Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏԵՐ ՇԵՆՔԻ ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱՆ

Հուլիս 16,2009 00:00

Կիսաառողջապահական կրքեր՝ պոլիկլինիկայի շենքի ստվերում

\"\"Շուրջ մեկ տարի է, ինչ Նոյեմբերյանի կենտրոնում գտնվող պոլիկլինիկայի շենքը դատարկ է: Առաջին հարկում լոկ տարածաշրջանի ռազմական ոստիկանությունն է, որ ժամանակավոր է հանգրվանել այստեղ: Շենքը թափուր է ու դատարկ, մինչդեռ այն հիմնանորոգելու համար հարկատուների գրպանից հարյուր միլիոնավոր դրամ է ծախսվել: Նոյեմբերյանում 1997 թվականի հուլիսի 18-ին տեղի ունեցած երկրաշարժից՝ այս շենքը բավական տուժել էր: 1998 թվականին պետբյուջեի միջոցներով պոլիկլինիկան հիմնանորոգվեց: Մի քանի տարի անց երկհարկանի շենքի շիֆերե տանիքը ամբողջությամբ փոխարինվեց ցինկապատ թիթեղով: Այժմ պոլիկլինիկայի շենքի ճակատագիրն անհայտ է: Իսկ նոյեմբերյանցի ընտանեկան բժիշկները ստիպված են քաղաքային հիվանդանոցում երկու հոգով մի սենյակում տեղավորվել, մինչդեռ ընտանեկան յուրաքանչյուր բժիշկ իր գործունեության համար առնվազն 2 սենյակ պիտի ունենա:

«Նոյեմբերյանում ընտանեկան բժշկի գրասենյակի ձեւավորումը տեղապտույտ է տալիս»,- վստահ է ընտանեկան բժիշկ Նարինե Հովհաննիսյանը:

Տիկին Նարինեի խոսքերով, Նոյեմբերյան քաղաքի ընտանեկան 3 բժիշկները չնայած հավաքագրել են քաղաքի բնակչության 90%-ը, սակայն իրենք չունեն ոչ շենքային պայմաններ, ոչ սարքավորումներ, ոչ էլ արտոնագիր: Ընտանեկան բժիշկները շարունակում են բնակչությանը բուժօգնություն ցուցաբերել ոչ որպես ընտանեկան բժիշկներ, այլ՝ որպես թերապեւտ եւ մանկաբույժ:

Բժշկուհի Նարինեն տարակուսում է՝ ինչո՞ւ Կողբում, Կոթիում եւ Այրումում ընտանեկան բժիշկները պետական հիմունքներով են գործում, իսկ իրենց առաջարկվել է դառնալ մասնավոր ընկերություն՝ ձեւավորել ՍՊԸ-ներ: Իրենց հուզող խնդիրների կապակցությամբ ընտանեկան բժիշկները դիմել են առողջապահության նախարարություն, Տավուշի մարզպետին, սակայն… Նոյեմբերյանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հենրիկ Հարությունյանն էլ կարծում է, թե առաջիկա 3 տարիներին ընտանեկան բժիշկները կլինեն Նոյեմբերյանի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորումից ստեղծվող միացյալ բուժհիմնարկի կազմում: Սակայն, նրա խոսքերով, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը դեռ չի ձեւավորվել եւ առաջիկա 4-5 ամսում էլ չի ձեւավորվի:

Որոշիչը կամ «խոչընդոտը» Նոյեմբերյանի պոլիկլինիկայի շենքն է: Նոյեմբերյանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը կարծում է, որ սահմանամերձ տարածաշրջանում բուժսպասարկման գործը բարելավելու համար հարկ էր այն թողնել միավորման արդյունքում ստեղծվելիք բուժհիմնարկի կազմում, արդեն լուծարված պոլիկլինիկայի շենքում տեղավորել Նոյեմբերյանի հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայությունը, քաղաքի ընտանեկան բժիշկներին, այստեղ ստեղծել տարածաշրջանի 150 հաշմանդամների բուժօգնության կենտրոն, 2 սենյակ առանձնացնել Երեւանից կամ այլ տեղերից հրավիրված բժիշկների համար:

Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը տեղեկացրեց, որ լուծարված պոլիկլինիկայի շենքը փոխանցվել է պետական գույքի կառավարման վարչությանը: Մեր ունեցած տեղեկություններով, քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը կողմնակից է, որ Նոյեմբերյանի հետ բարեկամ հունական Վիրոնա քաղաքի ֆինանսավորմամբ պոլիկլինիկայի շենքի առջեւի հրապարակում կառուցվի քաղաքի երիտասարդական կենտրոն: Այս ծրագիրը դժվար թե իրագործվի, քանի դեռ շենքային խառնաշփոթը չի պարզվել: Ու մինչ կառավարությունը շենքի հարցում հապաղում է, Նոյեմբերյանի ընտանեկան բժիշկները շարունակում են ապաստանել հիվանդանոցի փոքրիկ սենյակներում, ուր հնարավոր չէ նորմալ բուժսպասարկում իրականացնել: Նոյեմբերյանցիները մեծամասամբ ձեռնպահ են մնում քաղաքի ծայրամասում գտնվող հիվանդանոցում մի կերպ տեղավորված ընտանեկան բժիշկներին այցելելուց: Անտեր մնացած պոլիկլինիկայի շենքն էլ փչանում է այս տարվա անպակաս անձրեւներից:

Հայաստանում եզակի չեն դեպքերը, երբ վերեւների ձեռամբ այսպես անտեր մնացած շենքերը հետո դարձել են իշխանության հովանավորությունը վայելող մի մեծահարուստի էժան գնով ձեռք բերված սեփականություն: Առաջիկայում պարզ կլինի՝ Նոյեմբերյանի պոլիկլինիկան կդառնա այդ շղթայի հերթական զոհը, թե՝ սահմանամերձ քաղաքի համար հաճելի բացառություն կարվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել