Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի նախնական վարկածը հրդեհն է

Հուլիս 16,2009 00:00

\"\"Երեկ Թեհրանից 200 կմ հեռավորության վրա՝ Քազվին նահանգի Տակեստան շրջանում վայր է ընկել Թեհրանից Երեւան թռչող «Տու-154» ինքնաթիռը, որում եղել է 153 ուղեւոր եւ 16 հոգի սպասարկող անձնակազմ: «Caspian Airlines» իրանական ավիաընկերության ինքնաթիռը վայր է ընկել թռիչքից 16 րոպե անց: Այն Թեհրանից դուրս է եկել երեւանյան ժամանակով ժամը 13:00-ին:

Ըստ նախնական տվյալների՝ «Տու-154» օդանավը կտոր-կտոր է եղել եւ բոլոր ուղեւորները զոհվել են:

Դեպքի առնչությամբ «Զվարթնոց» օդանավակայանում ստեղծվել է շտաբ, որտեղ առաջին բուժօգնություն եւ հոգեբանական ծառայություն է ցուցաբերվում զոհվածների հարազատներին: «Թեժ գծի» հեռախոսնհամարներ է տարածել նաեւ արտգործնախարարությունը, որպեսզի մարդիկ կարողանան անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ: «Թեժ գծից» «Առավոտին» տեղեկացրին, որ ինքնաթիռում եղել է Հայաստանի Հանրապետության 6 քաղաքացի: Իսկ «Caspian Airlines»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Տաթեւ» ավիաընկերությունից հավաստիացրին, որ մեր քաղաքացիները եղել են 4-ը, 32-ն էլ եղել են Իրանի քաղաքացի հայեր: Ինքնաթիռում եղել է Վրաստանի երկու քաղաքացի, այդ թվում՝ Իրանում Վրաստանի դեսպանի կինը: Այլ տվյալներ դեռեւս հայտնի չեն: Մեզ փոխանցեցին նաեւ, որ ինքնաթիռի վայր ընկնելու պատճառները դեռեւս հայտնի չեն: Երեկ հրավիրած ասուլիսում ՔԱԳՎ պետի տեղակալ Արսեն Պողոսյանն էլ հրապարակեց հետեւյալ տվյալները. «Ուղեւորների ցուցակում եղել է 35 հայի անուն-ազգանուն, որոնց մեծ մասը Իրանի քաղաքացիներ են»: Իսկ ՔԱԳՎ թռիչքային անվտանգության բաժնի պետ Սերյոժա Կարապետյանի խոսքերով էլ, «հնարավոր է, որ վթարի պատճառը շարժիչում բռնկված հրդեհը լինի»: Նշենք, որ այս օդանավով պետք է Երեւան ժամանեին իրանահայ 20 երիտասարդներ՝ Սփյուռքի նախարարության՝ «Արի տուն» ծրագրի շրջանակներում, սակայն թռիչքից մի քանի օր առաջ նրանք հրաժարվել են մեկնել: Ըստ այս ծրագրի, Սփյուռքից ՀՀ պետք է գային երիտասարդներ՝ ամառային արձակուրդները հայկական օջախներում անցկացնելու նպատակով: Ըստ նախարարության լրատվական ծառայության՝ դեռ պարզ չէ, թե ինչու են իրանահայ երիտասարդները հրաժարվել Հայաստան մեկնել:

Նշենք նաեւ, որ «Caspian Airlines»-ը իրանական եւ ռուսական համատեղ ընկերություն է:

Ա. Խ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել