Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՈՆՈՒՍԸ

Հուլիս 15,2009 00:00

Հարկային ծառայության ինտերնետ կայքում կարդում ենք. «Այսուհետեւ «շահում» են նաեւ չշահած կտրոնները. բոնուս՝ չշահած կտրոնների համար»:

Ըստ հարկային ծառայության՝ 2009 հուլիսի 1-ից սկսած, առաջին բոնուսներն են տրամադրվում չշահած ՀԴՄ կտրոններ ունեցող քաղաքացիներին: ՀՀ կառավարության որոշման համաձայն, ապրիլի 1-ից, յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում քաղաքացիների ձեռք բերած եւ վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների համար հաջորդ եռամսյակի ընթացքում կտրամադրվեն կատարած գնումների գումարի որոշակի տոկոս կամ այլ կերպ ասած՝ բոնուս: Հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը բոնուս կտրամադրվի ապրիլ, մայիս, հունիս ամիսների կտրոնների համար:

Իմանալով այդ մասին, որոշեցինք խմբագրության աշխատակիցներով հավաքել կտրոնները եւ ներկայացնել հարկային տեսչություն: Բայց երկար-բարակ հավաքելուց հետո հասկացանք, որ այդ բոնուսները շարքային քաղաքացիներիս համար չեն նախատեսված, քանի որ հավաքված կտրոնների քանակն ու դրանց ընդհանուր գումարը չհամապատասխանեց հարկայինի ներկայացրած պահանջներին: Գուցե հենց այդ հանգամանքը հաշվի առնելո՞վ է, որ Հարկային ծառայության կայքէջում շահում բառը վերցված է չակերտների մեջ…

Մեր կողմից առաջարկում ենք բոնուսների այլ տարբերակ. թող հարկայինը այդ բոնուսները միանգամից տրամադրի խոշոր հարկատուների ցուցակում, ասենք՝ 1-10-րդ տեղերը գրավողներին: Այս տարբերակն ունի մի քանի դրական կողմ: Նախ՝ ժողովուրդը, հատկապես՝ երեխաները, վաճառողների աչքին վատամարդ չեն դառնա, մարդիկ ավելորդ չեն լարվի, էլ չասենք հարկայինում ստեղծված իրարանցման մասին, ինչը խանգարում է եւ աշխատողներին, եւ հաճախորդներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել