Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՉԵՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ՝ ԳՈՆԵ ՉԽԱՆԳԱՐԵՔ ԻՆՁ

Հուլիս 15,2009 00:00

Ասում է «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում է «Ա1+»-ի եւ շատ քաղհալածյալների շահերը:

– Չնայած ԵԽԽՎ բանաձեւերում արդեն երկրորդ անգամ է տեղ գտնում «Ա1+»-ին հեռարձակման արտոնագիր չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի կատարումը չհետաձգելու պահանջը՝ ըստ ամենայնի, չի վերացվելու մրցույթ չհայտարարելու արգելքը, այն պատճառաբանությամբ, թե միեւնույն է՝ 1 տարուց շուտ այլեւս հնարավոր չէ անցկացնել մրցույթ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստին:

– Մենք անցած ամիս դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ խնդրելով, որ մեկնաբանություններ անի 2008-ի մայիսին կայացրած իր այդ վճռի վերաբերյալ, եւ սպասում ենք արձագանքին: Այդ մասին տեղյակ է նաեւ ԵԽ նախարարների կոմիտեն, որը հետեւում է ՄԻԵԴ վճիռների կատարմանը: Տեղյակ են նաեւ 2008-ի սեպտեմբերին ընդունված օրենքի մասին, որով հնարավորություն չի ընձեռվում մրցույթներ հայտարարելու մինչեւ 2010-ի հուլիսը: Մեր մոտեցումը հետեւյալն է՝ միանշանա՛կ պետք է արվի օրենսդրական փոփոխություն եւ հայտարարվի մրցույթ, որին կմասնակցի «Ա1+»-ը: Եթե կառավարությունը մոտակա ժամանակահատվածում չնախաձեռնի նման օրենսդրական փոփոխություն՝ այդ մասին եւս տեղյակ կպահենք ԵԽ նախարարների կոմիտեին: Վերջինս, իր կանոնակարգի համաձայն՝ կարող է պետությանն առաջարկել կատարել օրենսդրական փոփոխություններ: Բայց մենք առայժմ մի փոքր երկարացրել ենք այդ գործընթացը՝ մեկնաբանությունների համար դիմելով ՄԻԵԴ-ին. նման բան շատ քիչ է լինում: Վստահ եմ, որ դատարանի մեկնաբանությունը շատ չի ուշանա, եւ այդ ժամանակ նորից կանդրադառնանք այս հարցին:

– Պաշտոնյաները զրույցների ընթացքում պնդում են, թե վճռում նշված չէ՝ երբ պիտի հայտարարվի մրցույթ, ուստի այն կարող է հայտարարվել նաեւ 2010-ին: Կարծո՞ւմ եք արդյոք, որ նման մեկնաբանությունը բխում է ՄԻԵԴ վճռից:

– Անընդունելի է նման անորոշությունը: ՄԻԵԴ վճռի համաձայն՝ «Ա1+»-ի իրավունքի վերականգնումը միանշանա՛կ մրցույթ հայտարարելն է: Դատարանի վճռի հրապարակումից հետո, երբ ցույց է տրվում, թե հատկապես ինչպես է խախտվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ անընդունելի է խախտումը վերացնելու ժամկետների նման անհստակությունը: Հիշեցնեմ, որ մենք դիմել էինք կոնվենցիայի 6-րդ (արդար դատաքննության իրավունք) եւ 10-րդ հոդված (արտահայտվելու ազատություն) խախտումների վերաբերյալ դիմումով: ՄԻԵԴ-ը 6-րդի մասով մերժեց: Մեր հիմքը 10-րդ հոդվածն էր, եւ եթե դատարանը 6-րդի մասով խախտումն ընդուներ, 10-ը մերժեր՝ մենք բավարարված չէինք լինի: Եվ հիմա 10-րդ հոդվածի խախտումը վերացնելն անորոշության մեջ թողնելն իրոք անընդունելի է մեզ համար:

– KHRP կազմակերպությունը, որը Ձեզ հետ միասին ՄԻԵԴ-ում ներկայացնում էր «Ա1+»-ի շահերը՝ այժմ նախապատրաստելու է Պետրոս Մակեյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Աշոտ Զաքարյանի հայցերը ՄԻԵԴ: Մտավախություն չունե՞ք, որ այս անգամ էլ կհնչի նույն փաստարկը, որն «Ա1+»-ի դեպքում հրապարակեց Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը, թե KHRP-ն Հայաստանի դեմ հայցեր է ներկայացնում նաեւ Ադրբեջանի քաղաքացիների անունից, ասենք՝ պաշտպանում է Քաշաթաղի նախկին բնակիչների շահերն ընդդեմ ՀՀ-ի։

– Մեծ Բրիտանիայում գործող KHRP-ն իրավապաշտպան կազմակերպություն է, որտեղ աշխատում են Եվրոպայի լավագույն իրավաբանները, ասենք՝ Ուելսի փաստաբանական գրասենյակի ներկայացուցիչները: Իմ գործընկերների հետ միասին տարին 1-2 անգամ ամփոփում ենք ՄԻԵԴ-ում մեր համատեղ հայցերի գործերի ընթացքը, Հայաստանում հաճախ անցկացնում սեմինարներ ու քննարկումներ (նման մի սեմինար երեկ անցկացվեց «Կոնգրես» հյուրանոցում՝ «Եվրոպական դատարանի վճիռների կատարումը. Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի չենթարկվելը» թեմայով.- Ա. Ի.): Քննարկում ենք նաեւ այն գործերը, որոնք պետք է նոր մուտքագրվեն ՄԻԵԴ:

Միջազգային իրավապաշտպան այս կազմակերպությունը գործունեություն է ծավալում մեր հարեւան պետություններում էլ՝ Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում, նաեւ Ուկրաինայում, Բելառուսում եւ Ռուսաստանում: Եվ եթե ազգայնական հողի վրա այս կապակցությամբ կարող են հարցադրումներ արվել՝ պիտի հիշեցնեմ, որ տարիներ առաջ այս նույն KHRP-ի ուժերով Օջալանը ՄԻԵԴ-ում շահեց դատն ընդդեմ Թուրքիայի: Այդ ժամանակ Հայաստանի որոշ կազմակերպություններ դրական արձագանքեցին այս փաստին: Նշեմ նաեւ, որ Ադրբեջանը տարիներ առաջ որոշեց 9 տարով զրկել այս կազմակերպությանը իրենց երկիր մուտք գործելու իրավունքից, հաշվի առնելով, որ KHRP-ն սերտորեն համագործակցում է Հայաստանի հետ: Թուրքիայում էլ արգելեցին իրենց մուտքը՝ հաշվի առնելով, որ KHRP-ն Եղեռնին առնչվող հարցեր է արծարծում: KHRP-ի գործադիր տնօրեն Քերիմ Յիլդիզն ազգությամբ քուրդ է եւ շատ լավ գիտի Հայոց պատմությունը:

– Այլոց իրավունքներից հետո թույլ տվեք անդրադառնալ անձամբ Ձեզ առնչվող մի խնդրի: Տարիներ առաջ ավազակային հարձակում կատարվեց Ձեր տան վրա, որի ընթացքում ե՛ւ կողոպուտ եղավ, ե՛ւ մարմնական վնասվածքներ հասցրին տանը գտնվողներին: Արդյոք բացահայտվե՞ց այս գործը:

– Դեպքը տեղի էր ունեցել 2004 թվականի հուլիսի 30-ին, եւ մի քանի ամիս անց կասեցվեց գործի քննությունը. առայսօր այդ վիճակում է: 5 տարի է անցել՝ որեւէ նորություն չկա: Ես սեփական ուժերով փորձեցի հետաքննություն իրականացնել եւ գտնել ավազակային այդ հարձակման կատարողներին ու նրանց ուղղորդողներին:

5 տարին մեծ ժամկետ է նման գործի համար, եւ այս ընթացքում բավական հարցերի պատասխաններ պիտի գտնվեին, այլապես այս ամենը մտորումների տեղիք է տալիս: Ես երբեւիցե հրապարակավ չեմ անդրադարձել կատարվածին ու մտածել եմ, որ ինչպես եւ մյուսները՝ ես եւ իմ ընտանիքն էլ ապահովագրված չէ ե՛ւ ավազակային հարձակումից, ե՛ւ գողությունից: Բնականաբար, նման դեպքեր կարող են լինել յուրաքանչյուրի հետ: Ուստի փորձել եմ զերծ մնալ պիտակավորումից եւ մեկնաբանություններից (հավելենք, որ պրն Տեր-Եսայանը նույն կերպ վարվեց նաեւ, երբ անձնապես իր նկատմամբ հարձակում՝ բռնարարք իրականացվեց 2006-ի մայիսին.- Ա. Ի.): 5 տարվա մեջ առաջին անգամ եմ անդրադառնում այս թեմային: Ու պիտի միանշանակ ասեմ, որ չեմ զգում, թե իշխանությունների կողմից ցանկություն ու կամք կա բացահայտել այս գործը: Եվ ընտրությունն այժմ 3 տարբերակների միջեւ է՝ արդյոք իրե՞նք էին ուղղորդել դա՝ իմ քաղաքական կեցվածքի պատճառով, երկրորդ տարբերակը՝ գիտեն, բայց չե՞ն բացահայտում, եւ 3-րդը՝ ընդհանրապե՛ս չեն ուզում զբաղվել այս գործով: Եթե այդպես է՝ խնդրանքս միակն է, որ գոնե չխանգարեն ինձ: Իսկ նման փորձեր՝ թեկուզ ոչ բացահայտ, արվում են: Քրեական հանցագործությունն այնպիսի բան է, որ մի փոքր բան այս կողմ կամ այն կողմ դնես՝ կարող ես թաքցնել, փակուղի մտցնել գործը, որից այլեւս դուրս չի գա: Կամ էլ խանգարում են՝ շեղելով ճանապարհից, երբ ճիշտ ուղու վրա ես: Բայց միեւնույն է՝ ես կգտնե՛մ մեղավորներին: Թեեւ ինձ շատ են ասել՝ անգամ շատ բարձր մակարդակով, որ մինչեւ չփոխվի իշխանությունը՝ այս գործը չի բացահայտվի: Ես չեմ պնդում, որ իրենք են ուղղորդել կամ գիտեն՝ չեն ցանկանում ձերբակալել: Բայց վստահ եմ, որ ցանկություն չկա այս գործը բացահայտելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել