Հայ ազգային կոնգրեսում, բացի վաղուց արդեն ձեւավորված պետաիրավական հանձնաժողովից, այլեւս գործելու է նաեւ իրավական պաշտպանության կենտրոն, որի շրջանակներում հիմնելու է ՀՀ քաղաքացիների խախտված ու ոտնահարված իրավունքների եւ ազատությունների արձանագրման, հաշվառման հատուկ շտեմարան-քարտադարան: Հիշյալ կառույցների գործունեությունը համակարգող Գագիկ Ջհանգիրյանի մատուցմամբ, այստեղ հավաքվելու, գրանցվելու եւ դասակարգվելու է պետական կառավարման, ՏԻՄ ու նաեւ իրավապահ մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների ու ազատությունների, օրինական շահերի, խախտումների ու ոտնահարումների յուրաքանչյուր դեպք: Որքան հասկացանք, Կոնգրեսը դրանով երաշխավորում ու պատրաստակամություն է հայտնում, որ իշխանության գալու դեպքում իր կառավարությունը համարժեքորեն է արձագանքելու, օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում լուծելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության է ենթարկելու: Իսկ առանձին, հասարակական հնչեղություն ու հետաքրքրություն ներկայացնող իրավախախտումներով Կոնգրեսը մտադիր է զբաղվել հենց այսօր: