Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՉԵՆՔ ԳՆԱԼՈՒ

Հուլիս 15,2009 00:00

ՀՀԿ մամուլի խոսնակ, խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ, իր կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արդեն հոգնել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարած երկակի քաղաքականությունից: Ըստ Հանրապետական պատգամավորի, բանակցային սեղանին դրված է մի փաստաթուղթ, բայց իր երկրի ներքին «սպառման» համար Իլհամ Ալիեւը բոլորովին այլ հայտարարություններ է անում: ՀՀԿ մամուլի խոսնակի ներկայացմամբ, մադրիդյան սկզբունքները հայանպաստ են, իսկ դրանց նորացված տարբերակը դեռեւս համաձայնեցված չէ կողմերի հետ, հետեւաբար՝ ենթակա է փոփոխության: ՀՀԿ պաշտոնական դիրքորոշումը ներկայացնելով՝ պարոն Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ի կարծիքն անփոփոխ է՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մենք հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է գնա միակողմանի զիջումների: Գլխավոր հարցը ԼՂ կարգավիճակի հարցն է: Բացի այդ, կան երեք սկզբունքային կետեր, որտեղ մենք փոխզիջման գնալ չենք կարող: Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ պետք է ունենա ընդհանուր ցամաքային սահման, եւ երրորդը՝ պետք է հստակ լինեն ԼՂ բնակչության եւ պետության անվտանգության երաշխիքները: Մեր կարծիքը հետեւյալն է. առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության թե՛ մասնակցության, թե՛ ստորագրության չի կարող լուծվել Լեռնային Ղարաբաղի հարցը»: Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ, երբ կրկնվի 1998 թվականը, եւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը Հայաստանում հանգեցնի նախագահի հրաժարականին, պարոն Շարմազանովն ասել է, թե այդպիսի բան հնարավոր չի. «Առաջին՝ ի տարբերություն շատ մարդկանց՝ Սերժ Սարգսյանն այն քաղաքական գործիչն է, որի համար պատասխանատվությունը քաղաքական կատեգորիա է: Եվ նա ավարտին կհասցնի իր թիմի հետ սկսած գործը, այն խոստումները, որոնք տվել է իր ժողովրդին: Եվ երկրորդը՝ դրա համար պետք է լինեն պատճառներ, իսկ պատճառներ չկան: Ընդհակառակը՝ նախագահ Սարգսյանի վարկանիշը գնալով աճում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել