Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ

Հուլիս 15,2009 00:00

\"\"Քաղաքական նոր «եռանկյունաչափության» փնտրտուք

Թուրքիայի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ սկսված երկխոսությունը, հայ-ադրբեջանական հանդիպումների եւ բանակցությունների ինտենսիվացումը գործընթացներ են, որոնք զարգանում են Հարավկովկասյան տարածաշրջանում հակասական եւս մեկ դժվար լուծելի թնջուկի ուղղությամբ, եւ որոնք վկայում են ներքին եւ արտաքին բոլոր խաղացողների ակտիվ եւ ռեակտիվ քաղաքականության մասին: Բայց այդ գործընթացների՝ բոլորին, եւ առաջին հերթին՝ Հայաստանին ու Ադրբեջանին, ձեռնտու արդյունքը խզման կանխարգելումն է, ինչը կարող է ավելի լուրջ կորուստների բերել, քան ունեցել են ռուս-վրացական պատերազմի մասնակիցները: Բազմաշերտ ու բազմակողմանի, համընդհանուր շարժման զգացողություն առաջացնում են այցերն ու հանդիպումները, բանավոր-գրավոր պայմանավորվածությունները մինչ այժմ գործընկերության համար աներեւակայելի թվացող կողմերի միջեւ:

«Ի՞նչ անել հայ-թուրքա-ադրբեջանական եռանկյունու հետ հետօգոստոսյան պայմաններում». մի հարց է, որով ակտիվորեն զբաղվում են արտաքին բոլոր ուժերն ու երկրները, որոնք անցած երկար տարիների ընթացքում ոչ միայն հասել էին որոշակի հավասարակշռության, այլեւ ընկալում էին երկրաչափական այդ մարմինը որպես փոխակերպման ոչ ենթակա ինչ-որ կայուն մի բան: Քաղաքական նոր «եռանկյունաչափության» ստեղծումը, որը կարող է գործել նաեւ այս եռանկյունու տիրույթում, ընթանում է ողջ ուժով, եւ ակնհայտ է, որ այս դեպքում բոլոր նոր բանաձեւերի համար սկզբունքային նախապայման է, որպեսզի դրանք վատագույն դեպքում հանգեցնեն զրոյական արդյունքի:

Օգոստոսյան պատերազմի առաջին օրերի համատարած նյարդայնությունը ոչ միայն պարզապես շարունակվում է մինչ օրս, այլեւ ավելի է սրվում ու դրսեւորվում ակնհայտորեն: Թեեւ, բացի Ռուսաստան-Վրաստանից, մնացած երկրների միջեւ ընթացող հետօգոստոսյան գործընթացները ձեւով կառուցողական, կոոպերացիոն բնույթ են կրում, բայց բովանդակությամբ զարգանում են աննախադեպ խճանկարային. մարտավարական եւ ռազմավարական գործընկերությունները հակասում են իրար, եւ մի հարցում սպասելի օգուտները անխուսափելիորեն մարվելու են մյուսում կրած կորուստներով:

2009 թ. առաջին կեսի ընթացքում հայ եւ ադրբեջանցի փորձագետների շրջանում անցկացրած մեր հարցումները նախեւառաջ ցուցադրում են այդ անհանգստությունը, նաեւ՝ շուրջբոլորն ընթացող երեւույթների տարբեր գնահատականները: Ընդ որում՝ ոչ միայն արդեն ծանոթ գծապատկերով, երբ հայ փորձագետների կարծիքները հակասում են ադրբեջանցիների կարծիքներին: Տարընթերցումներ կան նաեւ միեւնույն կողմը ներկայացնողների մեջ, եւ, իհարկե, դրանք բոլորը վերաբերվում են կողմերի համար բավական սկզբունքային հարցերին: Նախեւառաջ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ռազմավարական գոծընկերներ Ռուսաստանի ու Թուրքիայի հետ տեղի ունեցող փոխակերպումներին: Եվ եթե հայ փորձագետներն անհանգստություն են արտահայտում ռուս-ադրբեջանական ու ռուս-թուրքական գործընթացների առիթով, ապա ադրբեջանական մասնագետները տարբեր, երբեմն բեւեռային գնահատականներ են տալիս հայ-թուրքական գործընթացին: Իսկ սա առաջին հերթին հայ եւ ադրբեջանական հասարակություններում զուգահեռ ընթացող լայն ու ոչ միանշանակ քննարկման վկայությունն է:

Ի՞նչն է բնորոշ Հայաստանի, Ադրբեջանի, ողջ տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ներկա քաղաքականությանը: Որո՞նք են Հայաստանի ու Ադրբեջանի համար օգոստոսյան պատերազմի գլխավոր դասերը: Որքա՞ն երկարատեւ կարող է լինել ռուս-թուրքական մերձեցումը, եւ ինչպե՞ս այն կազդի ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրադրության վրա: Կա՞ տարբերություն Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած շահերի միջեւ, եւ ո՞րն է այն: Կարո՞ղ են, արդյոք, ղարաբաղյան հակամարտության հարցում համընկնել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը: Ինչպե՞ս կարող է հայ-թուրքական կարգավորումն ազդել տարածաշրջանի հաղորդակցական կառուցվածքի վրա եւ այլն:

Երկու երկրների 24 մասնագետներին առաջադրված հարցերի նույնիսկ այս հատվածից (բոլոր հարցազրույցները «հայացք Հայաստանից եւ հայացք Ադրբեջանից» սկզբունքով արդեն տպագրվել են հայկական եւ ադրբեջանական մամուլում) երեւում է, որ մեր հարցումների արդյունքում լուսաբանվել են հայ-ադրբեջանական տիրույթի հետօգոստոսյան բոլոր եզրերը:

Կարող է ծագել մի բնական հարց. ի՞նչ տարբերություն կա մինչ եւ հետօգոստոսյան հայ-ադրբեջանական իրադրությունների միջեւ:

Զուգահեռ բանակցություններ ընդհանո՞ւր շահերի շուրջ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների համար սենսացիոն նորություն էին հայ-թուրքական գործընթացն ու ռուս-թուրքական շահերի համընկնումը: Ինչպե՞ս դա կարձագանքվի ղարաբաղյան ուղղությունում. սա մի հարց է, որը հավասարապես մտահոգում է եւ հայ, եւ ադրբեջանցի փորձագետներին: Հասկանալի է, որ թեեւ մեր հարցմանը ենթարկված հայ մասնագետներից եւ ոչ մեկը ուղղակիորեն չի նշում Ցեղասպանության ճանաչման խնդիրը, բայց ակնհայտ է, որ այն պակաս նշանակություն չունի, քան Թուրքիայի՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված նախապայմաններից ետ կանգնելը:

Հայ փորձագետները չեն հավատում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ խզմանը, ինչպես նաեւ՝ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի անկեղծությանը: «Հիմա չկան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, որպեսզի Անկարան կատարի քայլեր, որոնք կարող են վնասել Բաքվի հետ ունեցած նրա հարաբերությունները: Բաքուն էական դեր է խաղում Թուրքիայի՝ Վրաստանի, Իրանի, Կասպիական ավազանի երկրների հետ հարաբերությունների համակարգում…» (Ս. Սարգսյան), «Ադրբեջանա-թուրքական հակասությունները ժամանակավոր բնույթ են կրում եւ կառավարելի են այդ երկրների ժողովուրդների ու ղեկավարների կողմից» (Ռ. Հակոբյան): «Թեեւ միեւնույն ժամանակ նշում են, որ հայ-թուրքական երկխոսությունն արդեն ինչ-որ չափով արդեն ազդել է ղարաբաղյան կարգավորման վրա, բայց հարցն այն է, թե ինչ չափով» (Ս. Սարուխանյան):

Ադրբեջանցի փորձագետներն ավելի քննադատաբար են մոտենում այս հարցին, միեւնույն ժամանակ տալով բեւեռային գնահատականներ: Ճիշտ է, գրեթե բոլորն այսպես թե այնպես Թուրքիայի՝ հնարավոր ձեռքբերումներն ու կորուստները պայմանավորում ու բացատրում են ղարաբաղյան հակամարտությունով. «Դժվար է հասկանալ, թե ի՞նչ կկորցնի մեր երկիրը Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների բարելավման դեպքում: Ընդհակառակը՝ Թուրքիան ավելի արդյունավետորեն կարող է մասնակցել բանակցային գործընթացին եւ նույնիսկ դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավորը» (Ա. Աբբասով), եւ «Սահմանի բացումն օրակարգից կհանի բռնազավթված տարածքների վերադարձի հարցը եւ դուրս կբերի Հայաստանը տրանսպորտային ու հաղորդակցական մեկուսացումից: Հայաստանին չեզոքացնելով՝ Թուրքիան չի կարողանալու չեզոքացնել հայկական լոբբին, կարող է ի դեմս Ադրբեջանի՝ կորցնել իր ռազմավարական գործընկերոջը» (Ս. Աքպեր):

Երկխոսության, սահմանի բացման արդյունքում Հայաստանի ու Թուրքիայի ունենալիք կորուստներն ու ձեռքբերումները թվարկելիս հայ եւ ադրբեջանցի փորձագետները բոլորից հաճախ ընդգծում են, թե Հայաստանը կշահի տնտեսապես, իսկ Թուրքիան՝ քաղաքականապես: Թեեւ նրանք բոլորը նաեւ ասում են, որ եթե բացվի սահմանը, ապա Հայաստանը դուրս կգա մեկուսացումից: Պետք է ենթադրել, որ կամ հայ մասնագետները այնքան էլ չեն հավատում, որ այդ դեպքում Հայաստանը կդառնա տարածաշրջանում հաղորդակցական ծրագրերի նոր մասնակից, կամ էլ՝ ադրբեջանցի մասնագետները դժվար են պատկերացնում, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական գործընթացները կարող են իսկապես զարգանալ առանց իրար հետ հատման:

Տեղի ունեցող երեւույթների նկատմամբ անվստահությունը դրսեւորվում է այն անհանգստությամբ, թե հակառակ կողմի ձեռքբերումներն ավելի մեծ են լինելու, կորուստները՝ ավելի փոքր:

Անկշռություն անվտանգության մթնոլորտում

Ռուսաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում ձեռնարկած ակտիվ քաղաքականության պայմաններում միանգամայն տրամաբանական է, որ առանց բացառության բոլոր փորձագետները շատ հարցեր մեկնաբանում են իրենց երկրների անվտանգության տեսանկյունից: Ինչպես պատկերավոր ներկայացնում է ադրբեջանցի փորձագետներից մեկը՝ Ռուսաստանը մի ոտքը հանել է տարածաշրջանից, իսկ ԱՄՆ-ն արդեն մի ոտքը դրել է տարածաշրջանում, եւ այս պայմաններում բազմակի խոշորացել են բոլոր ներքին ու արտաքին խաղացողների ռիսկերը: Անենք հետեւություն՝ ուրեմն նաեւ մեծացել են անվտանգության համար նրանց կողմից դրվող խաղագումարները: Մեր հարցման ընթացքում ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական, հայ-թուրքական պայմանավորվածությունները բավական ակներեւ էին դարձրել այն «մեծ խառնաշփոթը», որ արդեն տիրում էր Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական գործընկերության նախկին կառույցների հետ: Մինչդեռ այդ ամիսներին դեռեւս ստորագրված չէր 2010 թվականից Շահ-Դենիզ հանքավայրից ադրբեջանական գազ գնելու մասին ռուս-ադրբեջանական պայմանագիրը, «Կովկասյան անվտանգության պլատֆորմի» հնարավոր մասնակից պետությունների ցուցակում Թուրքիան դեռ չէր ընդգրկել նաեւ Իրանը, դեռ առջեւում էին Մոսկվայում Օբամա-Մեդվեդեւ հանդիպումն ու Մեծ ութնյակի գագաթաժողովի ժամանակ ղարաբաղյան հակամարտության հարցով Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիայի ընդունած հռչակագիրը:

Զգալիորեն ավելի նվազ անվտանգության զգացողությունը, քան դա կար նախքան տարածաշրջանում փոխակերպական սրընթաց գործընթացների մեկնարկը, ծագում է մի շարք պատճառներով: Կամ՝ քանի որ «Հայաստանն ու Ադրբեջանը չափազանց աննշան երկրներ են, որպեսզի ԱՄՆ-ն ու Ռուսաստանը խնդրի լուծմանը մոտենան հակամարտող կողմերի շահերի տեսանկյունից» (Է. Գադիրլի), կամ՝ այն պատճառով, որ օգոստոսից հետո «ԱՄՆ-ի նկատմամբ հավատն էապես կրճատվել է, Ռուսաստանի նկատմամբ մտավախությունները մեծացել են, ավելի քիչ հույսեր են կապված Թուրքիայի, էլ ավելի պակաս՝ Իրանի հետ» (Շ. Հաջիեւ), կամ էլ՝ որովհետեւ «Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ աշխարհաքաղաքական պայքարում Ադրբեջանին կարեւոր նշանակություն է տրվում, եւ երկրին դժվար թե հաջողվի այլեւս «պատսպարվել ու սպասել չեզոք» տեղում» (Զ. Գուլիեւ): Իսկ հայ փորձագետները կամ պարզապես հույս են հայտնում, որ «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, ինչպես առաջ էր, ըմբռնումով կվերաբերվեն Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականությանը» (Վ. Կարապետյան), կամ էլ խոսում են Ռուսաստանի դիրքորոշմամբ մտահոգ լինելու մասին. դիրքորոշում, որը Հայաստանի նկատմամբ դրսեւորվում է ոչ թե սպառնալիքների, այլ «քաղաքական ու ռազմավարական ուրիշ հարաբերությունների (օրինակ՝ Մոսկվա-Բաքու, Մոսկվա-Անկարա) սերտացման տեսքով» (Կ. Մանոյան):

Եվ այս ամենը՝ չնայած, որ կան արդեն ստորագրված փաստաթղթեր (Մոսկովյան հռչակագիր, ՀԱՊԿ Արագ արձագանքման ջոկատների ստեղծման մասին պայմանագիր) կամ էլ առաջ են քաշված նախաձեռնություններ («Կովկասյան անվտանգության պլատֆորմ»), որոնք վկայում են կոլեկտիվ անվտանգության անհրաժեշտության ընկալման մասին:

Խնդիրը, սակայն, այն է, որ (եւ այս մասին են վկայում փորձագետների կարծիքները) այդ նախաձեռնություններն ուղղված են նախեւառաջ դրանք առաջ քաշած երկրների քաղաքական խնդիրների լուծմանը: Ասենք, հայ եւ ադրբեջանցի փորձագետները միանման են մոտենում ՀԱՊԿ Արագ արձագանքման ջոկատներին (դրանք «ստեղծվում են Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի խնդիրները լուծելու նպատակով»): Հասկանալի է, որ չափման միավորը դարձյալ ղարաբաղյան հակամարտությունում արդյունավետության խնդիրն է: Եվ քանի որ այդ ջոկատները կարող են գործի դրվել միայն ԱՊՀ արտաքին սահմանների պաշտպանության համար, ապա չեն կարող լինել Հայաստանի համար անվտանգության լուրջ երաշխիք, Ադրբեջանի համար՝ հավելյալ սպառնալիք: Պետք է ենթադրել, որ այսպես գնահատող հայ եւ ադրբեջանցի փորձագետները ղարաբաղյան նոր պատերազմի պարագայում արդեն բացառում են Թուրքիայի մասնակցությունն ու նրա՝ Ադրբեջանին բացեիբաց օգնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել