Հայաստանի կողմից առաջադրվող երեք հիմնական սկզբունքներն արտացոլված են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ հրապարակված դրույթներում՝ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ՕՏԱ-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմինֆոն»: «Մասնավորապես՝ արտացոլված են հայկական կողմի առաջադրած երեք սկզբունքները, որոնց շուրջ մենք աշխատում ենք եւ կշարունակենք աշխատել: Այդ սկզբունքներից առաջինը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակին, քանի որ սեփական ճակատագիրը կարող է որոշել միայն իր բնակչությունը՝ հանրաքվեի ճանապարհով, որի արդյունքները պարտադիր կլինեն բոլորի համար: Մինչ հանրաքվեն նախատեսված է միջանկյալ կարգավիճակ, որտեղ ԼՂՀ-ն եւս ունի որոշակի միջազգային սուբյեկտություն»,- ընդգծել է Քոչարյանը: Բացի այդ, նա նշել է ԼՂՀ եւ ՀՀ միջեւ հուսալի ցամաքային կապի ապահովման կարեւորությունը: Քոչարյանը կարեւորել է նաեւ ԼՂՀ բնակչության անվտանգությունն ապահովող միջազգային բազմաշերտ համակարգի առկայությունը: «Առայժմ բանակցությունները շարունակվում են, ինչը չի նշանակում, որ տպագրվել է փաստաթուղթ, որը ենթակա է ստորագրման: Դա բավականին լուրջ աշխատանք է, որի ընթացքում անհրաժեշտ է հստակեցնել բոլոր այն դրույթները, որոնք պահանջում են լուրջ մոտեցումներ եւ քրտնաջան աշխատանք»,- ասել է Քոչարյանը: