ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը վստահ է, որ ավելի լավ է հարցը լուծել իրատեսական ճանապարհով, քան ընդհանրապես չլուծել:
– Համանախագահները հրապարակեցին մադրիդյան սկզբունքների, այսպես կոչված, փոփոխված տարբերակը, որն աղմուկ է առաջացրել բոլոր կողմերում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Արցախում: Ի՞նչ է սա նշանակում, փաստորեն այս սկզբունքները ոչ մեկի սրտով չեն կամ գուցե՝ բոլորի՞ սրտով են: Ամեն անգամ, այս տարիներին, երբ Ղարաբաղի հարցի կարգավորման որեւէ սկզբունք հրապարակ էր նետվում, նույն իրավիճակն էր ստացվում, ինչ այսօր. կողմերը շտապում էին հայտարարել, թե դա իրենց շահերից չի բխում:
– Այն, ինչ դարձավ հրապարակային, այն էր, ինչը վերջին տարիներին որոշ պատառիկներով մեր մամուլում եղել է, հնչել է երկրի նախագահի եւ ԱԳ նախարարի շուրթերից: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ այն, ինչ արդեն տպագրվել է, չի տարբերվում նրանից, ինչ երկրի նախագահը կամ ԱԳ նախարարը մինչեւ հիմա արտահայտել են: Չկա որեւէ շեշտի, որեւէ ստորակետի, որեւէ բառի տարբերություն: Ինձ համար կարեւորն այն է, որ այն մարդիկ, որոնք այսօր ի պաշտոնե իրավասու են լուծել մեր ազգային խնդիրները, հասարակության հետ եղել են անկեղծ եւ ազնիվ: Ինչու եմ սա շեշտում, որովհետեւ մամուլում ոմանք առիթը բաց չէին թողնում ասել՝ ծախեցին, ծախում են եւ այս կարգի այլ բաներ: Հիմա, սա գալիս է ապացուցելու, որ եւ նախագահը, եւ նախարարը մեր ժողովրդի հետ միշտ եղել են անկեղծ: Հիմա գանք ադրբեջանական դիրքորոշումներին: Մինչեւ վերջերս նրանք ասում էին՝ անհնար է, որ Ղարաբաղը երբեւիցե լինի անկախ, ազատ, բայց այն, ինչ հրապարակվեց, հակասում է նրանց ասածներին: Նշանակում է, որ Ալիեւը երկու տարի շարունակ իր ժողովրդին խաբել է: Իրականում բանակցությունների սեղանին խոսակցությունը գնացել է մեկ այլ թեմայի շուրջ, ինքը Ադրբեջանի ժողովրդին մեկ այլ բան է ասել եւ պատերազմական կոչեր է արել: Հասկանալի է, թե ինչու էր նա այդպես անում, որովհետեւ այն, ինչ դրված է բանակցային սեղանին, իրենց բացարձակապես ձեռնտու չէ, եւ, ըստ էության, այդ պատերազմական կոչը ոչ թե ճնշում է՝ ուղղված Հայաստանին, այլ ճնշում է համանախագահողների վրա: Շատ ճիշտ էր, որ սա հրապարակեց ԵԱՀԿ-ն եւ ոչ թե Ադրբեջանը կամ Հայաստանը: Ես Հայաստանի կողմից փորձում եմ հասկանալ այն մարդկանց, որոնք չեն ընդունում այս փաստաթուղթը եւ ասում են, որ Ղարաբաղն էլ է մերը, բոլոր հարակից շրջաններն էլ են մերը, դեռ մի բան էլ ավելի: Ես էլ եմ ուզում միանալ նրանց, բայց ուզում եմ նաեւ իրատես լինել: 1988 թվականից բոլորս ենք հիշում, թե Ղարաբաղի ժողովուրդը ինչ խնդիր է դրել իր առջեւ եւ միջազգային հանրությանը ինչ խնդիրներով էր դիմում: Հիմա, եթե մենք կարողանում ենք այդ խնդիրները լուծել, ուրեմն պետք է գնալ այդ ճանապարհով: Խնդիրը հետեւյալն է՝ ի՞նչն է ճիշտ՝ լուծել այն, ինչ իրակա՞ն է, թե՞ չլուծել այն, ինչ դու ես ցանկանում: Պետք է տեսնել իրատեսական լուծման եւ ոչ իրատեսական տարբերությունները եւ որոշում կայացնել: Կա նաեւ այլ ճանապարհ. այն, ինչ եղել է նախորդ 10 տարիների ընթացքում՝ հարցը ձգձգել եւս տասը տարի: Բայց եկեք մեզ հարց տանք՝ գուցե ճիշտն այն է, որ վերջապես այս հարցը փորձենք լուծել եւ լուծել իրատեսակա՞ն ճանապարհով:
– Նմանություն չե՞ք տեսնում 1997-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այսօր՝ Սերժ Սարգսյանի գործողությունների միջեւ: Ըստ որոշ վերլուծաբանների, այսօր Սերժ Սարգսյանը փորձում է անել այն, ինչ 1997-ին մտադիր էր իրականացնել Լեւոն Տեր-Պետրոսյանը;
– Ես միայն մեկ հարցում եմ նմանություն տեսնում՝ ցանկություն՝ Ղարաբաղի հարցը լուծելու: Այլ նմանություն չկա: Եթե խոսքը Ղարաբաղի կարգավիճակի մասին է, իսկ այժմ խոսքը կարգավիճակի մասին է, ապա սա չկար այն ժամանակ: Ղարաբաղի կարգավիճակը մեզ համար սկզբունքային է, նաեւ ամենակարեւորը՝ այն պետք է լուծվի միջազգային ընդունված նորմերին համապատասխան, պարտադիր հետեւանքներով:
– Դաշնակցության պահվածքն այս հարցում կարծես բավականին հեղափոխական է եւ կտրուկ, ընդ որում՝ դաշնակցական շատ գործիչներ չեն բացառում, որ պահանջելու են ԱԳ նախարարի հրաժարականը: Ինչո՞վ եք բացատրում այս կոշտ դիրքորոշումը, սա չի՞ նշանակում, որ այն, ինչ մեզ առաջարկվել է, այնքան էլ հայանպաստ չէ:
– Անկեղծ ասած՝ ինձ համար անհասկանալի է պահանջել ԱԳ նախարարի հրաժարական, որովհետեւ արտաքին քաղաքականության պատասխանատուն երկրի նախագահն է, իսկ ԱԳ նախարարը կատարում է երկրի նախագահի հրահանգները եւ նրա քաղաքականությունն իրականացնողն է: Հիմա իրենք դեմ են ԱԳ նախարարի՞ն, թե՞ քաղաքականությանը, ես կուզենայի, որ դա իրենք հստակեցնեն եւ ասեին, թե դա իրենց ո՞ր հաշվարկների արդյունքն է:
– Կարծեմ հստակեցրել են՝ իրենք դեմ են Ղարաբաղի հարցում վարվող քաղաքականությանը:
– Ես հասկանում եմ՝ մեր հանրապետությունում, եւ ոչ միայն այստեղ, նպատակը մեկն է՝ ով ավելի բարձր գոռա, ով ավելի շատ հող պահանջի, ով տարածքների մասին շատ խոսի, նա ավելի հայրենասեր է: Ես դա հասկանում եմ եւ հասկանում եմ նաեւ Դաշնակցությանը, որը ուզում է հայրենասեր երեւալ: Դա շատ նորմալ է, բայց Ղարաբաղի հարցի լուծումը պահանջում է իրատեսական ճանապարհ, եւ այդ ճանապարհով էլ գնում է երկրի նախագահը:
– Վարչապետ Տիգրան Սարգսյանը հորդորեց հանգստանալ Ղարաբաղում, ձեր կուսակցությունից քանի՞ մարդ է պատրաստվում այդպես վարվել:
– Ես չեմ կարող ասել՝ մեր կուսակցությունից քանիսը կմեկնեն Ղարաբաղ հանգստանալու, բայց չի եղել ամառ, որ ես չգնամ Ղարաբաղ, միշտ էլ գնացել եմ, էլի եմ գնալու եւ վարչապետի այդ միտքը ինքս եմ ասել բազմիցս: Ստեփանակերտում, այո, հրաշալի հյուրանոցներ կան, բայց Ստեփանակերտում չէ, որ պետք է հանգստանալ, պետք է հանգստանալ Ղարաբաղի լեռներում, այդ հրաշք բնության գրկում: Ցավոք, այդպես հանգստանալու համար համապատասխան ենթակառուցվածքներ դեռ ստեղծված չեն:
Հ. Գ. Մարտի 1-ի հանձնաժողովի հետագա գործունեության մասին Սամվել Նիկոյանի հետ մեր զրույցը՝ վաղվա համարում: