Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆԱԿ՝ ՄԵԾ ՔԱՂԱՔՈՒՄ

Հուլիս 15,2009 00:00

Կամ Չինաստանը՝ Պեկինի համալսարանում սովորող հայ ուսանողի աչքերով

\"\"
Չինաստանում սովորող Տարոնը (ձախից) եւ Արմենը՝ իրենց «չինուհի» դարձած ընկերուհու՝ Լուսինեի հարսանիքին:

Տարոն Մանասյանը տնտեսագիտություն է ուսումնասիրում Պեկինի համալսարանում: Արդեն երկրորդ կուրս է փոխադրվել, բայց մինչ այդ, 2 տարի էլ սովորել է տեղի լեզվի ու մշակույթի համալսարանում, որպեսզի կարողանա մասնագիտական առարկաները ուսումնասիրել հենց չինարենով: Երբ նա խմբագրություն եկավ, խնդրեցի չինարեն հնչեցնել՝ «Բարեւ, հայեր» արտահայտությունը: Խոստովանենք, որքան էլ էկզոտիկ էր, միեւնույն է՝ այն ականջի համար շատ անսովոր էր. «Մի հաո յամեյնիարըն»:

«Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ որոշեց ուսում ստանալ հատկապես Չինաստանում, Տարոնը պատասխանեց. «Չինաստանի տնտեսությունը վերջին 30 տարիների ընթացքում արագ տեմպերով զարգանում է, հետեւաբար, մի երկրում, որն ունի նման հզոր տնտեսություն՝ տնտեսագիտություն վատ չի ուսուցանվի»: Երիտասարդը պատմեց, որ իր բուհում սովորում է 8000-ից ավելի ուսանող, որից 600-ը արտասահմանցի է: Իսկ ինքը միակ հայն է այդ բուհում: Ասում է՝ չինացիները բոլոր հարմարությունները ստեղծում են, որ օտարերկրացին իրեն լավ զգա, ու եթե ուսուցումդ էլ չինարեն է անցկացվում, ոչ թե, ասենք, անգլերեն, ուրեմն լավ գիտելիքները առավել եւս երաշխավորված են: Մեր զրուցակիցն ասում է, որ այս երկրում ամեն ինչ անում են սեփական մշակույթին ու պատմությանը հաղորդակից դարձնելու համար. «Անգամ տնտեսագիտություն սովորելու դեպքում, որոշ առարկաներ պիտի պարտադիր ուսումնասիրես ու քննություն հանձնես: Օրինակ՝ թեկուզ Չինաստանի պատմություն»:

Տարոնից հետաքրքրվեցինք՝ հե՞շտ հարմարվեց չինական իրականությանը: Նա պատմեց, որ սկզբում այնքան էլ դյուրին չի եղել: «Երբ առաջին անգամ ժամանեցի Պեկին, ընդամենը 17 տարեկան էի ու որեւէ մեկին չէի ճանաչում այդ 30-40 միլիոնանոց քաղաքում: Սկզբում ինձ թվաց, թե հայտնվել եմ մի վայրում, որն աշխարհից դուրս է՝ մարդկանց արտասովոր դեմքեր, բոլորն էլ զարմանալիորեն իրար նման, հազարավոր հեծանիվներ, ուրիշ հնչյուններով լեզու… Մեկ ժամից դուրս եկա, որ գտնեմ համալսարանս, որը չափերով հավասար էր Երեւանի մի ամբողջ թաղամասի… Հետո քիչ-քիչ սովորեցի այդ ամենին: Իսկ Լեզվի եւ մշակույթի համալսարանում, ուր շատ էին արտասահմանցիները, ընկերներ ձեռք բերեցի, կամաց-կամաց ինֆորմացիաս Չինաստանի մասին հարստացավ: Ի դեպ, Չինաստանը միակ պետությունն է, որտեղ մեր դեսպանատան աշխատողներն ու այնտեղ սովորող հայ ուսանողները միասին 40-50 հոգի են: Առաջին տարին սպասում էի՝ երբ պիտի 5 ամիսն անցնի, որ վերադառնամ Հայաստան, հիմա՝ ընդհակառակը, կարոտել եմ Չինաստանը, ուզում եմ օր առաջ գնալ»,- նշեց Տ. Մանասյանը: Հարցրինք՝ ինչպե՞ս է ժամանցը կազմակերպում այնտեղի ուսանողությունը: «Չինաստանում կրթական համակարգն այնպիսին է, որ բուհ ընդունվածը իսկապես լուրջ գիտելիքներ է ունենում եւ պարտավոր է լավ սովորել: Այնտեղ կրթությունը թանկ հաճույք է: Միլիարդուկես բնակչություն ունեցող այս պետության մեջ եթե որեւէ մեկը պետպատվերով է սովորում, ուրեմն պետությունը ակնկալիքներ ունի նրանից: Չինացի ուսանողները ազատ ժամանակ շատ քիչ են ունենում այլ բաներով զբաղվելու համար: Ես նկատել եմ, որ այնտեղի ուսանողների 80%-ը օպտիկական ակնոց է կրում, դա հավանաբար նրանից է, որ շատ են կարդում»,- հայտնեց երիտասարդը: Խոսելով Չինաստանում ՀՀ դեսպանատան մասին՝ նա հավելեց, որ այն հաճախ է կազմակերպում հավաքույթներ հայ ուսանողների համար, նրանց պարգեւելով հայկական մթնոլորտ: Տարոնը փաստում է, որ Չինաստանում ՀՀ դեսպանատունը ամենամեծն է այլ երկրների հայկական դեսպանատներից:

Մեր զրուցակիցը նշեց, որ շփվում է Չինաստանի այլ բուհերում սովորող հայաստանցիների հետ: Ընկերներով ներկա են գտնվել հայազգի Լուսինե Սարգսյանի ու չին երիտասարդի ամուսնությանը, վերջիններս արդեն բալիկ ունեն: Տարոնը տպավորված է չինական մշակույթով, կենցաղով, նրանց հայտնի թեյարաններով: Երիտասարդը ժպիտով պատմեց, թե ինչպես է զարմացել, երբ առաջին անգամ տեսել է չինացիների՝ բաժակի մեջ թեյ լցնելը՝ 2 մետր հեռավորությունից: «Ո՞վ գիտի, գուցե թեյի անուշ համի գաղտնիքը հենց հեռվից թեյ լցնելու մե՞ջ է»,- կատակում է նա: Նաեւ պատմում է, որ առաջին 6 ամիսներին դժվարացել է չինական փայտիկներով սնվել. «Մինչեւ մոտեցնում էի բերանիս՝ վրան բան չէր մնում»: Տարոնին հետաքրքրել է նաեւ չինական Նոր տարին, որ սկսվում է փետրվարից եւ ձգվում մինչեւ մարտ ամիսը. «Առաջին յոթ օրը 24 ժամ շարունակ ողջ Չինաստանում հրավառություն է լինում: Քանի որ անսովոր էր, ես ու ինձ հյուրընկալված եղբայրս չկարողացանք քնել, որովհետեւ այդ պայթյունները ուղիղ մեր պատուհանի տակ էին: Այդ հրավառությունը խորհուրդ ունի, ըստ ավանդության՝ այդ ձայներով արթնացնում են չինական վիշապին»:

Զրույցի վերջում Տ. Մանասյանը մի ցանկություն հայտնեց. Չինաստանում կրթություն ստացած իր նման երիտասարդներին հնարավորություն ընձեռվի գիտելիքները կիրառել Հայաստանում եւ խրախուսել նրանց վերադարձը. «Անձամբ ես վերադառնալու եմ Հայաստան, բայց քիչ չեն երիտասարդները, որոնք ավարտելուց հետո մնում են Չինաստանում, որովհետեւ նրանց կարիերայի ու լավ աշխատանքի հարցը այնտեղ հեշտությամբ է լուծվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել