիկը, ում միակ երազանքը թոռնիկին աչքի լույսով տեսնելն է:

Երեխային աչքի լույս պարգեւել հնարավոր է միայն վիրահատական միջամտությամբ, այն էլ՝ Սանկտ Պետերբուրգում՝ ասել է հայ ականավոր ակնաբույժն ու խորհուրդ տվել չուշացնել վիրահատությունը: Բժիշկները նման վիրահատությունների արդյունավետությունը երաշխավորում են 60-70%-ով, այն էլ, երբ վիրահատությունը կատարվում է տարիքային առումով ճիշտ ժամանակահատվածում: Ութ ամսական Ալլայի դեպքում այդ տարիքը մինչեւ 10 ամսականն է: Եթե երկու ամսվա ընթացքում երեխան չվիրահատվի, բժիշկները հաջողություն չեն խոստանում:

Ալլան ծնվել է Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի հողագործի ընտանիքում: Բազմանդամ ու դժվար ապրող ընտանիքը միջոցներ չունի $3000-4000 արժողությամբ վիրահատությունն ու երեխայի հետագա բուժման ծախսերը Սանկտ Պետերբուրգում իրականացնելու համար: Աջակցության խնդրանքով Ալվարդ Սահակյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն եւ Արմավիրի մարզպետարան: Նախարարությունում խոստացել են հոգալ երեխայի եւ նրան ուղեկցող մեկ անձի գնալ-ետ գալու ճանապարհածախսը, երբ ծնողները կկարողանան հայթայթել վիրահատության համար անհրաժեշտ գումարը: 70 000 դրամով օգնելու պատրաստակամություն էլ մարզպետարանն է հայտնել: Բայց չկա ամենաանհրաժեշտ գումարը, որը կօգներ փոքրիկին դուրս գալ խավարից: Ում համար կարեւոր է փոքրիկ հայուհու առողջությունը, կարող են դիմել 094 47 89 86 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել