Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ ԷՐ ԶԲԱՂՎԵԼ ՀՀՇ-ԱԿԱՆՈՎ

Հուլիս 16,2009 00:00

Դե, նա էլ զբաղվել էր

Դեռ անցյալ տարի Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի կողմից 2008թ. մարտի 5-ին ՀՀ մարզային դատախազներին ուղարկված մի գաղտնի շրջաբերական, որտեղ ՀՔԾ պետը վերջիններիս հանձնարարել էր ի հայտ բերել Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, համակիրներին, փետրվարի 20-ից մինչեւ մարտի 2-ը ընկած ժամանակահատվածում հանրահավաքներին մասնակցած անձանց մասին տեղեկություններ հավաքել, նաեւ՝ «բնակության վայրերից վերցնել հանրահավաքներին մասնակցած անձանց» եւ Լ. Տեր-Պետրոսյանի «նախընտրական շտաբների պետերի, նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկանքներ եւ բնութագրեր»: Հասկանալի էր, որ այսօրինակ հանձնարարականները այդ օրերին միայն ՀՔԾ պետը չէ, որ տվել էր, ակնհայտ էր նաեւ, որ ընդդիմության համակիր քաղաքացիների դեմ ամբողջ հանրապետության տարածքում է վհուկների որս սկսվել: Ու թեեւ 2008թ. նախագահական ընտրություններից անցել է շուրջ մեկուկես տարի, բայց այսօր էլ ի հայտ են գալիս պաշտոնական գրագրություններ, փաստաթղթեր, որոնք փաստում են ինչպես այդ ընտրությունների նախընտրական շրջանում, այնպես էլ դրանից հետո ընկած ժամանակահատվածում ընդդիմության համակիրների դեմ իշխանությունների կողմից սանձազերծված «պատերազմի», հալածանքների եւ քաղաքական հետապնդումների մասին: Այդպիսի մի փաստաթուղթ ընդամենը օրերս հայտնվեց մեր ձեռքի տակ (տես՝ լուսանկարը):

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանի ստորագրությամբ այդ փաստաթուղթը, որը թվագրված է 2008թ. մարտի 6-ով, ըստ էության, համանման հանձնարարական էր՝ ուղղված Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին. «Հայտնում եմ ձեզ, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՀՇ կուսակցության անդամներ, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Արշավիր Շավարշի Ղուկասյանը, մարզպետարանի կրթության բաժնի պետ Մայիս Սեդրակի Խաչատրյանը, մարզպետարանի քարտուղարության առաջատար մասնագետ Արմեն Արտավազդի Հովհաննիսյանը պարբերաբար ս. թ. հունվարի 21-ից մինչեւ փետրվարի 29-ը մասնակցել են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից անցկացվող նախընտրական քարոզարշավին, ինչպես նաեւ վերջինիս կողմից Երեւան քաղաքի Ազատության հրապարակում չարտոնված հանրահավաքներին»: Թե մարզպետին փոխանցած այս տեղեկության մեջ ի՞նչ արտառոց բան կա, որի մասին գնդապետ Գրիգորյանը հարկ է համարել մի առանձին գրությամբ դիմել մարզպետին՝ մնում է ենթադրել, մանավանդ, որ ՀՀ ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է համակրել քաղաքական որեւէ ուժի կամ մասնակցել հանրահավաքների, ժողովների եւ այլն: Մյուս կողմից՝ եթե մարզպետարանի հիշյալ աշխատակիցների արարքում ապօրինության կամ քրեական հատկանիշներ կային, ապա տրամաբանական կլիներ, եթե Գ. Գրիգորյանն ինքը դրանով զբաղվեր: Բայց այս գրության ողջ «գրավչությունն» էլ հենց այն է, որ ոստիկանության վարչության պետի «դանոսը» բացառապես մեկ նպատակ է հետապնդել՝ հուշել կամ հանձնարարել մարզպետին «զբաղվել» իր այլախոհ աշխատակիցներով, ինչը եւ մարզպետն արել է՝ հիշյալ գրությունը մակագրելով մարզպետարանի աշխատակից ոմն Ա. Մանուկյանի. «նշված անձանցից պահանջել բացատրություններ եւ վարվել ըստ օրենքի»:

Արդյունքում այս անձանցից գոնե մեկը, մենք տեղեկություններ ունենք միայն մեկի մասին, Արամ Հովհաննիսյանը ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 2008թ. մարտի 11-ի թիվ 44 հրամանով՝ «քաղաքացիական ծառայողի քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ թույլ տալու համար ազատվել է զբաղեցրած՝ Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության առաջատար մասնագետի պաշտոնից»: Հետագայում՝ մայիսի 12-ին, գլխացավանքից ազատվելու, Ա. Հովհաննիսյանի՝ աշխատանքի վերականգնման հնարավոր պահանջը էն գլխից «ջրելու» համար ընդհանրապես կրճատվել էր նրա հաստիքը: Թե որքանով էին նախագահական ընտրությունների ընթացքում «զսպված» օրինակ ՀՀ պետական հիմնարկներում աշխատող եւ Սերժ Սարգսյանի ընտրություններում ներգրավված ոչ միայն քաղծառայողները, այլեւ իրենց աշխատանքի ժամին այդ թեկնածուի օգտին քարոզչություն ծավալած բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նաեւ ինքը՝ մարզպետ Արամ Քոչարյանը, մեր հասարակությանը քաջ հայտնի է: Այդուհանդերձ, նրանցից ոչ մեկը այդպես էլ աշխատանքից չազատվեց:

Ինքը՝ Ա. Հովհաննիսյանը, մարզպետարանում աշխատել էր 2006թ. հուլիսի 7-ից եւ իր պաշտոնավարման ընթացքում ոչ մի կարգապահական տույժ չէր ստացել: Ի տարբերություն պետպաշտոնյաների կամ մարզպետարանի այլ աշխատակիցների՝ 2008թ. փետրվարի 1-ից մինչեւ մարտի 5-ը արձակուրդ էր վերցրել եւ այդ ընթացքում թիվ 30 ԸԸՀ-ում գրանցվել է որպես ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ, մասնակցել էր նաեւ փետրվարի 26-ին եւ 28-ին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքներին, որի հետ կապված ստիպված է եղել բացատրություն տալ ոչ միայն ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնում, այլեւ Լոռու մարզպետարանում: Ընդ որում, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը հայցվորից բացատրություն էր պահանջել արձակուրդի ընթացքում կատարած նրա գործողությունների մասին, ինչը պիտի որ նրան ընդհանրապես չվերաբերեր: 2008թ. մարտի 5-ին Ա. Հովհաննիսյանը վերադարձել էր արձակուրդից ու անցել աշխատանքի: Միայն մարտի 10-ին՝ թերեւս, հենց գնդապետ Գ. Գրիգորյանի վերոհիշյալ գրությունից հետո, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը Ա. Հովհաննիսյանին հրավիրել էր իր մոտ ու պահանջել, որ նա դիմում գրի աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Պահանջի հիմնավորումն էլ այն էր եղել, որ Ա. Հովհաննիսյանը եղել է Տեր-Պետրոսյանի վստահված անձը, նաեւ մասնակցել է փետրվարյան հանրահավաքներին: Ա. Հովհաննիսյանի կողմից մերժում ստանալուց հետո արդեն հաջորդ օրը՝ մարտի 11-ին, աշխատակազմի ղեկավարը ստորագրել էր իր հայտնի՝ թիվ 44 հրամանը: Հարկ է, թերեւս, հիշեցնել, որ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ինչպես Ա. Հովհաննիսյանը, հարյուրավոր քաղծառայողներ եւս, այդ թվում նաեւ՝ նրա գործընկերներից շատերը, տարբեր քաղաքական ուժեր են ներկայացրել եւ եղել են ընտրական հանձնաժողովների անդամներ, վստահված անձինք, մասնակցել են այլ թեկնածուների կազմակերպած զանգվածային միջոցառումներին, սակայն դա չի խանգարել նրանց շարունակել իրենց քաղաքացիական ծառայությունը: Ասել է թե՝ կոնկրետ դեպքում այն, ինչ կատարվել է Ա. Հովհաննիսյանի հետ, պարզապես նրա քաղաքական հայացքների համար հալածանքի կամ քաղաքական հետապնդման դասական օրինակ է:

Ի դեպ, աշխատանքից ազատված Ա. Հովհաննիսյանը իրեն հեռացնելուց ի վեր մինչ օրս էլ դատական ատյաններում վիճարկում է թիվ 44 հրամանը: Ս.թ. հունիսի 19-ին քաղաքացիական այս գործով ՀՀ վարչական դատարանը մասնակիորեն էր բավարարել Ա. Հովհաննիսյանի հայցը: Իսկ նա պահանջել էր իրեն վերականգնել աշխատանքի, նաեւ՝ ֆինանսական փոխհատուցում տալ ազատման օրվանից մինչեւ վերականգնման պահը հարկադիր պարապուրդում եղած ժամանակահատվածի համար: Դատարանը թեեւ աշխատակազմի ղեկավարի հրամանը անվավեր էր ճանաչել, նաեւ որոշել էր մարզպետարանից, հօգուտ Ա. Հովհաննիսյանի, բռնագանձել նրա հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի միջին ամսական աշխատավարձը, բայց միայն աշխատանքից ազատման օրվանից մինչեւ նրա հաստիքի կրճատման պահը, բայցեւ մերժել էր նրան զբաղեցրած պաշտոնում վերականգնելու պահանջը: Հիմա նա Վարչական դատարանի վճիռը բողոքարկում է Վճռաբեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել