Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատավարձը վճարել ենք ժամանակին»

Հուլիս 16,2009 00:00

Առավոտի»՝ «Աշխատավարձն ամիսներով չեն տալիս» հրապարակման մեջ (13.06.09) անդրադարձել էինք «Glass world company» ընկերության աշխատակիցների՝ աշխատավարձերի ուշացման վերաբերյալ դժգոհությանը:

Հոդվածում մասնավորապես նշված էր, որ, ըստ ընկերության աշխատակիցների, գործարանի ղեկավարությունը 300-ից ավելի մարդկանց չի վճարել դեռեւս մարտ ամսվա աշխատավարձը: Բողոքի առնչությամբ ընկերության գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանն «Առավոտին» պարզաբանել էր, որ դրանք հերյուրանքներ են, քանի որ իրենք միշտ աշխատավարձը վճարել են բարեխղճորեն: Նույն օրը մեր խմբագրություն դիմած աշխատակիցները տեղեկացրին, որ գործարանի ղեկավարները, «Առավոտին» պարզաբանումներ տալուց անմիջապես հետո, հավաքել են բոլոր աշխատակիցներին ու կանխիկ վճարել են մարտ ամսվա աշխատավարձերը: Չնայած սրան, գործարանի ղեկավարությունը հավաստիացնում է, որ իրենք մարտի աշխատավարձը վճարել են ապրիլ ամսվա ընթացքում, բացի այդ, նրանք մեզ խոստացան գործարան այցելելու ժամանակ տրամադրել իրենց խոսքերը հավաստող փաստաթղթեր:

Երեկ «Առավոտը» եղավ «Glass world company» ընկերությունում: Նախ մեզ տրամադրվեց փաստաթուղթ այն մասին, որտեղ նշված էր, որ գործարանի 297 աշխատակիցներ կանխիկ կերպով ստացել են մարտ ամսվա իրենց աշխատավարձերը, որից հետո ընկերության գլխավոր հաշվապահ Նատալյա Դալլաքյանը մեզ տրամադրեց նաեւ դրամարկղի գիրքը, որտեղ նշված էր, որ ապրիլի 15-ին՝ «վճարացուցակ» անվանման տակ, աշխատավարձերի տրամադրման նպատակով դուրս է գրվել որոշակի չափի գումար:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է մարտ ամսվա աշխատավարձը տրամադրվել կանխիկ, այն դեպքում, երբ դրան հաջորդող ամիսներին այն կատարվել է փոխանցումով, Ն. Դալլաքյանը պատասխանեց. «Քանի որ մարտ ամսվա աշխատավարձի ֆոնդը վճարման թույլատրելի ժամանակահատվածում ապահովված է եղել կանխիկ գումարով, ուստի աշխատավարձերը վճարվել են կանխիկ: Ի դեպ, աշխատողները հիմնականում իրենց աշխատավարձերը նախընտրում են ստանալ կանխիկ, քանի որ նրանցից շատերը տարբեր ոլորտներում ունեն ֆինանսական խնդիրներ եւ փոխանցումների ժամանակ հնարավոր է, որ նրանց հաշիվների վրա կալանք դրվի՝ այդ խնդիրները լուծելու նպատակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել