Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՐԳԻՆ ՄՈՒԼՏԵՐԸ ՓՉԱՑՆՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Հուլիս 16,2009 00:00

Մանուկներին սովորեցնում են «պլան» ծխել, սիրուհի պահել, գողանալ ու շնանալ

\"\"«Աղչի՛, աղչի՛, ամբողջ օրը էդ անտեր տելեվիզորի դեմը նստած ես, փոխանակ էթաս ամուսնանաս, ինձ պապի դարձնես: Չնայած քո նման դեբիլին ո՞վ պտի առնի»,- դժվար է պատկերացնել, սակայն հենց այսպես է սկսվում ժամանակակից «Ոսկե ձկնիկ» մուլտֆիլմը: Հայրը աղջկան անպատվելով՝ ուղարկում է ծաղիկների համար թասով ջուր բերելու, աղջիկն էլ թասի մեջ գտնում է ոսկե ձկնիկին ու նրանից խնդրում 3 ցանկություն. «Ուզում եմ քիթս մեծանա ու վրեն լիքը գորտնուկներ լինեն, մեծ ականջներ ունենամ ու վրեն լիքը մազ եւ 3-րդը՝ ուզում եմ ծուռ ոտեր՝ մեկը մյուսից կարճ»:

Այս հակամանկական տեսաֆիլմը պատահաբար գնել եմ՝ որպես հեքիաթ-մուլտֆիլմ, կարծելով, թե դրանով երեխայիս մեջ հետաքրքրություն կսերմանեմ մուլտերի նկատմամբ ու նա կդաստիարակվի այդ բարի, հեքիաթային աշխարհում: Մինչդեռ մեկ սկավառակի մեջ զետեղված շուրջ մեկ տասնյակ մուլտերը դիտելով՝ հասկացա, որ երեխաս դրանցից ոչ մի լավ բան չի կարող սովորել, միայն՝ խաբել, գողանալ ու դավաճանել: Խոսքս «Կարգին մուլտերի» մասին է, որտեղ երեխաներին ամենայն մանրամասնությամբ ցույց են տալիս, թե ինչպես են տղամարդիկ «թռնում» իրենց կանանց գլխի վրայով ու մարմնավաճառի մոտ գնում, ինչպես են էգ ու որձ խոզուկները հարաբերվում, սովորեցնում են անլեգալ ճանապարհներով Ամերիկա գնալ, նույնիսկ 3-րդ մասում «պլան» ծխելու ամբողջ գործընթացն ու դրանց հետեւանքներն են ներկայացնում:

Հայտնի է, որ «Կարգին մուլտերի» հեղինակները Հայկոն ու Մկոն են: Նրանց երեխաները հավանաբար այնքան են դիտել «Կարգին հաղորդման» ցենզուրայից դուրս անեկդոտները, որ դրանցից հետո «Կարգին մուլտերը» մաքրամաքուր հեքիաթներ են թվում: Սակայն այդ երկու հայրիկների բիզնեսի, փող աշխատելու ցանկության պատճառով, փաստորեն, ապականվում է նաեւ մեր երեխաների մանկական աշխարհը: Եթե տեսաֆիլմի անունը մուլտ է, ուրեմն այն նախատեսված է երեխաների համար, մինչդեռ մանուկին փոքր տարիքից ծանոթացնել թմրանյութերի հետ՝ առնվազն սրբապղծություն է:

Այս առնչությամբ Մկոն «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց. «Այդ մուլտերը նախատեսված են երեխաների եւ մեծերի համար, դրանք նույն «Կարգին հաղորդման» մուլտիպլիկացված տարբերակներն են»: Մեր հարցին, թե ձեր երեխաներին թույլ տվե՞լ եք, որ «Կարգին մուլտերը» նայեն՝ Մկոն պատասխանեց. «Այո, իմ բախտը այս հարցում բերել է. իմ երեխաները «Կարգին հաղորդումն» էլ են նայում, բայց երբեւէ դրանց միջից վատը չեն ընդօրինակում: Նրանք հաճախ տեսնում են, թե ինչպես եմ ես հաղորդման մեջ ժարգոնով խոսում, բայց չեմ տեսել, որ նրանք էլ նման բառեր օգտագործեն: Դրա համար էլ ես մուլտերի մեջ վատ բան չեմ տեսնում: Թույլ եմ տվել, թող նայեն, բայց միայն լավը վերցնեն»:

Երեւանի քաղաքապետարանի «Հայարտ» մշակույթի կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանն արդեն քանի տարի է՝ պայքարում է նման «գողական» մուլտերի դեմ, սակայն առայժմ դրական արդյունքների չի հասնում: Նրա խոսքերով՝ «Ես չեմ ուզենա, որ ոչ միայն իմ, այլեւ որեւէ հայ երեխա դիտի այդ մուլտերը, որտեղ ընձուղտն ասում է՝ ապե, անտառում լիքը աղջիկներ կան, արի մտնենք անտառ, առյուծը նապոյին ասում է՝ արի պլան քաշենք եւ նման այլ այլանդակ բաներ: Ես ժամանակին մի խումբ ճանաչված մտավորականների, մանկավարժների, մայրերի հետ քննարկում կազմակերպեցի, հայտարարություն հրապարակեցինք, որ այդ մուլտերը եղեռնագործություն են երեխաների հանդեպ, նույնիսկ գնացինք վաճառքի կետեր ու արգելեցինք այդ մուլտերի սկավառակների վաճառքը, սակայն դա տեւեց մի քանի ամիս: Հիմա նորից նույն մուլտերն անարգել վաճառում են, ինչի արդյունքում մեր լավագույն հեքիաթները մոռացվել են, հիմա ռոբոտներն ու ռենջերներն են միայն մատուցվում»: Տիկին Շառոյանի համոզմամբ, միայն հասարակությունը չի կարող պայքարել այդ հսկայական բիզնեսի դեմ. «Իմ կարծիքով, Հեղինակային իրավունքի պաշտպանության կոմիտեն գոնե պետք է թույլ չտա, որ մեր նախկին լավ մուլտֆիլմերը որոշ մարդիկ փոխեն: Այս խնդրում անհրաժեշտ է վարչական եւ իրավական միջամտություն: Մենք ասում ենք, մղկտում ենք, լացում ենք, բայց դրանից ոչինչ չի փոխվում: Եթե նման մուլտֆիլմերի հեղինակներին մեծ գումարի չափով տուգանեին, կվախենային եւ այլեւս դրանք տարածում չէին գտնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել