Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԿՀԱՆԳԵՑՆԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Հուլիս 16,2009 00:00

\"\"Այսօր կայանալիք ցույցով ՀՅԴ-ն մտադիր էր մի գործընթաց սկսել, որի հետեւանքով ՀՀ նախագահը պիտի փոխեր վարվող քաղաքականությունը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը երեկ հետաձգեց ԱԳՆ-ի առջեւ այսօր նախատեսված բողոքի ցույցը՝ Թեհրան-Երեւան ինքնաթիռի վթարի պատճառով: Վթարի ընթացքում զոհվածներից երկուսը դաշնակցականներ են:

Մինչ կկայացվեր հետաձգման այս որոշումը՝ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանին խնդրեցինք անդրադառնալ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի՝ «Ազատություն» ռ/կ-ին հայտնած տեսակետին, թե ՀՅԴ հայտարարությունները ԼՂ խնդրի վերաբերյալ շատ թույլ են, եւ եթե այսպես շարունակվի՝ անգամ կարելի է կասկածել, որ այս ամենը կատարվում է Սերժ Սարգսյանի կազմած սցենարով: «Բոլոր կասկածներին պատասխանելու պարտավոր չեմ զգում,- ասաց պրն Մանոյանը:- Կապրենք՝ կտեսնենք, թե մեր այս կուրսը խա՞ղ է՝ ինչպես Զուրաբյանն է ասում, թե՞ մենք իսկապես այդ գծով ենք գնում»:

ՀՅԴ-ն այս ցույցի ընթացքում մտադիր էր պահանջել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, թեեւ նա ընդամենը կատարող է՝ արտաքին քաղաքականության որոշողը եւ պատասխանատուն ՀՀ նախագահն է: Սակայն Կիրո Մանոյանը կարծում է, թե իրենց պահանջը «հնարավորություն կտա ՀՀ նախագահին, որ եթե որոշել է փոխել քաղաքականությունը՝ նախարարը փոխելով՝ փոխի այդ քաղաքականությունը: Մեր նպատակը քաղաքական գիծը փոխելն է եւ ոչ թե նախագահին»: Ընդունելով, որ նման պահանջ ներկայացնելով՝ իրենք մարտավարական խնդիր են փորձում լուծել, Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավարը հավելեց. «Պարզ է, որ քաղաքականություն որոշողը նախարարը չէ՝ նախագահն է: Բայց արտաքին քաղաքականության հարցում ի պաշտոնե նախարարն է, որ նախագահին պետք է առնվազն հուշի, թե ինչ խնդիրների կարող է հանդիպել՝ վարելով քաղաքական այս կուրսը: Հուսով եմ, որ նախագահը մենակ չէ, որ ամեն ինչ ե՛ւ մտածում է, ե՛ւ ծրագրում, ե՛ւ գործադրում: Այսինքն՝ ինչ-որ մեկից ստանում է խորհուրդ, ու պարզ է, որ արտաքին քաղաքականության պարագայում այդ անձը հիմնականում պետք է լինի ԱԳ նախարարը»:

Մեր հարցին, թե որքանո՞վ են իրատեսական ակնկալիքները, թե Սերժ Սարգսյանը կարող է ցանկություն ունենալ այժմ քաղաքականություն փոխելու, երբ Մադրիդյան սկզբունքները նոր չէ, որ ձեւավորվել են՝ Կիրո Մանոյանը պատասխանեց. «Պարզ է, որ ոչ ոք չէր ակնկալում, թե մի ցույցով նախարար էր փոխվելու: Սա պարզապես սկիզբն էր լինելու մի գործընթացի»: Եվ հիշեցրեց, թե ՀՅԴ-ն միշտ հայտնել է, որ դեմ է Մադրիդյան սկզբունքներին. «Եթե մի դրական կետ կարելի է անպայման փորձել գտնել այնտեղ՝ ԼՂ ինքնորոշման իրավունքին է վերաբերվում: Բայց որպես հարցի կարգավորում՝ այդ ամբողջությունը չի բավարարում մեզ: Եվ գտնում ենք, որ սխալ հիմքերի վրա է՝ առավել եւս, որ այդ կետերի լրամշակման ժամանակ բացակայել է ԼՂՀ-ն: Միջնորդ կողմերը եւ նույնիսկ ԵԱՀԿ գործող նախագահն ասում են, որ առանց ԼՂ ժողովրդի տեսակետի՝ այս հարցը չի կարող կարգավորվել: Եթե այդպես է՝ թող բարի լինեն անպայման հրավիրել ԼՂՀ-ին, որ մասնակցի բանակցություններին: Մանավանդ որ՝ կան բազմաթիվ անորոշություններ ու հարցականներ, որոնք վերաբերում են ԼՂ կարգավիճակին»:

Առանձին կուսակցականներ ու վերլուծաբաններ Հայաստանի համար դրական կետեր մատնանշեցին Մադրիդյան սկզբունքներում, ասենք՝ այն, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պլեբիսցիտի միջոցով՝ նախորդում է փախստականների վերադարձին, կամ՝ որ այնուամենայնիվ կարգավիճակի հարց է քննարկվում՝ ի հակադրություն Իլհամ Ալիեւի պնդումների, թե նման խնդիր չկա եւ այլն: Այս հիշեցումներին ի պատասխան՝ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավարն ասաց. «ՀՀԿ-ի ներկայացուցիչը եւ որոշ վերլուծաբաններ կարծես խոսքերը մեկ արած՝ փորձում էին անպայման գովերգել այս սկզբունքները: Բայց կարծում եմ՝ դա իրենց կողմից սխալ քայլ է, եթե նույնիսկ համոզված են իրենց ասածի մեջ՝ ինչը կասկածում եմ: Համանախագահող երկրների նախագահներն ասել են, թե սրանք մեր առաջարկած սկզբունքներն են՝ խորհուրդ ենք տալիս նախագահներին իրենց չհամաձայնեցրած կետերի շուրջ համաձայնել: Չեն ասել, թե սրանց բոլորի շուրջ պիտի համաձայնեն: Եվ երբ իրենք այդքա՜ն գովերգում են բոլոր կետերը՝ նշանակում է, թե Հայաստանն առարկելու հիմք չունի, քանի որ պարզվում է՝ ամեն ինչ շատ լավ է: Ամեն դեպքում՝ խորհուրդ կտայի, որ նման պնդումներ անողները գնան Ղարաբաղ (ՀՅԴ խորհրդաժողովին հրավիրված էին նման պնդումներ անողներից գոնե 2-ը՝ ՀՀԿ խմբակցությունը եւ «Նորավանք» կենտրոնի ղեկավարը, եւ չեկան), հանդիպեին հասարակությանը, տեսնեին իրական պատկերը եւ դրանից հետո փորձեին անել այդ գովերգումը»:

Կիրո Մանոյանը վերջում ընդգծեց, որ ՀՅԴ մոտեցմամբ՝ Մադրիդյան լրամշակված սկզբունքներն ավելի վատն են, քան նախկին սկզբունքները. «Դրանք եթե հանկարծ կիրառվեն՝ պատերազմի հավանականությունը չափազանց կմեծանա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել