Հաջորդ տարի Հալիձորից Տաթեւ տանող ճոպանուղի կկառուցվի: 5,7 կմ երկարությամբ այդ ճոպանուղին իր դասում աշխարհում կլինի ամենաերկարը: Երեկ «Կոնգրես» հյուրանոցում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ ) եւ ճոպանուղիների կառուցման շվեյցարական ընկերության միջեւ ստորագրվեց կառուցման պայմանագիրը: Ընդհանուր արժեքը կազմում է 6,8 մլն եվրո: Շվեյցարական ձեռնարկության ծրագրերի գծով ղեկավար Նիկլաուս Մոզերն էլ վստահեցրեց, որ ճոպանուղին համապատասխանելու է միջազգային ստանդարտներին եւ անվտանգ երթեւեկությունը ապահովված է լինելու: Ճոպանուղին կգործի ամբողջ տարվա ընթացքում: Այն միաժամանակ կարող է տեղափոխել 25 ուղեւոր: Ճոպանուղու կառուցումը ՀԱՄՀ-ի՝ այս տարեսկզբին մեկնարկած «Տաթեւի վերածնունդ եւ վերակառուցում» ծրագրի մաս է կազմում: Ծրագրի շրջանակներում, ճոպանուղու կառուցումից բացի, կվերականգնվի Տաթեւի վանական համալիրը, նախատեսվում է այդ շրջանի 7 գյուղերում զբոսաշրջության կառավարման պայմանների ապահովում, Հալիձորի հարեւանությամբ հյուրանոցի կառուցում: Հաջորդ տարեսկզբին էլ արտերկրից Հայաստան կներմուծվեն շինարարության համար նախատեսված սարքավորումներ: ՀԱՄՀ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանի խոսքով, այս ծրագիրը կավելացնի Հայաստանում զբոսաշրջիկների թիվը: Թե ինչքան կարժենա ուղեվարձը, Բ. Փափազյանի մեկնաբանմամբ՝ դեռ հստակեցված չէ. «Ներքին տուրիզմի զարգացմանը խթանելու համար՝ այն կլինի մատչելի»,- վստահեցրեց նա: ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՀԱՄՀ խորհրդի անդամ Ներսես Երիցյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, ասաց, որ այս ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի լուծել բարդ խնդիրներ եւ բացի Տաթեւը զբոսաշրջիկներին նորովի ու հետաքրքիր ներկայանալու լավ հնարավորություններից, տարածաշրջան կբերի ինժեներական խնդիրների լուծումներ: