Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԷԼ Է ԶԱՐՄԱՑԱԾ

Հուլիս 15,2009 00:00

\"\"Ինչո՞ւ իր նկատմամբ համաներում կիրառվեց

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ եւ նախկին քաղկալանավոր, իսկ այսօր Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնաժողովի եւ իրավական պաշտպանության կենտրոնի աշխատանքները համակարգող Գագիկ Ջհանգիրյանը ազատ արձակվելուց հետո երեկ առաջին անգամ հանդիպեց լրագրողների հետ: Ինչպես եւ ակնկալվում էր, նրան ուղղված հարցերը բազմաթիվ ու բազմաբնույթ էին, ուստի՝ մենք կներկայացնենք Գագիկ Ջհանգիրյանի՝ բացառապես «Առավոտի» հարցերին տրված պատասխանները:

Մինչեւ «Համաներում հայտարարելու մասին» ԱԺ կողմից ընդունված որոշումը ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանական ճամբարը ներկայացնող առանձին գործիչներ մասնավոր զրույցներում կարծիք էին հայտնում, թե իշխանությունները ինչ-ինչ պատճառներով բոլոր քաղբանտարկյալներին չէ, որ ընդդիմության կողքին հայտնվելու համար «կներեն» ու ազատ կարձակեն, թեկուզ՝ համաներմամբ: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում էր մասնավորապես Գագիկ Ջհանգիրյանին, Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին, նաեւ՝ Հակոբ Հակոբյանին: Բայց ինչպես պարզվեց՝ այդ ցանկից միայն Ս. Միքայելյանն էր, որի նկատմամբ համաներում չկիրառվեց: Ուրեմն, ինչո՞ւ իշխանությունները որոշեցին համաներումը կիրառել նաեւ նախկին դատախազի նկատմամբ: Մեր այս հարցին ի պատասխան՝ Գագիկ Ջհանգիրյանը խոստովանեց. «Անձամբ ինձ համար շատ զարմանալի էր, որ ինձ համաներմամբ բաց թողեցին: Ես նաեւ իմ ընտանիքի անդամներին էի զգուշացրել, որ առանձնապես նման հույսեր չփայփայեն, որ հետո հոգեբանական սթրեսների մեջ չընկնեն: Բայց թե ինչո՞ւ որոշեցին ինձ բաց թողնել կամ իմ նկատմամբ եւս համաներում կիրառել՝ ճիշտն ասած, դա բոլորովին իմ կամարտահայտության հետ որեւէ կերպ կապված չէր: Ես որեւէ պայմանավորվածություն չունեմ իշխանությունների հետ, որեւէ գործարքի չեմ գնացել, որեւէ թուղթ չեմ ստորագրել: Իրենց հարցրեք»: Միաժամանակ նախկին դատախազը հայտարարեց, թե՝ մեր երկրում ամեն ինչ է նախօրոք պարզ լինում. «Արդարադատության նախարարը ԱԺ-ում ասում է, որ Ս. Միքայելյանի նկատմամբ համաներումը չի տարածվելու՝ այն դեպքում, երբ Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարանի դատավորը մտել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ արձակելու համար: Ո՞վ կարող էր ասել՝ արդարացմա՞ն դատավճիռ կլիներ, թե՞ մեղադրական, եթե նույնիսկ մեղադրական դատավճիռ լիներ, ապա ո՞ր հոդվածներով եւ որքա՞ն պատիժ կսահմանվեր, որ Ս. Միքայելյանի նկատմամբ էլ համաներումը չէր կիրառվի: Իրենք (իշխանությունները) արդեն նախօրոք որոշել էին, որ չի կիրառվի, դրա համար էլ դատավորի դատավճիռը ոչ թե դատական ակտ էր, այլ՝ քաղաքական որոշում, որն էլ հրապարակեցին»: Այնուամենայնիվ, փորձեցինք պարզել՝ նախկին զինվորական դատախազը, որի վարույթում է գտնվել «Հոկտեմբերի 27»-ի նման աղմկահարույց գործը, իրեն ազատ արձակելու մեջ վտանգ չի՞ տեսնում. «Ես շատ վախեցած մարդու տպավորություն եմ թողնո՞ւմ: Ինչ կլինի, ուրեմն՝ այն էլ կլինի: Ամեն ինչի էլ պատրաստ ենք»:

Մեր հաջորդ հարցին, թե՝ իր կարծիքով, ի՞նչ կարող է լինել, եթե ԱԺ պատգամավոր եւ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանը ներկայանա նախաքննական մարմնին, պարոն Ջհանգիրյանը այսպես արձագանքեց. «Ինչ որ եղել է Նիկոլ Փաշինյանի հետ: Եթե Սուքիասյանը ներկայանա՝ նրա հետ կվարվեն այնպես, ինչպես վարվել են Փաշինյանի հետ, իսկ եթե չներկայանա՝ կշարունակեն փնտրել ու չգտնել, ոնց որ Նիկոլին չէին գտնում»: Գ. Ջհանգիրյանի մատուցմամբ, այս երկրում ոչինչ օրինականության շրջանակներում չի լինում, եւ որպես դրա փաստարկ՝ շեշտեց, որ ե՛ւ Նիկոլին, ե՛ւ Սուքիասյանին, նաեւ մյուս քաղբանտարկյալներին ներկայացված մեղադրանքներն անհեթեթ են ու իրավական դաշտում որեւէ արժեք չունեն: Օրինակ՝ մեղադրանքը, իբր, հաստատող ապացույցների թվում այն էր, թե՝ դատապարտված ընդդիմադիրները կազմակերպել են, որ մարդիկ գան հանրահավաքների: «Ենթադրենք, թե դա այդպես է, ու ես նույնիսկ ճանապարհածախս կամ օրապահիկ եմ տվել մարդկանց, որ գնան հանրահավաքի: Դա որեւէ երկրում կամ մեր Քրեական օրենսգրքի որեւէ հոդվածով արգելվա՞ծ արարք է: Ո՛չ: Ավելին, դա քաղաքացու քաղաքական, քաղաքացիական իրավունքների իրացում է, այստեղ անօրինական ի՞նչ կա»,- նետեց Ջհանգիրյանը:

Նկատի ունենալով այն, որ այս տարվա գարնանը ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում «Մարտի 1»-ի մայր գործից 10 զոհերի սպանության հանգամանքները քննելու համար մաս անջատվեց ու նոր գործ հարուցվեց ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն, փորձեցինք պարզել՝ նախաքննական մարմնի համար իսկապե՞ս դժվար է 17 ամիսների ընթացքում բացահայտել, թե հիշյալ դեպքերի ժամանակ անգամ անունով հայտնի մի քանի ոստիկաններից հատկապես ով ում վրա է կրակել: «Բացարձակապես դժվար չէր: Փաստահավաքի վերջին զեկույցները, նաեւ մամուլում եղած հրապարակումները գրեթե պատրաստի մեղադրական եզրակացություններ են: Ուղղակի մեր դատախազությանը, ՀՔԾ-ին համարձակություն է պետք այդ որոշումը կայացնելու, բայց նրանք դա անել չեն կարող, որովհետեւ այդ մարդկանց թիկունքում հայտնվելու են, անխուսափելիորեն բացահայտվելու են կրակելու հրաման տվողները՝ մինչեւ ամենաբարձրագույն պաշտոնյան»,- վստահեցրեց նախկին դատախազը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել