«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը երեկ վարչության անունից նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես նշում է. «Ժառանգություն» կուսակցությունը լուրջ անհանգստություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ 3 երկրների նախագահների՝ օրերս կատարած համատեղ հայտարարության առնչությամբ»: Անահիտ Բախշյանը նշում է, որ եթե Սերժ Սարգսյանի եւ նախորդ իշխանությունների կողմից տարիներ շարունակ վարվող բանակցությունների արդյունքը Մադրիդյան կոչվող այս սկզբունքներն են, «որոնք բացարձակապես հաշվի չեն առնում Արցախի վերաբերյալ ո՛չ պատմական, ո՛չ իրավական իրողությունները եւ ո՛չ էլ ադրբեջանական ագրեսիայի եւ ղարաբաղյան գոյամարտի արդյունքները եւ հիմնված են բացառապես հայկական կողմի միակողմանի զիջումների եւ, ըստ էության, կատարյալ կապիտուլյացիայի վրա, ապա բանակցությունները ոչ հայանպաստ հունով տանելու ամբողջ պատասխանատվությունը եւս ընկնում է թե՛ նախորդ իշխանությունների եւ թե՛ անձամբ Ձեր՝ որպես նրանց նրանց գործելաոճը նույնությամբ շարունակողի վրա»: «Ժառանգությունը» պահանջում է՝ «այսուհետ բացառել Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների սեպարատ մասնակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող բանակցություններին ցանկացած ձեւաչափով, ուր քննարկվում են բացառապես ԼՂՀ իրավասությանը վերաբերող հարցեր՝ առանց ԼՂՀ օրինական իշխանությունների մասնակցության», բացի այդ՝ «անմիջապես սկսել ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչման գործընթացը»: Անահիտ Բախշյանը Սերժ Սարգսյանին գրել է. «Եթե այս պահանջների իրագործումը Ձեր պաշտոնավարման դեպքում անհնարին եք համարում, ապա պահանջում ենք Ձեզանից հրաժարական տալ»: