Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ դպրոցները դեռ «փակ գիրք» են

Հուլիս 15,2009 00:00

Ավագ դպրոցների որոշ տնօրեններ այլեւս չեն դիմանում ծառացած հիմնախնդիրներին

Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ավագ դպրոց. խնդիրներ, լուծումներ» խորագրով հանրապետական կլոր սեղան, որին հրավիրված էին ոլորտի պաշտոնատար անձինք, ավագ դպրոցների տնօրեններ եւ մանկավարժներ: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ներկայացրեց կրթահամալիրի կազմում գործող երեք ավագ դպրոցներն ու դրանցում բացված մասնագիտացումները: Իր խոսքում պարոն Բլեյանն ասաց. «Ինչ են անելու 9-րդ դասարանն ավարտած այն երեխաները, որոնք հումանիտար, բնագիտամաթեմատիկական կամ այլ հոսքերում անելիքներ չունեն: Այստեղ կարող է փրկություն լինել մեկամյա արհեստագործական ուսուցումը»: Այնուհետեւ Ա. Բլեյանը խոսեց հիմնական դպրոցի մասին. «Ավագ դպրոցը պիտի լինի հիմնական դպրոցի պատվիրատուն: Վտանգ կա, որ մեր միջնակարգ դպրոցը իր բոլոր արատներով կարող ենք տեղափոխել երկու, իբր, ինքնուրույն՝ հիմնական եւ ավագ դպրոցներ»:

«Առավոտը» զրուցեց մի շարք ավագ դպրոցների տնօրենների հետ՝ պարզելու նրանց մտահոգությունները: Թիվ 105 ավագ դպրոցի տնօրեն Բելլա Սուքիասյանը մեզ հետ զրույցում ասաց. «Խնդիրները հիմնականում կապված են կազմակերպական հարցերի եւ նյութատեխնիկական բազայի ապահովման հետ: Սակայն այդ խնդիրները միանգամից լուծվել չեն կարող: Այդքանով հանդերձ՝ կարծում եմ, որ ճիշտ ժամանակին էր այս ծրագրի իրականացումը: Թե չէ՝ ոչ ավագ դպրոցներում 10-11-րդ դասարաններում երեխաները չեն սովորում, դասերն անցնում են կիսադատարկ դասարաններում, այսինքն՝ պետությունը հսկայական միջոցներ է ծախսում, բայց արդյունքը չի տեսնում»: Ավագ դպրոցների ստեղծման հարցի հետ անմիջականորեն կապվում է նաեւ որոշ կադրերի կրճատման հարցը: Այս մասին Բ. Սուքիասյանն ասաց. «Դպրոցների միջեւ կադրերի փոխանակում կլինի միայն այն դեպքում, եթե լինեն լավագույն կադրեր, քանի որ ոչ մի ավագ դպրոց չի հրաժարվի լավ կադրից»:

Զրուցեցինք նաեւ Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի տնօրեն Երվանդ Սարգսյանի հետ: Նա նշեց. «Ավագ դպրոցը ենթադրում է նաեւ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, որոնք, ցավոք, այսօրվա դրությամբ քիչ են: Ֆինանսական գործոնը եւս կարեւորում եմ, քանի որ ուսուցչին պիտի շահագրգռել: Բոլոր ավագ դպրոցները պիտի կարողանան ստեղծել իրենց հայեցակարգը, ինչի շնորհիվ կկարողանան որոշակիորեն տարբերվել մյուս ավագ դպրոցներից: Օրինակ՝ կարող են լինել դպրոցներ, որոնք աչքի կընկնեն հումանիտար կամ այլ բնագավառում, ուստի ծնողներն ավելի հեշտ կկողմնորոշվեն իրենց երեխային որ դպրոցը տանել՝ կախված նրանից, թե նա ինչ ուղղություն է ընտրել»: Այնուհետեւ պարոն Սարգսյանն ասաց. «Պիտի փոխվեն ավագ դպրոցների նկատմամբ գործող չափանիշները, օրինակ՝ եթե հիմնական դպրոցում մեկ դրույքի ծանրաբեռնվածությունը 22 ժամ է, ավագ դպրոցում դա պիտի իջեցնել: Մեկ օրենսդրական նախաձեռնություն էլ պիտի արվի. եկամտահարկը, որ պահվում է անհատական աշխատողների համար, ճիշտ կլինի պահել դրույքաչափով, ինչի արդյունքում մենք հնարավորություն կունենանք առանձին մի ծրագրի համար հրավիրել դրսից մասնագետի»:

Գավառի թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Տաթեւիկ Չիչակյանն էլ իր ելույթում առանձնացրեց մի քանի թերություններ. «Խնդիրներից ամենալուրջը ինֆորմացիայի պակասն է ավագ դպրոցների վերաբերյալ: Մյուսը՝ ավագ դպրոց ընդունելությունը առանց որեւէ սահմանափակման, ինչը խոչընդոտ հանդիսացավ ուսումնական պրոցեսի առավել արդյունավետ կազմակերպման գործում: Դպրոց ընդունվեցին դիմում ներկայացրած բոլոր աշակերտները, եւ նրանց բաշխումը ըստ հոսքերի հիմնավորված էր զուտ ցանկություններով: Բայց ուսումնական պրոցեսի ընթացքում պարզ դարձավ, որ այդ որոշումը կապված էր զուտ դասընկերոջ, բարեկամի շրջապատում հայտնվելու հետ: Պակաս խնդրահարույց չեն դասագրքերը: Պետականորեն հաստատված ծրագրերի եւ դրանց համապատասխան դասագրքերի բացակայությունը շատ բարդություններ առաջացրեց»:

Ավագ դպրոցների համակարգի առաջ ծառացած խնդիրներն այնքան են հոգնեցրել խեղճ տնօրեններին, որ նրանցից ոմանց մոտ, իրենց խոսքով, հրաժարականի տրամադրություններ են առաջացել: Որոշ տնօրենների էլ հետաքրքրում է, թե՝ եթե ավագ դպրոցում դասավանդող ուսուցիչների ֆինանսավորումը ավելանում է 20%-ով, ապա տնօրենների՞ն ինչ է սպասվում: Տնօրենների միջեւ խոսակցության մյուս թեման այն է, որ որոշ հիմնական դպրոցների տնօրեններ որոշել են իրենց դպրոցներում ստեղծել մասնավոր ավագ դպրոցներ: Այս մտահոգությունները փոխանցեցինք ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին: Նա ասաց. «Տնօրենների համար նման բան չենք նախատեսում: Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա չեն կարող հիմնական դպրոցներում բացվել մասնավոր ավագ, ոչ էլ ավագ դպրոցներում, մասնավոր հիմնական դպրոցներ: Եթե անգամ որոշ մարդիկ ունեն այդպիսի երազանքներ, ապա դրանք կմնան ընդամենը երազանքներ, քանի որ նրանք լիցենզավորում չեն ստանա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել