Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է օրինապաշտ վարչապետն ընդվզում

Հուլիս 15,2009 00:00

Եվրոպական դատարանի առջեւ

Արդեն մեկ շաբաթ է, որ իմ անձնական նախաձեռնությամբ համարյա ամեն օր ժամը 19:00-ից 21:00-ը ակցիա եմ անում Կոմիտասի արձանի մոտ: Հարակից սյուներին կապում եմ թել (4-5 մ) ու կախում «Ա1+»-ի վերահեռարձակումը պահանջող կարգախոսներ եւ իհարկե՝ «Ա1+»-ի օրվա հետաքրքիր նյութերի քսերոպատճենները:

Դա, անկեղծ ասած, առանձնապես չի հետաքրքրում անցորդներին: Ինձ ավելի հաճախ այցելում են ոստիկանները, կամուֆլյաժավորները, բերետավորները, հատուկ ծառայությունների գործակալները (վայ էն հատուկ ծառայություններին, որոնց գործակալներին նույնիսկ ես եմ տարբերակում): Նրանք նայում, կարդում են հիշատակված նյութերը, բջջայինով կամ ռադիոկապով խոսում ինչ-որ մարդկանց հետ, հետո խորիմաստ ինձ ոտքից գլուխ զննելով՝ էլի են խոսում ինչ-որ մարդկանց հետ, հետո թողնում-հեռանում են: Որոշ ոստիկաններ էլ բարեհամբույր մոտենում, բարեւում են, թե ի՞նչ է գրված, ի՞նչի մասին եւ ինչի՞ համար է այս ակցիան: Ես էլ առանձնապես ասելու բան չունենալով՝ հայտնում եմ. «Ոնց ուզում եք, հասկացեք»:

Հուլիսի 9-ին ինձ այցելեցին վերոհիշյալ կոնտինգենտի տիպական տեսականու ներկայացուցիչներ (քաղաքացիական հագուստով): Նախ նրանցից մեկը մոտեցավ ինձ եւ ականջիս տակ փսփսաց. «Ես Ձեր կողմից եմ»:

Քանի որ մոտեցել էր, ես ակամա զգացի ալկոհոլիկ խմիչքի սուր հոտը: Նաեւ 1-2 րոպեում նկատեցի, որ նա սթափ վիճակում չէ, ուստի առավել եւս չարժեր նրա հետ զրուցել: Իսկ հիշատակված կոնտինգենտի այս ներկայացուցիչը հասկանալիորեն գտնվեց ավելի անկեղծ, համարձակ ու հետեւողական եւ սկսեց ինձ հարցաքննել, թե «ի՞նչ եմ ուզում սրանով ասած լինեմ» եւ «ի՞նչ եմ հետապնդում սրանով»: Ես հասկացա, որ զրուցակիցս, համենայնդեպս, «Ա1+»-ի ջերմ կողմնակիցներից չէ (մեղմ ասած) եւ, ըստ էության, պաշտպանելով հանդերձ բարեկիրթ վարչապետի դիրքերը՝ նրա չափ չի հետեւում էթիկայի կանոններին (ընդունված է ասել՝ արջի ծառայություն է մատուցում):

Նա՝ տեսնելով, որ ես իր հետ կիսելու բան չունեմ՝ ավելի վրդովվեց եւ առաջ անցնելով՝ սկսեց պոկել-պատռել իմ կախած թղթերը՝ առաջարկելով, որ ես իրեն կանխեմ, իսկ ցանկության դեպքում՝ խփեմ: Առաջարկեց նաեւ ցանկության դեպքում իրեն խփեմ դանակով՝ հավաստելով, որ ինքը գրպանում ունի դանակ…

Դե, ինչպես հասկացաք՝ առաջադրվող սցենարը նույնիսկ նվազագույն չափով չաշխատեց, այլապես ես արդեն ձերբակալված էի քրեական հետախուզության ոստիկանության աշխատակցին չենթարկվելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն ցույց տալու համար:

Ես չեմ կարող պնդել, որ նշածս անձինք քրեական հետախուզության աշխատակիցներ էին, քանի որ նրանք, որպես կանոն, նման դեպքերում իրենց ինքնությունը բացահայտում են հանցագործության մասին հաղորդագրություն ստանալուց հետո կամ պարզապես նրանց նկարները մամուլում հրապարակվելուց հետո: Իսկ նրանց վարվելակերպն ու ձեռագիրը տիպիկ ոստիկանական էր: Օրինակ՝ երբ նրանցից առաջինը «ռազբիրատ էր անում» ինձ հետ, մյուսը մոտեցավ ու զայրացած հարցրեց. «Էս թղթերը ինչ ա՞, ինքն ա կպցրե՞լ»: Առաջինն անմիջապես պատասխանեց (առիթ չտալով ինձ խոսելու). «Չէ՛, ինքը չի կպցրել, ինքը անմեղ մարդ ա»:

Նշեմ նաեւ՝ այդ ակցիայի տեղին կից նստարանը եւ այգու միայն այդ նստարանը նոր էին ներկել, եւ մինչեւ իմ գալը՝ մի շարք մարդիկ չնկատելով՝ նստել, աղտոտել էին իրենց շորերը (յուղաներկը շատ դժվար է մաքրվում):

Էդ ամենը հեչ, պրն վարչապետ, ինչո՞ւ եք ընդվզում, ինչո՞ւ եք կտուրը գցում Եվրոպական դատարանի վճիռը: Ինչո՞ւ եք անհարկի ձգձգում «Ա1+»-ի ոտնահարված իրավունքի վերականգնումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել