Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքը «պաս» են տալիս

Հուլիս 15,2009 00:00

Արդարադատության նախարարությունն ու ՀՀ կառավարության աշխատակազմը չգիտեն

2007թ. ապրիլին ԱԺ-ն ընդունել է մի օրենք՝ «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին», որի համաձայն պետք է ստեղծվեր www. lraber.am հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք: Կայքում պետք է տեղադրվեին օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված հրապարակային ծանուցում պահանջող հայտարարությունները:

Օրենքի համաձայն, «Հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի» վարման եւ տեխնիկական սպասարկման ծառայությունները մատուցվում են «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մրցույթի հաղթող ճանաչված անձի կողմից: Որպես պատվիրատու հանդես է գալիս ՀՀ արդարադատության նախարարը:

Օրենքն ընդունվում է, կայքի անունը՝ ֆիքսվում, սակայն նշյալ դոմեյնի ձեռքբերման հարցում ՀՀ արդարադատության նախարարությունը դեռ չի շտապում: Օրենքի ընդունումից 8 ամիս անց, սակայն, www.lraber.am ենթատիրույթը գնել է Վարդան Տոնոյան անունով մի մարդ, ով բոլորովին էլ կապ չունի ՀՀ արդարադատության նախարարության հետ: Արդյունքում, օրենքի կիրառումը դարձել է անհնարին:

Իրավիճակը շտկելու համար 2008թ. հոկտեմբերին ԱԺ-ն «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք ընդունեց, որով www.lraber.am-ը փոփոխվում է www.azdarar.am-ի, իսկ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի վարման եւ տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցումը վերապահվեց ՀՀ կառավարության աշխատակազմին: Այս անգամ նախարարությունը www.azdarar. am ենթատիրույթը նախապես՝ մինչ օրենքի փոփոխությունների ընդունումը, գրանցեց իր գերատեսչության անունով:

Կրկին անցավ 6-7 ամիս, օրենքը մնաց զուտ թղթի վրա:

Երբ փորձեցինք կառավարության աշխատակազմից ճշտել, թե հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքի վարումն ու տեխնիկական սպասարկումը ո՞վ է իրականացնում, շատ հետաքրքիր իրավիճակի բախվեցինք: Նախ լրատվական ծառայության աշխատակիցները զարմանք արտահայտեցին ու անկեղծորեն խոստովանեցին, որ անգամ տեղյակ չեն, թե նման օրենք գոյություն ունի, ավելին, որ կառավարության աշխատակազմը պետք է զբաղվի դրանով, որից հետո էլ խորհուրդ տվեցին դիմել աշխատակազմի ղեկավարին:

Իսկ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն էլ օրենքի պահանջն իրենց կողմից չկատարելը մեկնաբանեց այսպես. «Քանի որ ՀՀ կառավարության աշխատակազմը չունի տարածքային ստորաբաժանումներ եւ դա խոչընդոտ է նշված ծառայությունների դյուրին մատուցման համար, ուստի եւ արժեզրկում է օրենքի ողջ գաղափարախոսությունը»:

Նաեւ Դ. Սարգսյանը տեղեկացրեց, որ ներկայումս ՀՀ կառավարությունը քննարկում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի՝ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքի վարումն ու տեխնիկական սպասարկումը վերապահվելու է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը:

Արդյունքում ստացվում է, որ օրենք են ընդունել՝ ձեռքը կրակն ընկել, ՀՀ կառավարության աշխատակազմն ու ՀՀ արդարադատության նախարարությունն իրար «պաս» են տալիս օրենքի կիրառման լիազորությունները, իսկ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքն այդպես էլ չի գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել