Երեկ կայացած ասուլիսում ասաց Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Բայց ո՞վ է ասում՝ հողերը չզիջենք»,- երեկ «Փաստարկ» ակումբում նաեւ այս հարցով պատասխանեց Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանն «Այսօր» կայքէջի հարցին, թե արդյոք կարելի՞ է համարել ձեռքբերում, եթե տարածքները հանձնվեն ԼՂ կարգավիճակի դիմաց: Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ ոչ ոք չի ժխտում, որ պետք է լինեն փոխզիջումներ. «Հող՝ կարգավիճակի դիմաց բանաձեւը պրագմատիկ մոտեցում է: Բայց Մադրիդյան լրամշակված սկզբունքներում ես դա չեմ զգում»: Ըստ նրա՝ այդտեղ Ադրբեջանի կողմից միակ զիջումը ցամաքային կապն է Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ:
Քաղաքական որոշ ուժեր արդեն տարիներ շարունակ կարգախոս են դարձրել «Ոչ մի թիզ հող» պահանջը: «Առավոտի» հարցին, թե մտահոգի՞չ չէ, որ մերժելով Հայաստանի բոլոր նախագահների՝ այս հակամարտությունը կարգավորելու փորձերը եւ նրանց մեղադրելով պարտվողականության ու նահանջողականության մեջ՝ Հայաստանի քաղաքական ուժերն այդպես էլ չեն առաջարկում այլընտրանք, թե ինչպես են պատկերացնում խնդրի իրատեսական լուծումը՝ Ռուբեն Հակոբյանն այսպես արձագանքեց. «Հարցի մեջ կա նաեւ պատասխան, որին ես բացարձակ համաձայն եմ: Թող կոպիտ չհնչի, բայց մեր քաղաքական դաշտի, կուսակցությունների եւ գործիչների այս պահվածքն ինձ ավելի շատ սպառողի հոգեբանություն է հիշեցնում: Կարծես թե սպասում են, որ որեւէ կողմից (առավել եւս՝ իշխանության կողմից) ինչ-որ առաջարկ լինի, ու դատափետեն այն: Փոխարենը ոչինչ չի առաջարկվում: Առաջարկները հասկանում եմ այսպես՝ շատ պրագմատիկ, գործնական պետք է ասվի, որ եթե մերժվում է այս դրույթը, ապա իրենք ինչպես են պատկերացնում ԼՂ խնդրի լուծումը: Բայց սա բացակայում է: Իսկապես հեշտ է մերժել՝ ոչինչ չառաջարկելով: Ի վերջո՝ հասկանալի է, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի, եւ մենք շատ լավ զգում ենք, թե ինչի է հասցրել այսօր հանրապետությանն այս խնդրի չլուծված լինելը: Բայց քանի որ քաղաքական դաշտը հիվանդ է՝ չկա մոտեցում, թե ինչպես են պատկերացնում լուծումը»:
Ռուբեն Հակոբյանը հավելեց. «Ղարաբաղի շնորհիվ նախագահ դարձած 3 անձնավորություններն այսօր իրար նկատմամբ թշնամաբար են վերաբերվում: Այն դեպքում, որ շատ հայտնի պատճառներով՝ արտաքին քաղաքականությունը լինելով կուլիսային ոլորտ, այդ տեղեկատվությանը, պահոցին հիմնականում տիրապետում են նախագահները եւ ԱԳ նախարարները: Այսօր նրանք բան ունեն իրար փոխանցելու, քննարկելու եւ միասնական որոշման գալու: Բայց այսօր քաղաքական դաշտն իր մակարդակով, պահվածքով ու խմորումներով նպաստում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի ոչ հօգուտ Հայաստանի: Ու սա առաջին հերթին գալիս է մեր նախագահների պահվածքից: Ինձ թվում է, որ գործում է «ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» սկզբունքը»: