Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոսկեծիրանյան խճանկար

Հուլիս 15,2009 00:00

Օրերս ամերիկացի հայտնի ռեժիսոր, թվային կինոնկարահանման՝ Direct Action ոճի ստեղծող Ռոբ Նիլսոնի վարպետության դասը կիսատ թողնելով՝ մի խումբ երիտասարդներ դուրս են եկել՝ ի ցույց դնելով իրենց ձանձրույթը: Այս մասին երեկ կայացած ասուլիսում ակնարկեց ռեժիսոր Նիլսոնն ու մեկնաբանեց. «Չեմ ասում՝ վիրավորված եմ, գուցե ձանձրալի էր շատերի համար իմ դասը, գուցե չէին հասկանում կամ այնքան եմ մեծացել, որ արդեն հետաքրքիր չեմ երիտասարդության համար»: «Ոսկե ծիրանին» ռեժիսորը ներկայացել է Կաննի «Ոսկե կինոխցիկ» մրցանակին արժանացած «Հյուսիսային լույսեր» ֆիլմով:

«Այն ժողովրդից ծնված եւ ժողովրդի համար ստեղծված ֆիլմ է, որը նկարահանելու համար ապրել եմ մի ամբողջ կյանք… Նկարը երիտասարդ սիրահարների պատմություն է, որոնք ներքաշված են առեւտրային եւ քաղաքական պայքարի մեջ: Հույս ունեմ, որ մեծ էկրանին ֆիլմը դիտելիս հայ հանդիսատեսը չի ձանձրանա: Մի տեսակ այդ ձանձրույթից, ձանձրանալուց եւ ձանձրացնելուց վախենում եմ: Երբ ֆիլմս վերջնական տարբերակին բերեցի, աղջիկս 10 տարեկան էր: Ավարտելու պահին աղջիկս հեծանիվ էր քշում աշխատասենյակիս պատուհանից այն կողմ: Նրան կանչեցի եւ առաջարկեցի ֆիլմս միասին դիտել: Նա համաձայնեց. թողեց իր հեծանիվն ու եկավ նստեց կողքիս… Ավարտին հարցրի՝ դե, ինչպե՞ս էր: Նա ուշադիր նայեց ինձ եւ ասաց՝ ձանձրալի էր, անտանելի ձանձրալի»,- կատակեց ռեժիսորը: Հայկական կինոյին Ռ. Նիլսոնը դեռ տարիներ առաջ է հասցրել ծանոթանալ. «Հիացած եմ Սերգեյ Փարաջանովի արվեստով: 84 թվին Մյունխենում առաջին անգամ հանդիպեցի նրան: Նայեց ինձ եւ ասաց՝ ամերիկյան կովբոյն ո՞վ է»: Հայաստանի եւ հայերի մասին էլ նշեց. «Այստեղ գտնվելուս կարճ ժամանակահատվածում շատ արագ հասկացա՝ հայտնվել եմ մի վայրում, որտեղ արվեստն ու արվեստագետները շատ են արժեւորվում: Զարմացած եմ, որ ձեր փողոցները ոչ թե քաղաքական գործիչների անուններով են անվանակոչված, ինչպես աշխարհում է ընդունված, այլ՝ մշակույթի գործիչների»: Ամերիկացի ռեժիսորը ցանկություն հայտնեց Հայաստանում ֆիլմ նկարել. «Հետաքրքիր եւ գրավիչ կլինի: Այստեղ ամեն ինչ կապված է արմատների հետ»:

Հայկական արմատների մասին խոսեցին նաեւ «Հայկական համայնապատկեր» մրցույթի մասնակիցներ «Թեհրանը լուսանկարներում» ֆիլմի հեղինակ Ռոբերտ Սաֆարյանը, «Հայրենի հող» ֆիլմի հեղինակ, իրանահայ Նիկոլ Պեզճյանը եւ ֆրանսահայ երիտասարդ կինոգործիչ, «Աթոս լեռ, վանականների հանրապետություն» ֆիլմի ռեժիսոր ու սցենարիստ Էդի Վիգենը:

Ըստ Ռ. Սաֆարյանի. «Հայրենիքից շատ հեռու ենք, բայց արմատներով ու արած գործերով կպած ենք Հայաստանին: Դժվար է հայրենիքում լինել որպես հյուր ու մասնակցել փառատոնին՝ որպես Իրանի ներկայացուցիչ»: Է. Վիգենն էլ շեշտում է՝ «Արմատներն են ինձ տարին մեկ-երկու անգամ բերում Հայաստան: Երբեմն ուզում եմ լրիվ տեղափոխվել հայրենիք: Ազգանունս Նուքրիթիկյան է, որը հետագայում փոխվել է Նուքուչիքյան: Այն դարձրի ուղղակի Վիգեն, քանի որ նախկինից մի տեսակ թուրքական հոտ էի առնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել