Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՑՈՂԻԿ ՇԵՄԻ ԱՆԿՈՒՄ՝ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

Հուլիս 15,2009 00:00

\"\"Մինչդեռ հայոց պատմության եւ օտար լեզուների հեշտ թեստերի արդյունքում ընդունելության անցողիկ շեմի աճ է սպասվում միջազգային հարաբերություններ, իրավաբանական ֆակուլտետներում:

Երեկ տեղի ունեցավ լրացուցիչ միասնական նախավերջին քննությունը՝ ֆիզիկա առարկայից: Նշենք, որ այս քննությունից բացակայած դիմորդների թիվը մյուս քննությունների համեմատությամբ ռեկորդային էր՝ 40 հոգի: Քանի որ ավարտին է մոտենում միասնական քննությունների արշավը (առջեւում ռուսերեն լեզվից լրացուցիչ միասնական քննությունն է), երեկվա քննությանը մասնակցեց նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Հավաքված ծնողներին հետաքրքրում էին մրցույթային միավորները, բայց նախարարը համառորեն ոչինչ չասաց այդ մասին՝ պատճառաբանելով, որ դա անում է ի շահ նրանց երեխաների: Ա. Աշոտյանի հետ զրույցում ծնողներից մեկը դժգոհեց. «Մենք ՌԴ-ից ենք եկել, եւ երեխաս հայերեն կարդալ- գրել չգիտի, ուստի խնդրել է թեստը թարգմանել: Բայց կենսաբանության քննության ժամանակ քննության մեկնարկից միայն մեկուկես ժամ հետո են նրան տվել թարգմանությունը: Ես չգիտեմ՝ ինչ պատճառով են ուշացրել թարգմանությունը»: Նախարարն էլ ասաց. «Բայց թարգմանության ժամանակը երեխայի քննական ժամից դուրս է գալիս: Իսկ մինչեւ ծրարի բացվելը՝ ոչ ոք չէր կարող թեստ թարգմանել, քանի որ կլիներ թեստի գաղտնիության խախտում: Մյուս կողմից էլ մենք հատուկ ռուսերեն լեզվով նույն թեստերը չունենք, դա հավելյալ աշխատանք է, որն արվում է զուտ դիմորդներին ընդառաջելու համար»: Ծնողներին հետաքրքրեց, թե ընդունելության ցուցակները ե՞րբ են կախվելու: Նախարարը խոստացավ՝ օգոստոսի 1-ին: Այնուհետեւ Ա. Աշոտյանը զրուցեց լրագրողների հետ: Նախ գնահատեց լրացուցիչ փուլի անցկացումը. «Այն մտահոգությունները, որ կային լրացուցիչ փուլից առաջ, այդ է՝ ունենալ բարձր միավորներ, արտահոսք, չարդարացվեցին, դրա վկայությունն է հիմնականի եւ լրացուցիչ քննությունների ժամանակ գրանցված միջին թվաբանականի նույնությունը»: Հետո էլ նախարարը նշեց, որ այսօրվանից թեւակոխում ենք քննական մարաթոնի երրորդ՝ վերջին փուլ, երբ կմեկնարկեն բանավոր, ստեղծագործական մրցույթի եւ ներբուհական քննությունները: Արդեն հայտնի են առարկայական քննական հանձնաժողովների նախագահները: Ա. Աշոտյանն ասաց, որ փորձել են պահպանել համամասնությունը՝ հանձնաժողովներում ընգրկելով նաեւ ուսուցիչների: Իսկ այս տարվա կարեւորագույն հետեւությունը, ըստ նախարարի, այն է, որ մյուս տարի պիտի առավել մեծ ուշադրություն դարձնեն հասարակության տեղեկատվական աջակցությանը: Քանի որ ե՛ւ հիմնական, ե՛ւ լրացուցիչ քննությունների ժամանակ օտար լեզուներից գրանցված միջին միավորը մյուս առարկաների համեմատ ավելի բարձր էր, ԿԳ նախարարից հետաքրքրվեցինք՝ նախարարության որդեգրած սկզբունքը՝ այնպիսի թեստեր կազմել, որ ապահովեն միջին միավորներ, ինչու՞ չաշխատեց: Ա. Աշոտյանը պատասխանեց. «Մենք փաստացի ունեցանք ծայրահեղ շեղումներ. հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա առարկաներից ունեցանք բարդ, օտար լեզուներից եւ հայոց պատմությունից՝ համեմատաբար հեշտ թեստեր: Դա բխում է մեր համակարգի անփորձությունից: Օտար լեզուների ժամանակ անսպասելի բարձր են եղել գնահատականները: Ուստի՝ այնտեղ, որտեղ հայոց լեզուն եւ մաթեմատիկան են մրցութային առարկաներ, ենթադրվում է անցումային ցածր շեմ, քան նախորդ տարի, իսկ որտեղ մրցութային են օտար լեզուն եւ հայոց պատմությունը՝ ենթադրվում է ավելի բարձր շեմ, քան նախորդ տարի էր»:

Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում տնտեսագիտականում կնկատվի անցողիկ շեմի անկում, իսկ միջազգայինում, իրավաբանականում՝ աճ, Ա. Աշոտյանը պատասխանեց. «Ձեր նշած վերջին երկու ֆակուլտետներում մրցութային է հայոց լեզու առարկան, որից ցածր միավորներ են գրանցվել, փոխարենը բարձր են եղել օտար լեզվի եւ հայոց պատմության միավորները, ուստի կանխատեսում եմ, որ իրավաբանական, միջազգային հարաբերությունների, հանրային կառավարում, արեւելագիտություն ֆակուլտետներում կնկատվի անցողիկ շեմի աճ, իսկ տնտեսագիտականում, որտեղ մրցութային առարկաներից էին մաթեմատիկան եւ հայոց լեզուն, որոնց երկուսի արդյունքներն ավելի ցածր են, կնկատվի անցողիկ շեմի անկում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել