Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղացողն էլի կխաղա

Հուլիս 15,2009 00:00

\"\"Խաղատների կենտրոնացումից կտուժեն խաղատների այսօրվա տերերն ու այսօր խաղատուն ունեցող համայնքները:

Եթե ԱԺ-ն ընդունի «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախագիծը, 2013-ից խաղատներ կգործեն միայն Ծաղկաձոր, Դիլիջան եւ Ջերմուկ քաղաքներում: Այս պահին խաղատներ կան Երեւան մտնող մայրուղիների մայրաքաղաքամերձ հատվածներում: Իսկ խաղատները երեք քաղաքներում կենտրոնացնելով՝ կառավարությունը նպատակ ունի խթանել նաեւ հյուրանոցային բիզնեսի զարգացումը: Սա՝ ըստ պաշտոնական կարծիքի: «Ես կասեի՝ դրանով խթանում է ոչ միայն հյուրանոցային, այլեւ՝ խաղատնային բիզնեսում մոնոպոլիայի զարգացումը, որովհետեւ մանր եւ միջին գործարար ոլորտին հասու չէ խաղատուն բացելու հիմնական չափորոշիչը՝ $100 միլիոնի պարտադիր ներդրում»,- ասաց Արգավանդ գյուղի մոտ գտնվող խաղասրահներից մեկի հաշվապահ Անահիտ Սարգսյանը: Ըստ նրա, այսօր խաղատուն ունեցողների 90%-ը չի կարող այդ պահանջը բավարարել: Անգամ, եթե Ծաղկաձորում կարողանան խաղատուն կառուցել, բարձրակարգ հյուրանոց կառուցելու համար $100 միլիոն ներդրում հաստատ չեն կարող անել: Խաղատների կենտրոնացումով կառավարությունը զրոյացնում է մրցակցությունն այդ ոլորտում: «Ո՞վ չգիտի, որ այս երկրում այդպիսի հնարավորություն հաշված թվով մարդիկ ունեն: Չստացվե՞ց, որ դաշտը մաքրվում է հենց նրանց համար»,- նկատեց զրուցակիցս:

Խաղասրահը, որտեղ աշխատում է Անահիտ Սարգսյանը, 21 ավտոմատային ապարատ ունի, որոնք սպասարկում են յոթ աշխատող: Անահիտ Սարգսյանի փոխանցմամբ՝ օրենքի փոփոխությունից կտուժեն նաեւ այն մարդիկ, որոնք աշխատում են այդ ոլորտում: «Նրանք հաստատ չեն հասնի Ծաղկաձոր՝ աշխատելու: Ճիշտ է, այդ պարագայում էլ խաղատների նոր հանգրվան քաղաքներն ու դրանց բնակիչները կշահեն, բայց դա էլ կտանի համայնքների անհավասար զարգացման: Խաղատներն ու խաղասրահները մեր տարածաշրջանից տեղափոխելուց հետո, կխեղճանան այն համայնքները, որոնց բյուջեի շուրջ 30%-ը ձեւավորվում է խաղատներից հավաքագրված հարկերից»:

Զրուցակցիս դիտարկմամբ՝ պետությունը դժվար թե տուժի, որովհետեւ այն շահույթը, որը ստանում է հարյուրավոր մանր ու միջին հարկատուներից, կստանա խոշորներից, գործ կունենա ոչ թե 100, այլ, ասենք՝ երեք ընկերության հետ: Բացի այդ, հայկական «լասվեգասները» կամ «մոնտեկառլոները» կհեշտացնեն զբոսաշրջիկների՝ զվարճանքի վայրեր այցելելու գործը: Իսկ խաղամոլը կխաղա անկախ խաղատան աշխարհագրությունից՝ առավել եւս Հայաստանում: Երեւանից Դիլիջան կամ Ծաղկաձոր հասնելը 1000 դրամի պատմություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել