Երեկ առավոտյան Իրանում մահապատժի ենթարկվեց «Ջանդալլահ» ապստամբ սուննիական խմբավորման 13 անդամ: Նրանք բոլորն անվանվեցին աստծո թշնամիներ, մեղավոր ճանաչվեցին արտասահմանցիներին առեւանգելու, անմեղ մարդկանց սպանելու եւ ահաբեկչություններ կազմակերպելու մեջ: Մահապարտները կախաղան հանվեցին Իրանի եւ Պակիստանի սահմանի մոտ գտնվող Զահեդան քաղաքի բանտում: Այդ տարածաշրջանը հայտնի է որպես սուննիների եւ շիաների հակամարտության էպիկենտրոն:
Նախօրեին իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկիչները կախաղան են հանվելու հրապարակայնորեն, սակայն վերջին պահին փոխեցին որոշումը, եւ մահապատիժն իրականացվեց փակ դռների հետեւում: «Ջանդալլահի» գրոհայինների կողմից իրականացված վերջին ահաբեկչությունը տեղի է ունեցել այս տարվա մայիսի վերջին, երբ պայթեցվել էր Զահեդանում շիաների մզկիթը, որի հետեւանքով զոհվել է 23 հոգի: