Հանրապետական ընդունող հանձնաժողովի հուլիսի 14-ին կայացած նիստում որոշում է կայացվել ընդառաջել այս տարվա շրջանավարտ-դիմորդներին եւ ատեստատները բուհերի ընդունող հանձնաժողովներ ներկայացնելու ժամկետը երկարաձգել մինչեւ հուլիսի 23-ը։ Ատեստատի առկայությունը, ընդունելության կանոններով, պարտադիր է. այդ դեպքում միայն դիմորդը կմասնակցի ընդունելության մրցույթին։
Հանրապետական ընդունող հանձնաժողովի հուլիսի 14-ի նիստում հաստատվել են նաեւ մայրենի եւ օտար լեզուների բանավոր ու ստեղծագործական մրցույթի գրավոր քննությունների հանձնաժողովների կազմերը։ Հանձնաժողովներում ընդգրկված են մասնագետներ տարբեր բուհերից՝ ԵՊՀ-ից, ԵրԼՀ-ից եւ ԵՊՄՀ-ից, ինչպես նաեւ դպրոցների ուսուցիչներ։ Նշված առարկաների հանձնաժողովների նախագահներ են նշանակվել հետեւյալ մասնագետները. հայոց լեզու եւ գրականություն՝ Ռիտա Սաղաթելյան (ԵՊՀ, բ.գ.դ., պրոֆեսոր), ստեղծագործական մրցույթ՝ Նաղաշ Մարտիրոսյան (ԵՊՀ, բ.գ.դ., դոցենտ), անգլերեն լեզու՝ Ելենա Երզնկյան (ԵՊՀ, բ.գ.դ., պրոֆեսոր), ֆրանսերեն լեզու՝ Մելանյա Ղազարյան (ԵրԼՀ, բ.գ.թ., դոցենտ), գերմաներեն լեզու՝ Մարգարիտա Մաթեւոսյան (ՀՀ ԿԳՆ),•ռուսաց լեզու եւ գրականություն՝ Լիլիա Բալասանյան (ՀՀ ԿԳՆ, բ.գ.թ., դոցենտ), իսպաներեն լեզու՝ Մերի Սուքիասյան (ԵՊՀ, դոցենտ),•իտալերեն լեզու՝ Արաքսյա Ստեփանյան (ԵՊՀ, դասախոս):