ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը երեկ հրապարակել է 2009-ի ընթացքում ԱԺ պատգամավորների գործուղումների թիվը. «64 պատգամավորներից կազմված ՀՀԿ խմբակցության գործուղումների ընդհանուր թիվը կազմում է 53 (82.8%), 25 պատգամավոր ունեցող ԲՀԿ խմբակցությանը՝ 23 (92%), 16 պատգամավորներից կազմված ՀՅԴ խմբակցությանը՝ 22 (137,5%), 8 պատգամավորներից կազմված ՕԵԿ խմբակցությանը՝ 13 (162,5 %), 7 պատգամավորներից կազմված «Ժառանգություն» խմբակցությանը՝ 23 (328,5%)»:
«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս փաստին, որ իրենց խմբակցությունը գործուղումների ռեկորդակիր է՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Եթե պարզ թվաբանությամբ վերցնենք՝ այդպես է, բայց դա ունի հետեւյալ բացատրությունը. «Ժառանգությունը» ներկայացված է մեր բոլոր պատվիրակությունների կազմում՝ ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ-ում, ՆԱՏՕ-ում եւ այլն: Եվ բնականաբար, մասնակցելով այդ պատվիրակությունների, ինչպես նաեւ բարեկամական տարբեր խմբերի այցերին ու աշխատանքին, որը մեր պարտականությունն է՝ ստացվել է այդպիսի թիվ»: