Վրաց ռեժիսոր Նանա Ջորջաձեն՝ իր արվեստի մասին
«Ես իմ բոլոր դերասաններին սիրահարվում եմ, բոլոր գլխավոր դերակատարներին… եթե չսիրահարվեմ, չեմ կարող նկարել»,- խոստովանում է վրաց անվանի կինոգործիչ, ռեժիսոր Նանա Ջորջաձեն: Երեկ Տիկնիկային թատրոնում «Ոսկե ծիրանի» շրջանակներում նա վարպետության դաս անցկացրեց ապագա կինոգործիչների, Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողների ու կինոսիրողների հետ:
Ըստ ռեժիսորների՝ հանդիսատեսի, մասնավորապես սկսնակ կինոգործիչների հետ «տետ ա տետ» հանդիպելը, զրուցելը օգնում է ազատվել ամեն տեսակ վատ մտքերից. «Ցավալին այն է, որ ես իմ հանդիսատեսին չեմ ճանաչում, կինոն նկարելիս նրա մասին չեմ մտածում. դա իմ թերությունն է: Ես միշտ մտածում եմ այն մարդկանց մասին, ում ուղղված է իմ ֆիլմը…»: Ն. Ջորջաձեն պնդում է, որ իրականում ինքը այնքան էլ ինքնավստահ չէ. «Բայց իմ ինքնավստահության պակասը երբեք ոչ ոք չի նկատում, եթե նկատեցին, ուրեմն՝ կործանված եմ: Չգիտեմ ինչու է այդպես, գուցե դա ռեժիսորին հատուկ բնավորության գիծ է: Իրականում միշտ ինչ-որ բան ինձ վախեցնում է: Ամեն անգամ նկարահանման հրապարակ ոտք դնելիս ինձ անտանելի մի վախ է պատում, մեկ-մեկ երազում եմ սրտի կաթված ստանալ, որպեսզի կանխվի իմ նկարահանման հրապարակ մտնելը… մտածում եմ՝ երանի ոտքս կոտրվի ու չհասնեմ տաղավար, վախենում եմ, անդադար վախենում: Մտածում եմ՝ ինձ տրված չէ ֆիլմ նկարելը: Այդպես կոկորդս խեղդված հասնում եմ հրապարակ, տեսնում դերասանիս, որին արդեն հասցրել եմ սիրահարվել, տարվում նրանով եւ սկսում աշխատել: Ամիսներ անց ֆիլմը պատրաստ է: Ես ետ եմ շրջվում եւ ասես ոչինչ էլ չէր եղել, ասես ես ֆիլմ չեմ նկարել, դա երազ էր, որը ես տեսել եմ կամ թվացել է… Այսպես էլ ապրում եմ: Սա իմ կյանքն է»:
Ինչ վերաբերում է անձնականին, Ն. Ջորջաձեն նշեց. «Ես անձնական կյանք չունեմ… Ունեմ ամուսին, երեխաներ, բայց անձնական կյանքի համար, ցավոք, ժամանակ չունեմ: Իմ անձնական կյանքը նկարահանման տաղավարն է, կերպարներս, գլխավոր դերակատարներս, որոնց ես շարունակ սիրահարվում եմ… Դերասաններս միշտ զգում են, որ իրենց սիրահարվում եմ, քանի որ միշտ այդ սիրահարությունը փոխադարձ է լինում: Նրանք հասկանում են, որ առանց այդ զգացմունքների, առանց այդ խաղի՝ չեմ կարող նկարել: Երբ սկսում եմ մտմտալ որեւէ նոր գաղափար ու ֆիլմ, իմ երեխաներից ամեն մեկը քաշվում է իր անկյունում, առանձնանում, ամուսինս էլ կարծես անհետանում է երկրի երեսից: Երբ վերջացնում եմ ֆիլմս, հետո վերադառնում իրական կյանք, հասկանում եմ, որ ամեն ինչ ունեմ, գալիս եմ այն կարծիքին, որ Աստված ինձ տվել է նկարելու հնարավորություն, ուրեմն պետք է օգտվել դրանից»:
Հարցին՝ ինչի՞ մասին երբեք չէր նկարի, Նանա Ջորջաձեն փիլիսոփայորեն պատասխանեց. «Ամեն ինչի: Շատ բաներ կան, որոնք ինձ վախեցնում են, օրինակ՝ մահը: Միշտ չգիտես ինչու ֆիլմերի, վեպերի վերջում մահ է լինում կամ բաժանում: Ես երկու անգամ կլինիկական մահ եմ տարել եւ զգացել եմ այն դատարկության զգացողությունը, էներգիայի պակասը, ցավը, որը պատում է քեզ այդ «կյանքում»: Իրականում դա մի կյանքից մյուսին անցումն է… Այնքան էի ուզում այդ կլինիկական մահից դուրս գալ, վերադառնալ եւ այդ ամենի մասին պատմել ընկերներիս: Իսկ երբ սպառվում է էներգիադ, երբ ավարտվում է ամենագեղեցիկի, ամենավեհի զգացությունը, այդ ժամանակ գալիս է մահը: Նման բան պատկերել էկրանին՝ մի տեսակ տհաճ է: Հետաքրքիրն այն է, որ մահվան վախն իմ մեջ միշտ կա. ամեն ֆիլմ նկարելիս մտածում եմ՝ սա վերջինն է, երեւի հաջորդի հնարավորությունն այլեւս չեմ ունենա»: