Այսօրվանից՝ հուլիսի 15-ից, մեկնարկում է ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի առաջին փուլը, երկու շաբաթով մեր ընտանիքներում կլինեն Եգիպտոսից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Սիրիայից եկած 137 սփյուռքահայ երիտասարդնե: Ենթադրվում է, որ մինչեւ հոկտեմբեր այս ծրագրով Հայաստան կգա 1000 սփյուռքահայ: Ողջ ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 25 միլիոն դրամ: Ծրագրին աջակցում են նաեւ «ՎիվաՍել», «ԱրմենՏել» ընկերությունները, Երեւանի կոնյակի գործարանը եւ Ամերիկայի իրաքահայերի միությունը, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ժենյա Ազիզյանը:
«Արի տուն» ծրագրի մասին մենք բազմիցս ենք գրել: Այս անգամ հավելենք այն, ինչին չենք անդրադարձել: Ինչպես տեղեկացրեց Ժենյա Ազիզյանը, հյուրընկալվողների համար մշակված է մշակութային եւ ժամանցային հագեցած ծրագիր՝ այցեր Սարդարապատ ու Էջմիածին, Ցեղասպանության թանգարան եւ հայկական բանակի զորամաս, նաեւ հայրենագիտության եւ հայկական պարերի դասեր ու ժամանց դիսկոտեկում:
Ժամանողները 14-25 տարեկան են: Իսկ այդ տարիքի տղաների պարագայում ինքնադրսեւորման ձեւը կամ պահվածքը կարող է դառնալ հասակակիցների հետ անհեթեթ վեճի ու կռվի պատճառ: Գիտակցելով սա, ծրագրի պատասխանատուները «սերտ համագործակցում են» ե՛ւ տեղական ինքնակառավարման մարմինների, ե՛ւ ոստիկանների հետ: Այդ օրերին ոստիկանությունը սովորականից ուժեղ հսկողություն կսահմանի հյուրընկալ ընտանիքի բնակության վայրում: Մտավախություն չունե՞ք, որ ոստիկանների առատությունը Երեւանի մասին սխալ տպավորություն կձեւավորի՝ մեր հարցին Ժենյա Ազիզյանը պատասխանեց, որ ուժեղացված հսկողությունը լինելու է հնարավորինս քողարկված, հյուր երիտասարդը թիկունքին չի զգալու ոստիկանի շունչը, ոչ էլ ոստիկանն է կրնկակոխ հետեւելու հյուրին: Արվում է ամեն ինչ՝ բացասական երեւույթները բացառելու համար: