Լրահոս
Օրվա լրահոսը

Խե՜ղճ ոստիկանություն

Հուլիս 16,2009 00:00

\"\"«Առավոտի» «Ոստիկանական «թրաֆիքինգ» հրապարակումից հետո (27.06.09) ՀՀ ոստիկանապետի ցուցումով սկսվել է ծառայողական քննություն:

Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Առավոտին» ուղարկել է ծառայողական քննության հետ կապված տեղեկանք: Ըստ այդ տեղեկանքի, ՀՀ ոստիկանության ջրամատակարարման կառույցների պահպանության գունդը արտաբյուջետային է, եւ նրա աշխատավարձի ֆոնդը կազմված է «Երեւան ջուր» ՓԲ ընկերության հետ կնքված պայմանագրում նշված գումարներից: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ պայմանագրի համաձայն, ՋԿՊ գունդը իրականացնում է «Երեւան ջուր» օբյեկտների պահպանություն: «Երեւան ջուրը» վճարում է վարձ, որի գումարը պայմանագրի կնքման պահին գործող տարիֆների համաձայն կազմել է 20 745 000 ՀՀ դրամ: Այս տարվա հունվարի 1-ից ոստիկանության ծառայողների աշխատավարձերի բարձրացման հետ, ոստիկանության ՊՊՎ պետը բազմիցս դիմել է «Երեւան ջուր»-ի ղեկավարությանը՝ լրացուցիչ 9 միլիոն դրամ հատկացնելու համար, սակայն ՓԲԸ-ի ղեկավարությունը, ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական պատասխանի, պայմանագրով սահմանվածից ավելի ֆինանսական հատկացումների հիմքեր չի գտել, քանի որ իրենց բյուջեով նման ծախսեր չեն նախատեսված: Ըստ ՀՀ ոստիկանության ծառայողական քննությամբ ձեռք բերված տվյալների, ՋԿՊ գնդի պայմանագրային գումարը կազմել է 20005000 ՀՀ դրամ, իսկ հաշվարկված՝ 23320000 ՀՀ դրամ, այսինքն՝ հաշվարկված ծախսերը՝ 3315000 դրամով գերազանցել են պայմանագրային գումարը:

Ի դեպ, «Առավոտի» բարձրացրած հարցին, որ ոստիկաններին համազգեստ չեն տվել, հաստատվեց: Ըստ Ս. Շիրինյանի, ծախսերի մեջ ընդգրկված չեն եղել համազգեստի համար նախատեսված գումարներ: «Հարկ է նշել, որ վերջին անգամ ծառայողների համար համազգեստ ձեռք է բերվել 2003թ., բացի այդ, 2008 թ. ամանորի դրամական պարգեւատրման համար նախատեսված դրամը չի ձեւակերպվել («Առավոտի» այդ տեղեկատվությունը եւս հաստատվեց- Ռ. Մ.), իսկ Ոստիկանության օրվա կապակցությամբ խրախուսման համար նախատեսված 40 հազար դրամի փոխարեն վճարվել է 30 հազար դրամ՝ գումարներ չլինելու պատճառով: Այդ նույն պատճառով, որպեսզի աշխատավարձը բոլորին բավարարի, սննդի համար նախատեսված 10-հազարական դրամները ծառայողների աշխատավարձից պահվել են՝ հետագայում վճարելու պայմանով», ասվում է ոստիկանության պատասխանում:

Ինչ վերաբերում է հրապարակման մեջ բարձրացրած եւս մի իրավախախտման, որ պահակակետերում ծառայություն իրականացնող ոստիկանները հանգստանում են 2 օր՝ 3-ի փոխարեն, դարձյալ հաստատում է ոստիկանությունը, հայտնելով. «Լրացուցիչ ծառայության համար չի վճարվում՝ գումար չլինելու պատճառով»: ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակված ծառայողական քննությունը շարունակվում է:

Պատրաստ ենք տպագրել ՀՀ ոստիկանության այլ ստորաբաժանումներում աշխատանքային թրաֆիքինգի դեպքերի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել