Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՅՆ, ԻՆՉ ԱՍԵԼՈՒ ԵՄ ԻՄ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ, ՇԱՏ-ՇԱՏԵՐԻ ԴՈՒՐԸ ՉԻ ԳԱԼՈՒ»

Հուլիս 16,2009 00:00

«Գլխանց» զգուշացնում է մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը

– Ի՞նչ վիճակում է ձեր գլխավորած մարտի 1-ի հանձնաժողովը, մեռած է՝ թաղած չէ՞, թե՞ դեռ գործում է:

– Ի հեճուկս ձեզ եւ շատերի, որոնք կուզենային այդպիսին տեսնել հանձնաժողովը, ասեմ, որ մեր հանձնաժողովը աշխատում է իր նախատեսած ծրագրերով: Հանձնաժողովը երեկ ՀՀ ոստիկանապետին է ուղարկել նամակ: Մենք գտնում ենք, որ կան չպարզաբանված խնդիրներ, որոնք վերաբերում են նաեւ ոստիկանության գործողություններին: Պետք է գնահատական տրվի ոստիկանության գործողությունների համաչափությանը: Մասնավորապես, սկսենք մինչեւ մարտի 1-ը տեղի ունեցած իրադարձություններից: Թռուցիկների տարածման հետ կապված ոստիկանությունը գործողություններ է իրականացրել: Մեզ մոտ կան կադրեր, որոնցից երեւում է, որ Գոհար Վեզիրյանին ոստիկանը հրում-գցում է եւ նրա վրա ինչ-որ բան է փչում: Երկրորդ դրվագը հետեւյալն է` մարտի 1-ին Հանրապետության հրապարակում չորս ոստիկաններ ծեծի են ենթարկում դիմադրություն ցույց չտվող մի քաղաքացու: Երրորդը՝ արդեն մարտի 2-ին ոստիկանները «Նիվա» ավտոմեքենա են նստեցնում երկու երիտասարդների եւ ծեծում են, նրանք եւս չէին դիմադրում: Հանձնաժողովին հետաքրքրում է՝ արդյոք ոստիկանությունը կատարե՞լ է անհրաժեշտ որոնողական աշխատանք, գտե՞լ է, թե ովքեր են այդ ոստիկանները եւ արդյոք իրականացրե՞լ է ծառայողական քննություն այդ կապակցությամբ: Եթե չի կատարել, դա շատ վատ է, եթե կատարել է՝ թող արդյունքների մասին տեղեկացնի հանձնաժողովին: Դրանք խնդիրներ են, որոնցով հանձնաժողովը պարտավոր է զբաղվել։

– Շատ չե՞ք ուշացել, մինչեւ հիմա ինչո՞ւ չէիք զբաղվում դրանցով:

– Մինչեւ հիմա էլ ենք դրանով զբաղվել, բայց այժմ հանձնաժողովը գտնում է, որ շատ կարեւոր է անդրադառնալ նաեւ մնացած էպիզոդիկ դեպքերին՝ տալու համար ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ համաչափության գնահատականը: Ընդհանուր առմամբ, օպերատիվ որոնողական աշխատանքներում ոստիկանությունը, չասեմ՝ անգործություն, բայց, ամեն դեպքում, լուրջ աշխատանք չի կատարել, այլապես նախաքննական մարմինը չէր հայտնվի այն վիճակում, երբ որեւէ հիմնավորում եւ փաստեր չունի տասը զոհերի մահվան հանգամանքները ճշտելու հարցում: Կարծում եմ՝ ոստիկանությունը պետք է այս բոլոր հարցերի պատասխանները տա:

– Չե՞ք գտնում, որ ոստիկանությունն առանց վերեւից հրահանգի չէր կարող այդ գործողությունները իրականացնել, ի վերջո դա համազգեստավոր կառույց է եւ առանց հրամանի ինքնագլուխ չէր կարող այդ բոլոր քայլերն անել, դուք չե՞ք ուզում պարզել, թե ում հրահանգն է դա եղել:

– Դուք կարծում եք՝ այն ոստիկանը, որը ինչ-որ նյութ է փչում Գոհար Վեզիրյանի վրա, նրան վերեւից այդ պահին հրահա՞նգ է իջեցվել: Դա ոստիկանի գործողության, նրա իրավական գիտելիքների մակարդակն է, ուրիշ ոչինչ: Կամ՝ եթե չորս ոստիկաններ քաղաքացուն ծեծում են Հանրապետության հրապարակում, նրանց գլխին որեւէ մեկը կա՞ հրահանգող: Բայց նրանք դա կատարել են եւ պետք է պատասխան տան: Իսկ եթե ինչ-որ մեկը հրահանգել է նման գործողություններ կատարել, ուրեմն թող ասեն, թե ով է իրենց նման հրահանգ տվել:

– Սակայն «Չերյոմուխա» գործածողները կոնկրետ հայտնի են, նրա՞նց ով պետք է պատասխանատվության ենթարկի, ինչո՞ւ նրանց չեն բռնում-դատում:

– Այո, ես էլ եմ ասում՝ թող բռնեն-դատեն: Կան չորս անձինք, որոնք «Չերյոմուխա» են օգտագործել: Նրանք գտնում են, որ գործել են օրենքի շրջանակներում, գտնում են, որ օգտվել են ինստրուկցիայից: Ցավոք սրտի, ոստիկանական զորքերը չունեն հատուկ միջոցների կիրառման կարգ, նրանք առաջնորդվել են ԽՍՀՄ իրավական ակտով, ՆԳ նախարարի հրամանագրով, եւ Հայաստանում 2006 թվականից հետո նրա գործողությունները դադարեցված են:

– Ուզում եք ասել՝ տասը զոհերի մեղավորը իրավական ակտի չլինե՞լն է։

– Դուք ճիշտ չհասկացաք, հատուկ միջոցները կիրառել են՝ չունենալով համապատասխան ինստրուկցիան: Բայց խնդիրը դա էլ չէ, գոնե հնում հստակ ասվում է, որ դու չես կարող «Չերյոմուխա» 7-ով կրակել մարդկանց ուղղությամբ, ուղիղ նշանառությամբ: Դա վտանգավոր միջոց է եւ օգտագործվում է միայն հանցագործների նկատմամբ եւ փակ տարածքում: Օպերատիվ-որոնողական աշխատանքի վատ կատարման արդյունք է, որ մինչեւ հիմա հնարավոր չի եղել որոշակի պարզաբանումներ ստանալ: Եթե նման վերաբերմունք եմ արտահայտում ոստիկանության եւ նախաքննության մարմնի նկատմամբ, ապա նույնը պետք է ասեմ նաեւ ցուցարարների մասով: Տասնյակ-հազարավոր մարդիկ են եղել այնտեղ, որոնց մասին մամուլում գրում են, թե նրանք ազատագրված ժողովուրդն են: Բա ո՞ւր է այդ ազատագրված ժողովուրդը, որի աչքի առաջ զոհեր են եղել, եւ ոչ մեկը վկայություն չի տալիս: Հանձնաժողովը ի՞նչ միջոցներով պետք է դա բացահայտի, եթե այլոց կողմից չկա այդ ցանկությունը՝ ոչ ցուցարարների եւ ոչ էլ նրանց ղեկավարների:

– Փաստորեն, դուք եւս ընդունում եք, որ մարտի 1-ի էջը չի փակվել, եւ այդ էջը փակելու ողջ ծանրությունը, կարծես, իրոք մնացել է ձեր հանձնաժողովի վրա:

– Կան պարտականություններ, որոնք պետք է կարողանաս կատարել, եւ ամենակարեւորը, եթե մարդն իր խղճի առաջ մաքուր է, ազնիվ է, ուրեմն՝ որեւէ խնդիր չկա: Ես հասկանում եմ, որ այն, ինչ իմ զեկույցում ասելու եմ, շատ-շատերի դուրը չի գալու, բայց յուրաքանչյուր սթափ մարդ, եթե իրեն ազատի էմոցիաներից, կտեսնի, որ իմ ասածի մեջ ճշմարտություն կա, եւ հանձնաժողովը գործել է օրենքի շրջանակներում:

– Եթե ձեզ ճիշտ եմ հասկանում, ձեր զեկույցը լինելու է որոշակի իմաստով շատ ընդդիմադիր, եւ դրանով փորձելու եք ԵԽԽՎ-ին դուր գալ եւ փորձել ապացուցել, որ Հայաստանում ժողովրդավարություն կա, օրենսդիր իշխանության կառույցը իշխանության մեկ այլ կառույցի հանդեպ տեսեք-տեսեք՝ ինչե՜ր է ասում: Մեղավորին էլ գտել եք՝ ոստիկանությունը, ստացվում է, որ որոշել եք «փուռը» տալ ոստիկանությանը:

– Ես որեւէ ցանկություն չունեմ որեւէ մեկին դուր գալու կամ դուր չգալու, այն պարտականությունը, որ վերցրել ենք մեզ վրա, շատ ավելին է, քան ձեր նշած համակարգը: Միակ շարժառիթը, գործուն միջոցը, որը կարող է ազդել մեր դիրքորոշման վրա, այն է, որ լինենք մաքսիմալ հասկանալի մեր հասարակության համար, որովհետեւ մենք ապրում եք այստեղ, ամեն օր տեսնում ենք այս մարդկանց, իսկ Եվրախորհրդին ես ամեն օր չեմ տեսնում: Եվ որեւէ խնդիր չկա ոստիկանությանը փուռը տալու, ինչպես դուք եք ասում: Չե՞ք գտնում, որ մեր երկրում ոստիկանությունը պետք է աշխատի եւ աշխատի օրինականության դաշտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել