Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԱՆ, ՆԿԱՐԱՀԱՆՎԵՑԻՆ, ԳՆԱՑԻՆ

Հուլիս 16,2009 00:00

\"\"Արդեն մի քանի ամիս է՝ գյումրեցի չինովնիկները երկրի բարձրաստիճան հյուրերին դիմավորում են Մուշ-2 թաղամասի շինհրապարակում:

Ցանկացած պաշտոնական հյուրի՝ Գյումրի այցելելու դեպքում, քաղաքային ու մարզային իշխանության ներկայացուցիչները ողջ անձնակազմով՝ զուգված, զարդարված, ժամեր առաջ հյուրին են սպասում, ու նույնիսկ Շիրակի ծայրահեղ եղանակը՝ խանձող արեւը կամ էլ պտտահողմը նրանց չի ազատում այս սուրբ պարտականությունից: Եթե մի քանի ամիս առաջ նրանք կազմ-պատրաստ հյուրերին դիմավորում էին քաղաքի մուտքի կամ Երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ, ապա այժմ հանդիպման վայրը փոխվել է, այսուհետեւ գյումրեցի չինովնիկները ստիպված են փոշու ու քամու դեմ կանգնելով՝ հյուրերին ընդունել «Գլենդել Հիլզի» կողմից քաղաքի ծայրամասում իրականացվող բնակարանաշինության հրապարակում: Իսկ այստեղ այցելությունները հաճախակի են լինում, քանի որ, 20 տարվա անգործությունից հետո, պետությունը վերջապես անօթեւանների համար բնակարաններ է կառուցում, ուստիեւ փաստը ցուցադրելու նպատակով երկրի բարձրաստիճան պաշտոնյաները մեկը- մյուսի հետեւից՝ նկարահանող խմբերի ուղեկցությամբ օրումեջ գալիս, նկարահանվում եւ գնում են:

Երեկ «Գլենդել-հիլզի» հերթական հյուրը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն էր: Բնակարանաշինության ընթացքին անձամբ ծանոթանալու նպատակով վերջինս մի հսկա շքախմբով՝ մի շարք նախարարների ուղեկցությամբ շրջապտույտ կատարեց աղետի գոտով մեկ. եղավ Սպիտակում, Նալբանդում, ապա Գյումրիում: Մինչ նախագահը Գյումրի էր հասնում, ոստիկանները շրջափակեցին Մուշ- 2 թաղամասը: Սա տեսնելուն պես՝ թաղամասի միակ միկրոավտոբուսի՝ թիվ 26-ի ուղեւորները զայրացան. «Ոստիկանների փոխարեն ստեղ Մուշի բնակչությունը պիտի հավաքվեր ու մի լավ բողոքի ակցիա անցկացներ, էս ճանապա՞րհ է, ուղեղի ցնցում ես ստանում, հերիք ու բոլ էղավ, առոք-փառոք ջիփերը նստած՝ չեն էլ զգում ուր են գալիս, պարզ է, որ ձենները տաք տեղից պիտի գա, էլ ժողովուրդն ո՞վ է»:

Նախագահը եկավ, ծանոթացավ բնակարանաշինության ընթացքին, քաղաքապետի ու մարզպետի հետ էլ մի քանի բառ փոխանակեց ու գնաց: Ի դեպ, այս անգամ Ս. Սարգսյանը ուժեղացրել էր իր անվտանգության միջոցները, նույնիսկ այն աստիճան, որ շինհրապարակ մտնելու համար թիկնապահները բավական չէ բացել էին տալիս ու քրքրում լրագրողների պայուսակները, նաեւ ստիպում էին միացնել ձայնագրող կամ նկարահանող սարքերը, ֆոտոխցիկը, համոզվելու, որ դրանք իրոք բերված են աշխատելու համար: Թեեւ նախագահն իր հետ մեծ թվով նկարահանող խմբեր էր բերել, սակայն լրագրողներին հարցազրույց տալու ցանկություն չուներ, ի սկզբանե լրագրողներին նախազգուշացվեց, որ զուր հույսեր չփայփայեն, ծրագրում հարցազրույց նախատեսված չէ: Չնայած դրան, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրողը, վազելով շինհրապարկից հեռացող նախագահի հետեւից, ասաց, որ գյումրեցի լրագրողները կարոտել են իրեն, չունի՞ որեւէ բան ասելու: «Օրինակ՝ ի՞նչ»,- հարցրեց նախագահը: «Ամսի 17-ին հուշագիր եք ստորագրելու, ինչո՞ւ»,- հարցրեց լրագրողը: «Ոչ մի բան էլ չի ստորագրվելու, հանգիստ մնացեք, այ, մենք շինարարությամբ պետք է զբաղվենք, անօթեւանների խնդիրը լուծենք, էստեղ աշխատատեղեր ստեղծենք»,- ասաց նախագահը՝ հասկացնելով, որ այլեւս հարցեր չտան: Սակայն լրագրողը համառորեն շարունակեց. «Իլհամ Ալիեւի հայտարարությունները ինչպե՞ս կմեկնաբանեք, շատ համարձակ չե՞ն»: Այս հարցը մնաց անպատասխան:

Քաղաքաշինության ընթացքի մասին որոշակի տեղեկություններ ներկայացրին քաղաքաշինության նախարարն ու երկրի գլխավոր ճարտարապետը: Ճարտարապետ Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ այս տարվա նոյեմբերի 15-ին կավարտվեն 1320 անօթեւանների համար կառուցվող 22 չորսհարկանի շենքերը, նաեւ վստահեցրեց, որ կառույցներն անցել են ամբողջական փորձաքննություն եւ որ երաշխավորված է դրանց սեյսմակայունությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել