Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 16,2009 00:00

ԹԵՂՈՒՏԻ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ

\"\"Երեկ ՀՀ վարչական դատարանը մերժեց Թեղուտի շահագործումն արգելելու մասին հայցի քննությունը: Ի պաշտպանություն Թեղուտի՝ դատարանում հանդես պետք է գային Վանաձորի Հելսինկյան գրասենյակը, «Էկոդարե» եւ «Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունները: 66 էջից բաղկացած հայցադիմումը վարչական դատարանը հրաժարվեց ընդունել, պատճառաբանելով, որ հասարակական կազմակերպություններն իրավասու չեն բնապահպանական խնդիրներով դատարան դիմել: Ի դեպ, իրավապաշտպան այս կազմակերպությունները հիմնավորել էին իրենց հայցապահանջը, տալով այն վնասները, որոնք սպառնում են Թեղուտի հանքավայրի շահագործման դեպքում: Մասնավորապես՝ կենդանական, բուսական աշխարհին հասցվող վնասները, մթնոլորտին սպասվող վնասը շահագործման դեպքում կկազմի 1 148 597 հազար դրամ, իսկ ջրային օբյեկտներին հնարավոր վնասը կկազմի 165 502 500 դրամ:

ՄԱՐՏԻ ՀԱՅՑԸ՝ ՀՈՒԼԻՍԻՆ

Երեկ, ժամը 16-ին, ՀՀ վարչական դատարանում նշանակվել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի հայցի քննությունը: Դեռ այս տարվա մարտին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ վարչական դատարան` խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի այն գործողությունները կամ անգործությունը, որով սպառիչ եւ լրիվ պատասխան չի տրվել հայցվող տեղեկատվության վերաբերյալ եւ պարտավորեցնել «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ»ՊՈԱԿ-ին՝ ՏԱ օրենքով սահմանված 5 օրվա ընթացքում տրամադրելու պահանջվող տեղեկատվությունը: ՊՈԱԿ-ը հայտարարեց, որ լուծարվելու է: Հետեւաբար, դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով:

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել