«Այսօր Երեւանի ավտոպարկը փոխվել է եւ համալրվել նոր, արագընթաց արտասահմանյան ավտոմեքենաներով, իսկ վարորդների տարիքն ավելի երիտասարդացել է: Նրանցից շատերը չեն տիրապետում երթեւեկության անգամ ամենատարրական կանոններին»,- օրերս նման խնդրով «Առավոտին» էր դիմել տրանսպորտի ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող ինժեներ Էդիկ Համբարձումյանը: Նրա խոսքերով. «Այսօրվա ավտոդպրոցները համարյա ձեւական բնույթ են կրում: Ժամանակն է բոլոր ավտոդպրոցները պետականացնել եւ համալրել փորձառու մասնագետներով»: Ըստ Է. Համբարձումյանի՝ հետիոտնը եւս երթեւկության ժամանակ շատ խնդիրներ է ստեղծում. «Այսօր շատ կարեւոր է, որպեսզի դպրոցներում պարտադիր ուսուցանվեն երթեւեկության կանոնները, քանի որ դրանք չկիրառելու հետեւանքով, տասնյակ պատահարներ են տեղի ունենում: Հետիոտնը դարձել է անկառավարելի, փողոցն անցնում է արգելված տեղով, առանց ուշադրություն դարձնելու լուսակիրներին»: Ըստ Է. Համբարձումյանի, մայրաքաղաքի շատ փողոցներում տեղադրված չեն նաեւ կանոնավոր երթեւեկության համար անհրաժեշտ ցուցիչ նշաններ, ինչի հետեւանքով էլ հետիոտնը անցնում է փողոցը անթույլատրելի մասով, իսկ վարորդներն էլ հաճախ գերազանցում են սահմանված արագությունը: