Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՄԵԶ ՎՆԱ՞Ս Է

Հուլիս 15,2009 00:00

Ըստ ՀՅԴ-ի՝ միջազգային փորձագետները ուսումնասիրել են ու պարզել, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարկային-մաքսային օրենսդրությունների պատճառով անհավասար դաշտ կստեղծի:

Հայ-թուրքական սահմանի բացման լավ ու վատ կողմերի մասին բազմաթիվ քննարկումներ են լինում: Շատ միջազգային փորձագետներ գտնում են, որ ցանկացած սահմանի բացում լավ է եւ սահմանակից երկրների տնտեսության զարգացման համար լուրջ խթան է: Սակայն կան նաեւ մասնագետներ, որոնց ուսումնասիրությունից պարզվել է, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում այս 2 երկրները առեւտրատնտեսական հարաբերությունների անհավասար պայմաններում կհայտնվեն: Մասնավորապես, Հայաստանն այս պարագայում կտուժի:

Օրերս ՀՅԴ կուսակցության անդամ Դավիթ Լոքյանը ԼՂ-ում կայացած համահայկական խորհրդաժողովի ժամանակ ներկայացրեց մի զեկույց, որտեղ մանրամասն նկարագրված էր, թե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ճանապարհների վերաբացումը մեր երկրի գործարարների համար ինչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ:

Նշենք, որ ուսումնասիրությունը կատարվել է միջազգային փորձագետների կողմից ՀՅԴ կուսակցության պատվերով եւ ուսումնասիրվել է 2 երկրների առեւտրատնտեսական եւ օրենսդրական դաշտը:

Ուսումնասիրությունից պարզվել է, որ չնայած Թուրքիան շատ դեպքերում խախտել է առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնները, բայց ներքին արտադրողին աջակցելու մի շարք ծրագրեր է մշակել, բացի այդ, նաեւ մեխանիզմներ եւ օրենքներ է ստեղծել, որպեսզի իր երկիր չմտնի ցանկացած ապրանք եւ ցանկացած քանակությամբ:

Ըստ Դ. Լոքյանի՝ լուրջ խնդիրներ կան նաեւ մաքսատուրքերի առումով: Օրինակ՝ Թուրքիան, ի տարբերություն ՀՀ-ի, ԱՀԿ-ին անդամակցելու պարագայում իր ապրանքատեսակների 50%-ի համար ամրագրված մաքսատուրքեր չի սահմանել, այն պարագայում, երբ Թուրքիային անհրաժեշտ չէ որոշ ապրանքատեսակների մուտք իր երկիր, սահմանել է բարձր մաքսատուրք: Մաքսատուրքերի մասով՝ Հայաստանի եւ Թուրքիայի նույնատիպ գյուղատնտեսական ապրանքների հարաբերակցությունը կազմում է 46,8 եւ 6,9 տոկոս, այսինքն՝ մոտ 8 անգամ բարձր: Ստացվում է, որ Թուրքիայում որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքը, ի տարբերություն Հայաստանի, 8 անգամ բարձր է: Թուրքիայում գործում է ազատ տնտեսական գոտի: Այդ գոտիներում գործող կազմակերպությունների համար կան մի շարք ֆինանսական խթաններ՝ մաքսատուրքերից, կորպորատիվ հարկից, եկամտահարկից եւ ավելացված արժեքի հարկից ազատումը, մինչեւ շահույթի փոխանցման նկատմամբ եւ արտարժութային գործառնությունների համար սահմանափակումների բացակայությունը: Ներդրողներն ազատ են նաեւ կառուցելու իրենց անձնական շենքերն ու շինությունները, չնայած՝ ազատ գոտիներում կան գրասենյակային տարածքներ եւ պահեստներ, որոնք տրվում են վարձակալության՝ մատչելի գներով: Ազատ գոտիներում գործող ընկերությունների արտադրանքը, ի հաշիվ արտոնությունների, զգալի էժան է, ինչը կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի համար՝ այդ գոտիներից դեպի Հայաստան էժան ապրանքների մեծ հոսքերի դեպքում: Սակայն պետք է հաշվի առնել, որ այդ գոտիներում հայ գործարարներն էլ կարող են ձեռնտու պայմաններով ապրանք արտադրել, որոնք չեն արտադրվում Հայաստանում: Հայաստանի համար վերը նշված ոչ բարենպաստ պայմաններից ազատվելու լավագույն ելքը, ըստ Դ. Լոքյանի, Թուրքիայի հետ բանակցելն է, որպեսզի առնվազն արդյունաբերական ապրանքների մասով ազատ առեւտրի համաձայնագիր ձեռք բերվի:

Թուրքիան նաեւ իր երկրի ՓՄՁ-ի ներկայացուցիչների համար ստեղծել է ՓՄՁ զարգացման ցանց: Թերզարգացած, բացասական ինդեքսով տարածաշրջանների համար Թուրքիան ներմուծումների նկատմամբ որոշակի լրավճարներ է տալիս, ինչը չի արվում Հայաստանում:

Միջազգային փորձագետների ուսումնասիրությունից եւ 2 երկրների օրենսդրական դաշտը համեմատելիս տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը պատրաստ չէ առեւտրատնտեսական ճանապարհները բացելուն: Մեր այս դիտարկմանը պարոն Լոքյանը վստահեցրեց, որ ուսումնասիրությունը ներկայացվել է կառավարություն, եւ այն դեռ պետք է քննարկվի մասնագետների եւ ոլորտի պատասխանատուների հետ. «Հայաստանն էլ պետք է այնպես անի, որ մենք չտուժենք, որ մեր շուկայում թուրքական ապրանքների ներմուծումը չվնասի տեղական արտադրողին: Պետք է օրենսդրական դաշտում որոշակի փոփոխություններ կատարվեն: Բացի այդ, պետությունը պետք է լրավճարներով օգնի ձեռներեցներին»: Նշենք, որ շատ հայ գործարարներ սահմանի բացմումը ողջունում են, որովհետեւ, նրանց համոզմամբ, դա կբերի ծախսերի նվազեցման, իրենց ապրանքների ներմուծումն ու արտահանումն ավելի ձեռնտու սակագներով կլինի, քան այսօր է: Քանի որ, վերջապես, կազատվեն Վրաստանից կախվածությունից: Մեր այն հարցին՝ մի՞թե մեր գործարարները, որոնք բավականին երկար տարիներ է խոշոր բիզնես են կազմակերպում, չեն մտածել այդ անհավասար պայմանների մասին, պարոն Լոքյանն ասաց. «Երեւի չեն մտածել, բայց սա լուրջ ուսումնասիրություն է, եւ պետք է բոլորը տեղեկացվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել