Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադուլը շարունակվում է

Հուլիս 15,2009 00:00

Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունում հուլիսի 13-ին սկսված գործադուլը շարունակվում է նաեւ այսօր: Լեռնահարստացման այս կոմբինատի աշխատողները հրաժարվում են աշխատել իրենց առջեւ դրված ներկայիս պայմաններով: Ըստ գործադուլավորների, իրենք աշխատում են ծանրաբեռնված գրաֆիկով, որի համար ստանում են չնչին աշխատավարձ:

«Էն ժամանակ ասում էին՝ միջազգային շուկայում գունավոր մետաղների գները կտրուկ նվազել են, դրա համար ենք ցածր վճարում, բայց այսօր ամեն օր հեռուստացույցով լսում ենք, որ մետաղների գները բարձրացել են: Դա ինչ-որ ձեւով պետք է, չէ՞, անդրադառնար մեր աշխատավարձի վրա: Իջնելու դեպքում մեր աշխատավարձը ցածրացնում են, բայց բարձրանալու դեպքում՝ չեն էլ ուզում մտածել: Ընտանիք ենք պահում, հանք ենք մտնում-դուրս գալիս՝ 100 հազար դրամ են տալիս: Ծաղր են անում»,-դժգոհում է գործադուլավորներից մեկը:

«Մեզ ասել են, եթե չեք ուզում աշխատանքից ազատենք՝ գնացեք աշխատեք: Մի մասը մտել է հանք, բայց մենք շարունակում ենք բողոքել՝ մինչեւ մեր պահանջները չբավարարեն»,- ասաց մեկ այլ բողոքավոր:

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության լրատվամիջոցների եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի խոսքով, ընկերության ղեկավարությունը գործադուլավորների հետ համաձայնության չի եկել, իսկ տնօրենի առաջարկած բոնուսային ծրագիրը («Առավոտ», 14 հուլիսի, «Բոնուսն ընդդեմ գործադուլի») աշխատողները հավանության չեն արժանացրել: Այս պահին կողմերից ոչ մեկը չի ուզում զիջումների գնալ: Գործադուլը շարունակվում է, թե ինչքան՝ դեռ պարզ չէ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել