Լրահոս
Օրվա լրահոսը

2 կարծիք Մադրիդյան սկզբունքների մասին

Հուլիս 16,2009 00:00

\"\"\"\"

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ առաջին նախագահի ԼՂՀ հարցով հատուկ հանձնարարությունների նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը «Ա1+»-ին տված հարցազրույցում պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների առարկա՝ արդեն հրապարակված Մադրիդյան սկզբունքներում որեւէ ակնարկ չկա ազգերի ինքնորոշման սկզբունքի փաստացի կիրառման վերաբերյալ:

Հատ-հատ վերլուծելով ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երկրների նախագահների հայտարարության մեջ մատնանշված 6 սկզբունքները՝ մատնանշել է դրանցում եղած վտանգները եւ նախազգուշացրել, որ սկսվել է լուրջ միջազգային պրոցես, որը շատ նման է դեյտոնյան պրոցեսին, որտեղ թելադրողը նորից լինելու է Ալիեւը. «Իսկ Սերժ Սարգսյանը այս եւ ապագա փաստաթղթերում լուրջ փոփոխություններ մտցնելու համար իմունիտետ չունի: Շատ ծանր պրոցես է սկսվում Հայաստանի եւ Ղարաբաղի համար»: Ստեղծված իրավիճակի համար պատասխանատուներ համարելով «Մադրիդյան գործընթացի հիմնադիրներ ու ճարտարապետներ» Ռ. Քոչարյանին ու Վ. Օսկանյանին, նաեւ՝ Ս. Սարգսյանին ու Է. Նալբանդյանին՝ Դ. Շահնազարյանը միաժամանակ նկատել է, թե այս հարցում որոշիչ պետք է լինի ԼՂՀ-ի ժողովրդի եւ իշխանության խոսքը:

ԼՂՀ ԱԳ նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանն էլ անդրադառնալով նույն խնդրին՝ համոզմունք է հայտնել, որ հրապարակված Մադրիդյան սկզբունքները նշանակում են, որ «հայկական կողմն ընդունում է մինչ օրս իրենց վերագրված բոլոր մեղադրանքները», այդ թվում՝ Ադրբեջանինը, որոնք տեղ են գտել բազմաթիվ միջազգային փաստաթղթերում: Ա. Մելիքյանի ասելով՝ «եթե հայկական կողմը համաձայնում է այդ փաստաթղթի հետ, ուրեմն՝ առնվազն ընդունում է, որ ԼՂՀ-ի տարածքը նախկին ԼՂՀ-ի ինքնավար մարզի տարածքն է, որ Հայաստանը ագրեսոր է եւ պետք է հետ քաշվի ազատագրված տարածքներից, համաձայն է, որ մասնակցություն է ունեցել ԼՂՀ-ի հարակից տարածքների խաղաղ բնակիչների տեղահանմանը, համաձայն է, որ տարածաշրջան ներմուծվեն օտարերկրյա զինված ուժերի ներկայացուցիչներ, որոնց ներկայությունը արդարացված չէ: Էլ չասեմ, որ այդ խաղաղարար ուժերը երբեւէ չեն կարող խաղաղություն պահպանել այդ տարածքներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել