Երեկ Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը առանձին հայտարարությամբ անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին եւ շրջանառվող տեղեկություններին, թե՝ հուլիսի 17-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը տալու է իր վերջնական համաձայնությունը՝ բանավոր կամ գրավոր տեսքով, ղարաբաղյան հարցի սկզբունքային լուծումների վերաբերյալ: «Այդ սկզբունքները, դատելով տեղեկատվական արտահոսքերից, չափազանց անբարենպաստ են հայկական կողմի համար եւ անխուսափելիորեն բերելու են ազատագրված տարածքների եւ Արցախի փաստացի կորստի: Ավաղ, բացասական հետեւանքները դրանով իսկ չեն ավարտվում»,- ասված է ՍԴՀԿ հայտարարության մեջ: Համարելով, որ նախատեսվող համաձայնագրի ստորագրման եւ «քիչ անց էլ Անկարայում նախապայմաններով լի չարաբաստիկ հայ-թուրքական հաշտեցման ճանապարհային քարտեզը» վավերացնելու պարագայում «անմխիթար ճակատագիր է սպասվում» Հայաստանին ու Արցախին, ՍԴՀԿ-ն կոչ է արել հայ ժողովրդին՝ ներառյալ արցախահայությունն ու Սփյուռքը, պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը: ՍԴՀԿ-ն միաժամանակ զգուշացրել է, որ «ներկա հանցավոր ռեժիմը՝ տեսնելով, որ իշխանությունը նույն ձեւով պահել հնարավոր չէ, կփորձի շուտափույթ ստեղծել նոր կեղծ ընդդիմություն, որը «հայրենասիրական» դրոշի ներքո կաշխատի փոխարինել ձախողված պետական ջոջերին՝ դրանով իսկ ապահովելով վերջիններիս վերարտադրությունը իշխանական ղեկի մոտ»: