Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԴ-Ն ԵՎ «ԲՋՆԻՆ»

Հուլիս 15,2009 00:00

Փաստաբաններից շատերը մեծ հույսեր են կապում Սահմանադրական դատարանի հետ ու կարծում, թե ՍԴ-ն կարող է ՀՀ արդարադատության համակարգը դնել ճիշտ հիմքերի վրա: Դրա վառ ապացույցն է ՍԴ-ի «ապտակը» դատական համակարգին՝ հավատարմագրված փաստաբանների ինստիտուտը վերացնելու, քրեական դատարանների, վարչական դատարանի վճիռների ուժի մեջ մտնելու հարցերի կապակցությամբ, նաեւ այն, որ վերջինս օրենքների սահմանադրականության հարցը որոշելու ժամանակ վեր է կանգնած գերատեսչական շահերից: ՍԴ-ի վրա չկարողացան ազդել նաեւ օլիգարխները եւ պատգամավորները, երբ քննարկման առարկա էր դարձել Քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածի սահմանադրականության հարցը (պետության կարիքների համար գույքը վերցնելը):

Սակայն վերջերս տեղի ունեցող իրադարձությունները կարծես թե վկայում են, որ ՍԴ-ի վրա մեծ ճնշում է գործադրվում, ու կարծես թե ՍԴ-ն ցանկանում է զիջել իր դիրքերը: ՍԴ-ում է գտնվում «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության դիմումը՝ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքի 7 եւ 19 հոդվածների, ինչպես նաեւ «Հարկերի մասին» օրենքի 22 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին: Մեր տեղեկություններով, «Բջնի» ընկերության դիմումի հիմքերից մեկի մասով նույնիսկ դատական դեպարտամենտն է տվել դրական եզրակացություն: ՍԴ-ն արդեն 3-րդ նիստն է հրավիրել, ընդ որում՝ հետաձգումներն առանց բավարար պատճառների են: Առաջին նիստը հունիսին էր նշանակվել, որն առանց նիստի հետաձգվել էր ու նշանակվել հուլիսի 3-ին, իսկ այդ օրվա նիստն էլ հետաձգվել է հուլիսի 18-ին: Ո՞րն է իրական պատճառը: Գաղտնիք չէ, որ «Բջնիի» գործը քաղաքական է, իսկ քաղաքական գործերը վերահսկվում են նախագահական նստավայրից: Ավելին, ըստ մեր աղբյուրների՝ նախագահի օգնական (արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Գեւորգ Կոստանյանն է համակարգողը:

Արդյոք ՍԴ-ն քաղաքական պատվերը վեր կհամարի՞ ՍԴ-ի կամ ավելի ճիշտ՝ երկրի հեղինակությունից, արդյոք ՍԴ-ն կընդունի՞ քաղաքական եւ ոչ թե իրավական որոշում: Այս հարցերի պատասխանները կիմանանք շատ շուտով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել