Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Հուլիս 15,2009 00:00

\"\"«Հիվանդ զինվորը մահացել է զորամասում»՝ «Առավոտի» հուլիսի 7-ի հրապարակմանը հետեւեցին բավական լուրջ արձագանքներ: «Առավոտին» դիմում էին հատկապես զորակոչիկների ծնողները, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հայաստանի պաշտպանության նախարարն էլ հարկ համարեց հուլիսի 7-ին խոստովանել, որ, մասնավորապես, Սլավոնական համալսարանի շրջանավարտ Արեգ Աշոտի Մալխասյանի մահվան մասին (ծառայության 7-րդ օրը), ինչպես նաեւ՝ հենակներով ծառայության մեջ գտնվող զինվոր Աշոտ Ոսկանյանի մասին, տեղեկացել է մամուլից: Սա նշանակում էր, որ նախարարը տեղյակ չէր բազմաթիվ այն նամակների բովանդակությանը, որոնք մինչ թերթի հրապարակումը զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինվորների ծնողները գրել էին նրան:

Մեր տեղեկություններով, Արեգ Մալխասյանի, շարային ծառայության համար պիտանի ճանաչված ու զորակոչված Ղուկաս Մուրադյանի (նրա կրունկի տակ ոսկոր է աճում), մեկ այլ՝ 42 կգ քաշով զորակոչիկի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:

Թալինի զինվորական կոմիսարի ուղեգրով Արմենակ Ղափլանյանի առողջական վիճակը հետազոտել են «Արմենիա» բժշկական կենտրոնում: 180 սմ հասակ ունեցող Արմենակը կշռում է 44,5 կգ: Ախտորոշվել է թերսնուցում, արտաքին շնչառության ֆունկցիայի խանգարում, կրծքավանդակի առաջնային պատի արտահայտված ռախիտիկ դեֆորմացիա: Տեղեկացնեմ պաշտպանության նախարարին, որ Ա. Ղափլանյանի ծնողները նույնպես դիմել են իրեն, սակայն պաշտպանության նախարարությունից դեռ պատասխան չկա, իսկ երեխան ճանաչվել է պիտանի բանակի համար: Ի դեպ, վերջիններս նախարարին գրել էին. «Վերջին օրը հավաքակայանում տղայիս քաշը անարդարացի ավելի են գրել: Որդիս ուներ շնչարգելություն, վազելիս՝ գլխապտույտ, հեւոց, հյուծվածություն: Ոչ լիարժեք բժշկական հետազոտություն անցնելուց հետո զորակոչեցին բանակ: Հաշվի առնելով Ձեր օբյեկտիվ մոտեցումը՝ խնդրում եմ՝ իմ որդու կյանքի անվտանգության համար վերցնել պատասխանատվություն»:

Սրտի ռիթմի խանգարումով՝ առիթմիայով բանակ են զորակոչել Գեւորգ Դանիելյանին: Վերջինիս մայրը, որը մենակ է մեծացրել որդուն, նույնպես դիմել է նախարարին: Սակայն տղային զորակոչել են բանակ:

«Առավոտին» դիմած ծնողներն ահազանգում էին նաեւ այն մասին, որ իրենց չեն տրամադրում իրենց զավակների բժշկական եզրակացությունները: Դա համարվում է զինվորական գաղտնիք: «Ինչո՞ւ պիտի տեղյակ չլինենք մեր երեխայի հիվանդության պատմությանը»,- հարցնում էին նրանք:

Մի ծնող ասաց, որ իր որդուն հավաքակայանում գրել են «ոչ պիտանի», սակայն գեներալներն ուղարկել են բանակ: «Եթե բժշկական կոմիսիայի ասածը հաշվի չեն առնելու, ապա ինչ իմաստ ունի հանձնաժողով կազմելը, հանձնաժողովին ներկայանալը»,- հարցնում էին նրանք: «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանն ասաց, որ իրենք տպագրել են «Մեր որդին եւ ազգային բանակը» գրքույկը, ուր, բացի իրավունքներից ու պարտականություններից, ընդգրկել են հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների ցանկը, ռազմաբժշկական փորձաքննության կանոնակարգը: Այդ ցանկում նշված են ծառայության պիտանիության կատեգորիաների մասին: Մեր նշված դեպքերով զինվորները պիտանի չէին ծառայելու:

Հ. Գ. Պաշտպանության նախարարությունը կարող է հետաքննություն անցկացնել մասնավորապես՝ այն եզրակացությունների համար, որը բժշկական հանձնաժողովը տվել է հարթաթաթություն եւ երեւանյան հիվանդություն ախտորոշմամբ նորակոչիկների համար: Արդյունքը շշմեցուցիչ է լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել