Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑՐԵՔ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՑ

Հուլիս 16,2009 00:00

Ի՞նչն է խանգարում պաշտպանության նախարարությանը

\"\"Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ, սուտ մատնության հոդվածով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանի նկատմամբ համաներում դեռ չի կիրառվել: Նրա ազատամարտիկ լինելը եւ մինչեւ 5 տարվա ազատազրկման դատապարտվածությունը համաներման կիրառման պայմաններից էր: Սակայն Հացպանյանը պատերազմից հետո պատերազմի մասնակցի գրքույկ ձեռք չի բերել:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում Ս. Հացպանյանի կինը՝ Հասմիկ Պողոսյանն ասաց, որ մինչ համաներման մասին խոսակցությունները, ամուսնու դատական գործընթացի ժամանակ նրա պաշտպան Հովիկ Արսենյանը դիմել էր Ղարաբաղի եւ Հայաստանի պաշտպանության նախարարություններին: Հայաստանի պաշտպանության նախարարությունից պատասխանել էին, որ պատերազմին Հացպանյանի մասնակցության մասին ինֆորմացիա չկա: «Բավականին մեծ ուշացումով տանը գտա զինվորական վկայականը: Այն տրված էր ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի կողմից, լեյտենանտ Ս. Հացպանյանին: Գրքույկն ուժի մեջ էր մինչեւ 1993թ. դեկտեմբերի 31-ը: Ի դեպ, այդ վկայականում նշված էր նաեւ ամուսնուս ամրակցված զինատեսակը: Այն հունիսի 2-ին ներկայացրինք ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան եւ ՀՀ արդարադատության նախարարին: ԼՂՀ արխիվներում նույնպես չգտնվեց Սարգսի` պատերազմի մասնակցության մասին ինֆորմացիա: Ինչո՞ւ չպիտի լիներ Վլադիմիր Բալայանի ջոկատի մասին ինֆորմացիա, որի կազմում կռվել է Սարգիսը: Ջոկատ, որը պաշտպանել է Մարտակերտը (հատկապես՝ Մարաղան եւ Աղդաբանը), Շահումյանը: Պարզվեց, որ այդ ջոկատը գրանցվել է 2007թ.-ին, Մարտակերտի զինկոմիսարիատի փաստաթղթերով: Այսինքն, գրանցել են պատերազմից տարիներ հետո: Եթե ամուսինս այնտեղ չէ, ո՞վ պետք է հետամուտ լիներ այդ փաստաթղթի ձեռքբերմանը: Սարգիսը մեկն էր 5 ֆրանսահայերից, որին թուղթ պետք չէր, որովհետեւ նրան ոչ պաշտոն էր պետք, ոչ՝ նպաստ: Նա անձնական շահագրգռություն չուներ»,- շարունակում է Հ. Պողոսյանը:

Փաստորեն, ԼՂՀ-ում արխիվավորման գործը դեռ ընթացքի մեջ է, փաստաթղթերը դեռ լրացված չեն: «Արխիվը դարձրել են հզոր փաստ: Սակայն այն չի կարող վերջնական խոսք լինել»,- ասում է դատապարտյալի կինը, որը հայտնում է, թե իր տրամադրության տակ ունի նաեւ ամուսնու մարտական ընկերների վկայությունները: Ի դեպ, 5 վկայությունը բավարար է, որպեսզի ՊՆ հանձնաժողովը նիստ հրավիրի եւ տա պատերազմի մասնակցի գրքույկը: Իսկ ՊՆ-ն այդպիսի նիստ հրավիրում է աշնանը՝ հոկտեմբերին: Մինչդեռ համաներումն ավարտվելու է սեպտեմբերին: «Ի՞նչն է խանգարում ՊՆ-ին, որպեսզի արտահերթ նիստ հրավիրի Սարգսի համար: Նա այդ իրավունքը ձեռք է բերել: 15 տարի իր ունեցած հնարավորություններով ծառայել է մեր երկրին, ունի ավանդ, որը դրամի կուրսով չի չափվի»,- հավելում է Հացպանյանի կինը:

ԼՂՀ վաստակավոր լրագրող Գարիկ Գրիգորյանն օրեր առաջ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին. «Երբեւիցե մտքովս չէր անցնի, որ արցախյան պատերազմից հաշված տարիներ անց պիտի վիճարկվեր գոյամարտի ամենածանր տարիներին ռազմաճակատի առաջին գծում մարտական զենքն ու տեսախցիկն ուսած Սարգիս Հացպանյանի՝ մեր ազատագրական պայքարին նրա մասնակցության հարցը: 1992-95թթ., աշխատելով Արցախի հեռուստառադիովարչության պետի պաշտոնում եւ մեր նկարահանող խմբերի կազմում մասնակցելով արցախյան պատերազմի տարեգրության ստեղծման գործին, ռազմաճակատի մարտակերտյան խաչմերուկում բազմիցս խաչվել են իմ եւ Սարգսի ճանապարհները: Նրա անմիջական օգնությամբ եմ մոտիկից ծանոթացել ազատագրական բանակի հիմնադիրներ Լեոնիդ Ազգալդյանի եւ Վլադիմիր Բալայանի հետ: Հետագայում այդ հանդիպումների եւ հիմնականում Սարգսի նկարահանումների շնորհիվ է ծնվել, ըստ իս, արցախյան գոյամարտի մասին պատմող լավագույն փաստավավերագրական ֆիլմը՝ «Սա Հայաստանն է եւ վերջ»: Մարտական տեսարաններով հարյուրավոր կադրեր, որոնք ամբողջ աշխարհին պատմել են մեր հերոսական պայքարի մասին, որոնք այսօր էլ ցուցադրվում են ՀՀ հանրային հեռուստատեսության «Զինուժ» ծրագրով եւ պատկանում են Սարգիս Հացպանյանին»:

«Արծիվ» ջոկատի տասնյակ մահապարտներ, «Արիության մեդալի» ասպետներ, X կործանիչ դասակի մարտիկներ նույնպես հաստատում են, որ Ս.Հացպանյանը մասնակցել է պատերազմին, մարտական գործողություններին: Մեկ այլ փաստաթղթով՝ «Հայրենիք» միության գործադիր մարմնի տեղեկանքով Ս. Հացպանյանը 1993-2001թթ. եղել է բարեգործական կազմակերպության լիազոր-ներկայացուցիչն Արցախում: «Առանց նյութական վարձատրության, նա միության ուղարկած 22 կոնտեյներները ստացել եւ կանոնավոր բաժանել է: Ս. Հացպանյանի հայանպաստ ելույթների շնորհիվ մեր կազմակերպությունը կարողացավ 3 մլն դոլարի օգնություն հասցնել հայրենիք: Իր ներկա կացությունը խորապես անհանգստացնում է մեզ, սակայն, կարծում ենք, որ այս իրավիճակը շուտով կվերջանա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել