Լրահոս
Օրվա լրահոսը

Կանգառը բռնագրավել են

Հուլիս 15,2009 00:00

Թիվ 69, 55 եւ 31 երթուղայինները մարդկանց համար գլխացավանք են ստեղծում

«Երիտասարդական» մետրոյի հարակից տարածքի կանգառից հնարավոր չէ երթուղային նստել, քանի որ թիվ 69 եւ 55 երթուղային տաքսիները կայանում են անմիջապես կանգառի տարածքում. դա նրանց վերջնականգառն է: Բացի այն, որ իրենց «չվերթին» սպասող միկրոավտոբուսները կանգառից օգտվող ուղեւորներին մղում են դեպի փողոց՝ վտանգելով նրանց կյանքը, այդ հատվածում գրեթե ամեն օր կոնֆլիկտներ են լինում վարորդների եւ ուղեւորների միջեւ: Առաջինները պնդում են, որ կայանատեղին իրենց օրենքով սահմանված կարգով քաղաքապետարանն է տրամադրել, ուղեւորներն էլ վրդովվում են, որ ստիպված են լինում այլ երթուղայիններ որսալ՝ ուղիղ փողոցի մեջտեղը կանգնելով:

Օրերս էլ «Առավոտն» այս կանգառում ականատես եղավ մի խումբ մարդկանց բարձրաձայն դժգոհություններին: Նրանք երթուղայինների վարորդներից պահանջում էին գոնե մի փոքր ներքեւ իջնել, որպեսզի իրենք կարողանան տրանսպորտից օգտվել: Նշենք, որ երթեւեկության կանոններով արգելված է փողոցի 2-րդ, 3-րդ գծից տրանսպորտ նստել, ինչն այս կանգառում անխուսափելի է: Նման դժգոհություններ շատ են հնչում, սակայն թիվ 69 երթուղայինն այդպես էլ իր վերջնակետը չի տեղափոխում կանգառից: Բացի երթուղայիններից՝ այս կանգառում շատ են նաեւ տաքսիները, որոնք նույնպես խանգարում են երթեւեկությանը: Նշենք, որ, երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքով, հասարակական տրանսպորտի կանգառի ցուցիչից 15 մետր հեռավորությամբ՝ աջ եւ ձախ ընկած հատվածում որեւէ մեքենա իրավունք չունի կայանելու:

Հարավ-արեւմտյան թաղամասի Անդրանիկի եւ Րաֆֆու փողոցների հատման մասում գտնվող կանգառում էլ իրենց համար վերջնակետ են ընտրել թիվ 31 երթուղայինները: Թիվ 31-ն էլ խոչընդոտում է այդ հատվածում գործող օբյեկտների գործունեությանը. հիմնարկներին պատկանող ավտոմեքենաները՝ կայանված 31 երթուղայինների պատճառով, չեն կարողանում մոտենալ մայթին: Երեկ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ նախկին քաղաքապետի օրոք հաստատված երթուղային ցանցով է նախատեսվել, որ տվյալ երթուղայինները որպես վերջնակետ կայանեն հենց այդ կանգառներում: Նրանք հայտնեցին նաեւ, որ իրենք նոր ցանց են մշակում, որն ամենաուշը 2 ամիս հետո կհաստատվի, որով նախատեսվում է Երեւանի կենտրոնի բեռնաթափում՝ երթուղայիններից: Նրանք խոստացան, որ այս դժգոհությունները հաշվի կառնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել